Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ի վերջո կարա՞ք ասեք ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա». Փաշինյանը՝ Տիգրան Մուկուչյանին (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 13:12

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ԱԺ-ում հարց ուղղեց ընտրակաշառքների բաժանման, վարչական ռեսուրսների կիրառման, դպրոցների դեպքի եւ ՍԱՍ-ի նախընտրական ժողովի ձայնագրության մասին, «զիբիլիքսի» դեպքի մասին: Նա ասաց, որ սա մի ամբողջ փաթեթ է, որը որակազրկում է ՀՀԿ-ին. «Էլ ի՞նչ հիմքեր են անհրաժեշտ, որ ՀՀԿ-ի նկատմամբ պատժամիջոց կիրառվի եւ վերականգնվի վստահության մթնոլորտը»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ համակարծիք չէ, վստահության համար շատ բան է արվում, առաջին անգամ ԿԸՀ-ն ցանկացած որոշում իրականացրել է կուսակցությունների ներկայացուցիչների, ՀԿ-ների ներկայությամբ, սա աշխատանքի նոր ոճ է, մոտ երկու տասնյակ որոշումներ են քննարկել՝ ապահովելով հրապարակայնությունը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Տիգրան Մուկուչյանին հորդորեց վարչական ռեսուրսի չարաշահման կոնկրետ օրինակ բերել: Մուկուչյանը պատասխանեց, որ տեսական օրինակ կդժվարանա բերել, որովհետեւ հանձնաժողովը դատողություն է անում կոնկրետ գործով: Լենա Նազարյանն էլ արձագանքեց. «Դուք չեք կարող բերել որեւէ օրինակ, որովհետեւ ցանկացած օրինակ բերելու դեպքում ես կասեմ, որ ՀՀԿ-ն դա արել է»:

Լենա Նազարյանը դպրոցների տնօրենների ձայնագրությունից մի մեջբերում արեց, Գյումրիի տնօրեններից մեկի խոսքերը հիշեցրեց, որ ամենավերջին ձեւով վախեցնում ենք, ես ու ամուսինս այդ գործի մեջ ենք, ունենք 1700 հոգու ցուցակ. «Դուք արդարացրել եք այս մարդու գործողությունները, ասելով, որ 1700 հոգու ցուցակը վերաբերում է իր ընտրատեղամասի ընտրողներին: Ինձ մոտ տպավորություն է, որ դուք կարող եք արդարացնել ամեն ինչ»:

Մուկուչյանը պատասխանեց, որ տպավորությունը սխալ է, Գյումրիի դեպքով գործն ուղարկել էին դատախազություն՝ ուսումնասիրություն իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց՝ ի՞նչ եք կարծում, բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում գոյություն ունի՞, թե՞ դա միայն մութ ուժերի չար երեւակայության եւ դավադրությունների արդյունք է, դպրոցի տնօրենը կարո՞ղ է իր աշակերտի ծնողին գրել ցուցակի մեջ եւ ֆոն ստեղծել, դա անել աշխատանքի ժամին, կամ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարական կազմը կարո՞ղ է ցուցակ կազմել եւ ֆաքս անել դա ՀՀԿ-ի նախընտրական շտաբ. «Ձեր նկարագրած վարչական ռեսուրսի չարաշահումը կատվի է նման, որ ոնց շպրտում ես, էլի ոտների վրա կանգնում է: Ձեր խոսքերից հիշեցի սովետական միության մի հայտնի ասացվածք, որ սովետական միությունում սեքս չկա: Հիմա ձեր ասածից ստացվում է, որ ՀՀ-ում ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում չկա»:

Մուկուչյանը պատասխանեց, որ բնության մեջ գոյություն ունի վարչական ռեսուրսի չարաշահումը, օրենքով սահմանված է:

Փաշինյանը հարցրեց՝ «Դուք ի վերջո կարա՞ք ասեք ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա: Նկատի ունեմ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը: Եթե հայտարարում եք, որ չկա, մենք դա կընդունենք ի գիտություն»:

ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ընտրությունների արդյունքների ամփոփման մեջ բոլոր այդ հարցերի պատասխանը տվել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31