Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անհատույց փոխանցումներ եւ անտոկոս վարկեր քաղաքացիներից՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը

Մարտ 11,2017 14:30

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ամեն օր քաղաքացիներին ուղարկվում են վարչական տույժ նշանակելու վերաբերյալ մեծաքանակ որոշումներ, որոնցից մի մասը եւ ըստ էության՝ ոչ փոքրածավալ, նշում են պարունակում գոյություն չունեցող խախտումների վերաբերյալ. ամենատարածված օրինակներից է 1 րոպեն չգերազանցող ժամանակահատվածով կանգառ կատարելու համար նշանակվող վարչական տույժը: Չնայած տրամադրվող տեսանյութերից ակնհայտ է, որ կանգառը կատարվել է մեկ րոպեն չգերազանցող ժամանակահատվածով՝ միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով, եւ որի համար տուգանք չպետք է կիրառվի, այնուհանդերձ, ուղարկվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշում:

Այդպիսի որոշում ստացած քաղաքացիների մի մասը այն վիճարկում է վերադասության կարգով՝ բողոք ուղարկելով Ճանապարհային ոստիկանության պետին, հուսալով, որ այնտեղ կտեսնեն խախտման բացակայություն եւ որոշումը կբեկանվի: Սակայն ոչ միշտ են վերադասության կարգով վերացվում ակնհայտորեն խախտում չպարունակող որոշումները: Երբեմն պատասխան որոշմամբ նշվում են ընդհանրապես իրականության հետ որեւէ աղերս չունեցող տվյալներ, առ այն, որ խախտման տեսանյութի տեւողությունը կազմում է, օրինակ, 61 վայրկյան (60 վայրկյանը գերազանցող այլ ժամանակահատված), իսկ այլ դեպքերում առանց կանգառի ժամկետը նշելու կրկին հղում է կատարվում գոյություն չունեցող մեկ րոպե ժամանակահատվածը գերազանցելուն…

Այնուհետեւ, վերադասության կարգով բողոքարկելուց հաջողության չհասնելուց հետո, տուգանելու վերաբերյալ որոշումը ստացած քաղաքացիների մի մասը բողոքարկում է այդ որոշումը վարչական դատարան (ընդ որում՝ դատական կարգով վիճարկելը չի կասեցնում տուգանքը վճարելու պարտականությունը), որոնք մեծամասնությամբ բավարարվում են վարչական դատարանի կողմից եւ տուգանքի այդ որոշումներն անվավեր են ճանաչվում, իսկ մյուս մասը, հավանաբար՝ գերակշռող, վճարում է գոյություն չունեցող խախտումների համար:

Իսկ որն է իրականում այս գործելաոճի պատճառը, որ կայացվում է. ա/ ակնհայտ անհիմն տուգանքի որոշում եւ բ/ վերադասության կարգով չի բեկանվում այդ ակնհայտ անհիմն որոշումը:

1. Ինչպես նշվեց, այդ անօրինական ակտերը տարբեր պատճառներով վիճարկվում են ոչ բոլոր քաղաքացիների կողմից, ոմանք տեղյակ չեն բողոքարկման կարգի եւ պայմանների վերաբերյալ, իսկ ոմանք էլ խուսափում են ավելորդ քաշքշուկներից. ստացվում է, որ անհիմն որոշումների համար քաղաքացիները «բարեգործական անհատույց փոխանցումներ» են կատարում ՃՈ-ին:

2. Այն դեպքում, երբ տուգանքի որոշումը վիճարկվում է դատարանում եւ այն բավարարվում է, ապա դատական գործընթացը տեւում է առնվազն մեկ տարի, այսինքն` մեկ տարի հետո քաղաքացին դարձյալ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելուց հետո հետ է ստանում միայն իր կողմից մեկ կամ մի քանի տարի առաջ վճարված տուգանքի գումարը: Ի՞նչ է ստացվում. քաղաքացիները կամավոր անտոկոս փոխառությո՞ւն են տրամադրում Ճանապարհային ոստիկանությանը:

Նշվածի արդյունքում ունենք քաղաքացիների սեփականության իրավունքի խախտում, որը փաստացի միայն ձեւականորեն է երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ (սեփականությունն այն դրամական միջոցներն են, որոնք վճարվում են հանիրավի տուգանքի որոշումների դիմաց եւ չեն վիճարկվել կամ վիճարկվել են, բայց չեն բավարարվել), որոշումներով միայն մեկ կամ մի քանի տարի հետո իրենց գումարները վերադարձրած քաղաքացիներ, որոնք իրենց սեփական միջոցները կարող էին ծախսել առավել նպատակային եւ զրկված են եղել այդ գումարներն ավելացնելու հնարավորությունից, փաստացի անտոկոս այն տրամադրել են Ճանապարհային ոստիկանությանը:

Ունենք նաեւ անհիմն տուգանված քաղաքացիներ, որոնք այդ տուգանքի որոշումները վիճարկելու համար ընկնում են բյուրոկրատական քաշքշուկների մեջ եւ հսկայական ժամանակ են կորցնում այդ ընթացքում, գերծանրաբեռնված վարչական դատարան, որտեղ այս գործելաոճի պատճառով կուտակվել են մեծ քանակությամբ հայցադիմումներ, եւ դատական գործերի քննությունը ձգվում է ոչ թե ամիսներով, այլ տարիներով, ընդ որում՝ այն ազդեցություն ունի բոլոր դատական օղակների վրա, եւ՝ անօրինական տուգանքի որոշում կայացնողների պատասխանատվության բացակայություն, նույն անձինք, որոնք կայացրել են այդ անօրինական որոշումները, շարունակում են դրանք կայացնել, անկախ այն հանգամանքից՝ դրանք բեկանվո՞ւմ են, թե՝ ոչ:

 

ՇԱՎԱՐՇ ՓԵԹԱԿՉՅԱՆ

փաստաբան

«Այլեքս» փաստաբանական գրասենյակ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031