Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԱՆ»՝ Արցախի ժողովրդական արտիստի հոբելյանին

Հուլիս 10,2017 13:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 4-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ առաջին անգամ մեկնարկեց ԱՐՄԵՆԻԱ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը: Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ), աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության, գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը:

Երկու փուլով անցկացվող մրցույթին մասնակցում է ավելի քան 10 երկրից՝ ՌԴ, Ավստրիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Սիրիա, Հարավային Կորեա, Իրան, Ղրղըզստան եւ այլն, ժամանած 48 երաժիշտ: Երկրորդ փուլի լսումները կսկսվեն հուլիսի 10-ից: Մրցույթին զուգահեռ կայացել եւ շարունակվում են փառատոնային համերգները: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) եւ Սերգեյ Սմբատյանի՝ ՀՊԵՆ-ի հետ արդեն ելույթներ են ունեցել ճանաչված արվեստագետներ, ջութակահարներ Ռոման Կիմը, Ֆյոդոր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, նախատեսված են նաեւ Խաչատրյանի անվան տրիոյի, Աբգար Մուրադյանի անվան դուետի, գերմանաբնակ դաշնակահար Լիլիթ Գրիգորյանի ելույթները: Փառատոնի եզրափակիչ օրը՝ հուլիսի 12-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա պարգեւատրման արարողությունն ու գալա համերգը, իսկ «Խաչատրյան» համերգասրահում՝ փառատոնի վերջին ակորդը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած ՀՊԵՆ-ի ընկերակցությամբ հանդես կգա ջութակահար Մաքսիմ Վենգերովը:

Հոբելյար դիրիժոր Գեւորգ Մուրադյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 9-ին ՀԱՖՆ-ի հետ հանդես կգա ավստրիաբնակ դաշնակահար Նարե Արղամանյանը: Այլ ստեղծագործությունների թվում կհնչի նաեւ Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործությունը: Կոմպոզիտորն այսօր ճանաչված անուն է եւ ցանկալի հյուր հեղինակավոր մրցույթների ու փառատոների կողմից: Շորը 2017-18թթ. համերգաշրջանում հանդես է գալիս որպես Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի, ինչպես նաեւ շուրջ 10 այլ նման միջոցառումների ռեզիդենտ-կոմպոզիտոր: Կայանալիք համերգը կղեկավարի Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանը, որի համար հոբելյանական է տարին. լրացավ երաժշտի ծննդյան 70-ամյակը, ինչին եւ նվիրված է համերգը: Ի դեպ, մարտի 1-ին՝ դիրիժորի ծննդյան օրը, Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել նրա հոբելյանին նվիրված երեկո:
Գեւորգ Մուրադյանը 1974-90թթ. Հայաստանի հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, որի հետ իրականացրել է մի շարք կոմպոզիտորների, այդ թվում՝ հայ, ստեղծագործությունների ֆոնդային ձայնագրություններ, դասավանդել է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության բաժնում, կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի դոցենտ է: Արվեստագետը Ղ. Սարյանի անվան օպերայի ստուդիայի առաջին դիրիժորներից էր: 1991-ին նշանակվել է Լորիս Ճգնավորյանի ղեկավարած Հայաստանի ֆիլհարմոնիկ, Երեւանի սիմֆոնիկ եւ ֆիլհարմոնիկ երգչախմբի դիրիժոր:

Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը դիրիժորը ստանձնեց 2004թ.: Գեւորգ Մուրադյանի ղեկավարությամբ նվագախումբը հանդես է եկել Ռուսաստանի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի քաղաքներում:

«Առավոտը» կեսկատակ-կեսլուրջ դիրիժորից հետաքրքրվեց՝ ոչ մի աթոռ կաթողիկոսական չէ, հետեւաբար չի՞ պատրաստվում այն զիջել երիտասարդ մի երաժշտի, ասենք՝ իր ուսանողներից որեւէ մեկին: «Երեւանի կոնսերվատորիայում ես դասավանդել եմ, բայց ոչ դիրիժորություն: Ինչ վերաբերում է «աթոռին», ապա դա պետք է ծառայի աշխատանքին, եթե, իհարկե, ամեն ինչ նորմալ կամ բնականոն է ընթանում»,- հայտնեց Գեւորգ Մուրադյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Գլխավոր լուսանկարում` Արցախի պետական կամերային նվագախումբը:

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31