Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղորդումն ու ընտրակաշառքը մեծ դեր են խաղացել ընտրությունների արդյունքների վրա». Արտակ Կիրակոսյան

Ապրիլ 04,2017 13:23

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը դրական գործոն է համարում ընտրությունների՝ 60 տոկոս մասնակցությունը:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Արտակ Կիրակոսյանը նշեց, թե առաջին անգամ ունենք մի հայելի, որը ցույց է տալիս ընտրողների իրական քվեները. «Մինչև այս խնդիր են եղել լցոնումները, որ հաշվարկը սխալ է կատարվել, գումարած այն, որ երկրից բացակայողների, մահացածների քվեարկություն է եղել, ինչը նույնպես հանգեցնում էր այն պատկերին, որ ոչ ոք վստահ չէր, թե այն, ինչ ունենք, արդյոք իրականում արտացոլո՞ւմ է քվեների քանակը: Բայց այս անգամ ոնց որ թե այն, ինչ մարդիկ գցել են արկղի մեջ, դա էլ հաշվարկվել է: Ցուցակները լիարժեքորեն ճշտված էին, տեսանկարահանող սարքեր էին օգտագործվում: Մի խոսքով, 99 տոկոսով այն, ինչ արկղ են գցել մարդիկ, դա էլ հաշվարկվել է: Գոնե այդ մասով իրական պատկեր ունենք»:

Արտակ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ 100 հոգով են դիտորդական առաքելություն իրականացրել, այս անգամ գործել են 11 հոգանոց խմբով՝ Դավթաշեն ու Արաբկիր համայնքներում: Որպես այս ընտրությունների դրական գործոն՝ պարոն Կիրակոսյանն արձանագրեց, թե դիտորդական առաքելություններն ու վստահված անձինք բավականին լավ են աշխատել:

Անդրադառնալով բացասական գործոններին՝ Արտակ Կիրակոսյանը փաստեց, թե բռնություններ ու ճնշումներ եղել են, թեև բռնությունների ցցուն դեպքեր չեն արձանագրվել:

Պարոն Կիրակոսյանի կարծիքով՝ ուղղորդումն ու ընտրակաշառքը մեծ դեր են խաղացել ընտրությունների արդյունքների վրա. «Տեղամասերի ներսում ճնշում, մարդկանց ուղղորդում կար, ու դա անում էին կեղծ, ֆեյք դիտորդական առաքելությունները, որոնք իրականում կուսակցականներ էին, կուսակցության ներկայացուցիչներ կամ կուսակցության ցուցակում ընդգրկված մարդկանց ներկայացուցիչներ: Ճնշումը հասնում էր մինչև քվեատուփ, մեկ-մեկ անցնում էր նաև քվեատուփի հետևի կողմը: Եվ դա ստեղծում էր վատառողջ, լարված մթնոլորտ»:

Դառնալով ընտրակաշառքին՝ պարոն Կիրակոսյանն ասաց, թե այս երևույթների մասին բոլորն էլ գիտեն. «Մենք գիտենք, որ այդ բուրգը կա, որը տանում է կոնկրետ մարդկանց: Իրավապահներն են ձև անում, թե չգիտեն»: Այս երևույթը պարոն Կիրակոսյանն արատավոր համարեց ու նշեց, թե այն զանգվածը, որը սոցիալապես ծանր վիճակում է, հնարավորությունները շատ նեղ, նրա կախվածությունն էլ տարբեր մարդկանցից ավելի մեծ է: Այդ զանգվածը քվեարկում է այդ մարդկանց օգտին՝ հաշվի առնելով նրանցից՝ իր կախվածությունը:

Արտակ Կիրակոսյանը նկատեց, թե ժողովուրդը կոնկրետ քայլերի է սպասում, օրինակ, Արարատյան դաշտավայրում խաղողի պայմանագրերն են կնքվում, Գագիկ Ծառուկյանն ավելի մեծ գին է առաջարկել, քան նախորդ տարի:

Այս համատեքստում նա օրինակ բերեց «Ելքի» քարոզարշավը ու նշեց, թե նրանց հիմնական հաջողությունը նրանում էր, որ պատգամավորի թեկնածուները բակ առ բակ գնում էին, խոսում ժողովրդի հետ, իհարկե, այդ խոսակցությունները դեռ միակողմանի էին, քանի որ միայն թեկնածուներն էին խոսում, բայց եթե դա դառնա երկխոսություն, դա հիմք կլինի, որ խմբակցությունն էլ մեծանա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930