Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը շարունակում է անմատչելի մնալ

Հուլիս 10,2017 14:30

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն իր աշխատանքային հենց առաջին օրվանից քաղաքապետարանի շենքում անհարմարությունների է հանդիպել: Թեեւ Երեւանի քաղաքապետարանի շենք մուտք գործելը հարմար է հաշմանդամություն ունեցող անձի համար, սակայն շենքի ներսում տեղաշարժվելու խնդիրներ կան:

«Առավոտի» հետ զրույցում Զարուհի Բաթոյանը, որպես ավագանու անդամ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու խնդիրների լուծման իր ծրագրերին, նկատում է. «Նախ՝ ես ինքս էլ տեղում որպես ավագանի աշխատելու համար խնդիրներ ունեմ, որոնք մինչ օրս դեռ չեն լուծվել, ես խնդիր ունեմ մասնակցելու ավագանու նիստերին, կան արհեստական խոչընդոտներ, շենքային պայմանները բավարար չեն, որպեսզի իմ աշխատանքային իրավունքն ամբողջությամբ իրացվի»:

Բաթոյանը հիշում է՝ ավագանու հենց առաջին նիստի օրը պարզեց, որ դահլիճ ինքնուրույն չի կարող հասնել, վերելակը մինչեւ 4-րդ հարկ է բարձրանում, 5-րդ չի բարձրանում, իսկ 4-րդ հարկից 5-րդ հարկ հասնելու համար դժվարամատչելի աստիճաններ են, որոնք ինքը միայնակ կամ իր մոտորասայլակով չի կարող հաղթահարել: Հետո քաղաքապետարանը Բաթոյանին մի սարք էր տրամադրել, որի միջոցով սայլակներն աստիճաններով բարձրացնում են: Սակայն, ինչպես Բաթոյանն է ասում, այդ սարքն իր մոտորասայլակի համար պիտանի չէր. «Այսինքն՝ առանց իմ կարծիքը հարցնելու, առանց ինձ հետ քննարկելու էին այդ սարքը ձեռք բերել ինձ համար: Նրանց ինքնուրույն որոշումն անարդյունավետ էր, որը ես սարքի փորձարկմամբ ապացուցեցի»:

Բաթոյանը խնդիրը լուծելու համար քաղաքապետին նամակ էր գրել, որից 1 շաբաթ անց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը հանդիպել է Բաթոյանի հետ՝ խնդիրը հասկանալու համար: Հետո Բաթոյանը շատ պատահական բացահայտել է, որ վերելակը բարձրանում է 5-րդ հարկ. «Զարմանալի է, որ քաղաքապետարանի շենքում երկար տարիներ աշխատողներն այդ մասին չգիտեին, եւ դա ես բացահայտեցի: Այսինքն՝ շենքի մի թեւից մյուս թեւն անցնելու խնդիր կա, եւ վարչության պետի հետ քննարկեցինք, ուղղակի հարկավոր է կամուրջ կամ ինչ-որ կոնստրուկցիաներ կառուցել, որպեսզի կարողանամ օգտվել վերելակից ու այդ կոնստրուկցիաների կամ կամրջի միջոցով հասնեմ նիստերի դահլիճ: Հույս ունեմ կգտնվեն մասնագետներ, որոնք այդ խնդիրը կլուծեն: Խոստացել են, որ սեպտեմբերին մեկնարկող ավագանու նիստին պատրաստ կլինի, եւ առանց խոչընդոտի կհասնեմ դահլիճ»:

Բաթոյանը ավագանու անդամ ընտրվելու հայտ էր ներկայացրել խոստումով՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ինչ-որ կերպ լուծել: Բաթոյանը դեռ տարիներ առաջ է լծվել այդ խնդիրները լուծելուն, քաղաքը հարմարավետ ու մատչելի դարձնել բոլորի համար, իսկ հիմա արդեն լծակ էլ ունի՝ ավագանու մանդատը:
Զարուհի Բաթոյանն, ինչպես ինքն է ասում, ծրագրել է մոնիթորինգ իրականացնել նոր կառուցված կամ կառուցվող հանրային կարեւոր նշանակություն ունեցող շինությունները: Օրինակ՝ վերջերս մեծ շուքով կարմիր ժապավենը կտրեցին Քանաքեռ-Զեյթուն ծննդատան, այն վերջերս է հիմնանորոգվել: Բաթոյանը պատրաստվում է այս ծննդատան մատչելիությունը ստուգել՝ հարմա՞ր է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ավագանու անդամը նախատեսել է նաեւ մի քանի մարզաառողջարանային համալիրների մասին տեղեկություններ ստանալ եւ կրկին փորձարկել դրանց մատչելիությունը:
«Օրենքը պահանջում է, որ շահագործման հանձնվող բոլոր տեսակի շինությունները հարմարեցված լինեն: Շատ է խոսվում, թե նոր կառուցվող շինությունները մատչելի են, եւ առանց չափանիշները պահպանելու շինթույլտվություն չեն տալիս: Մի քանի անգամ համոզվել եմ՝ այդպես չէ: Հիմա փորձելու եմ մոնիթորինգ անել, խնդիրներ հայտնաբերելուց հետո դրանց լուծման համար առաջարկներ կներկայացնեմ»,- ասում է Բաթոյանը:
«Ելք» խմբակցության ավագանու անդամը ծրագրել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային խնդրի լուծման ուղիներ գտնել: Բաթոյանը պատմում է, որ Երեւանում հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված 25 ավտոբուսներ կան, սրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվության է սպասում, հետո կրկին մոնիթորինգ է անելու ու առաջարկություն մշակելու այն մասին, թե ինչպես անել, որ քիչ թվով այդ ավտոբուսների շահագործումը արդյունավետ լինի. «Որովհետեւ այս պահին հաշմանդամություն ունեցողները չգիտեն՝ ո՞ր կանգառում է այդ ավտոբուսը, ո՞ր ժամին որտեղ է լինում, երթուղին ինչպես է: Վերջերս էլի մոնիթորինգ էինք արել, մոտ 40 րոպե նշված կանգառում սպասում էինք, նման որեւէ ավտոբուս չմոտեցավ: Պետք է չվացուցակ կազմվի, տեղեկություններ տրամադրվեն մարդկանց այդ ավտոբուսների մասին»:
Բաթոյանն ասում է՝ վերջերս մի ցավալի փորձ ունեցավ, մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում Ավետիք Իսահակյանի անվան գրակրպակն էին տեղադրել ու կրկին շուքով բացեցին: Այդ գրակրպակը նախատեսված է բոլոր մարդկանց համար, բայց երբ Բաթոյանը մոտեցել է գրակրպակին, հանդիպել է խոչընդոտի. «Այն աստիճաններ ունի, կրկին մատելի չէ: Մինչդեռ քաղաքապետարանը կամ համայնքի ղեկավարն իրավունք չունեն այդ նախագիծը հաստատելու, եթե այն հարմար չէ հաշմանդամություն ունեցող անձի համար:

Կրպակի հեղինակին ասացի անհարմարավետության մասին, խոստացավ մյուս գրակրպակների դեպքում հաշվի առնել խնդիրը եւ հարմարավետ կառուցել: Ասում էին՝ թեքահարթակ կդնենք, բայց ախր թեքահարթակի կարիք չէր լինի, եթե գետնից բարձր չկառուցեին, ընդամենը հարկավոր էր կրպակը գետնին հավասար կառուցել կամ տեղադրել»:

Թե ինչու ղեկավար մարմինները, կառուցապատողները չեն հարգում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները եւ մատչելի չեն կառուցում շենքերը, եւ ինչո՞ւ են ոլորտի պատասխանատուները նման թերի նախագծերին շինթույլտվություն տալիս, Բաթոյանն այս հարցերին ի պատասխան՝ ասում է. «Ես արդեն դժվարանում եմ գնահատական տալ, որովհետեւ չեմ պատկերացնում, որ քաղաքապետարանի պաշտոնյաներն այդ խնդրին անտեղյակ են, բոլորը գիտեն այդ մասին: Դրանց լուծման համար մեծ գումարներ պետք չեն, երեւի մտքներով չի անցնում, կամ ցանկություն չունեն, թե չէ ո՞նց կարելի է ուղղակի չմտածել այդ մասին»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31