Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես միջավայրը դարձնել մշակութային եւ զարգացնել զբոսաշրջությունը

Օգոստոս 04,2017 13:30

Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի առաջարկները զբոսաշրջության կոմիտեին եւ զբոսաշրջության հիմնադրամին

Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի փոխտնօրեն Արեւիկ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պարագայում շատ կարեւոր է մշակութային ու կրթական տուրիզմի զարգացումը: «Մենք ունենք հարուստ մշակույթ, որը պետք է պատշաճ մակարդակով ներկայացվի Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս»,- կարծում է մեր զրուցակիցը:

Արեւիկ Սարգսյան

Նրա ձեւակերպմամբ՝ զբոսաշրջիկը կարող է գալ Հայաստան, ոչ միայն շրջել Հայաստանի տեսարժան վայրերով, այլեւ ձեռք բերել հմտություններ, օրինակ՝ մասնակից դառնալ հայկական խոհարարական արվեստի հմտություններին, հայկական հուշանվերների պատրաստմանը, ինչը կնպաստի հայկական մշակույթի ճանաչմանը, նաեւ մշակույթը համաչափ կզարգանա ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

Արեւիկ Սարգսյանը անդրադարձավ  մշակույթի զարգացման ցուցիչների ազգային զեկույցին, ըստ  որի, օրինակ, հայաստանյան տարրական դպրոցում ուսումնական ժամերի 16 տոկոսն է նվիրվում արվեստին, միջնակարգ դպրոցի առաջին երկու տարիների ընթացքում այդ արդյունքը կազմում է 8,33 տոկոս: Կամ ուսումնական ժամերի 38 տոկոսը տրամադրվում է լեզուներին, իսկ 27 տոկոսը՝ գիտությանը: Արդյունքում արվեստին տրամադրվում են քիչ դասաժամեր:

 Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի փոխտնօրենը նշեց, որ իրենց քոլեջի շրջանավարտներին տրվում է մանկավարժ-նկարչի որակավորում, եւ այդ երիտասարդները կարող են սովորեցնել մարզերի երեխաներին: «Ընդ որում, մեզ մոտ սովորողների ավելի քանի 65%-ը մարզերից է: Դա հնարավորություն է ընձեռում, որ երեխաներն իրենց ձեռք բերած գիտելիքները տարածեն իրենց իսկ մարզերում: Ունենք հաջողված բազմաթիվ օրինակներ, օրինակ՝ մեր արցախցի շրջանավարտները այժմ շարունակում են մանկավարժական գործունեությամբ զբաղվել Արցախի դպրոցներում: 95-ամյա քոլեջը հնարավորություն է ստեղծում այստեղ ստացած գիտելիքներն ու հմտությունները տեղայնացնել ՀՀ տարբեր մարզերում: Ըստ օրենքի՝ դպրոցներում չի թույլատրվում, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող երեխաները դասավանդեն, բայց միջին մասնագիտական կրթություն ունեցող երեխան կարող է դասավանդել արվեստի դպրոցներում:

Մեր քոլեջում ուսումնասիրում են խեցեգործություն, զարդակիրառական արվեստ, դիզայն, նկարչություն, քանդակագործություն. այդ ամբողջը ռեսուրս  է,  որը կարող է զարգացնել զբոսաշրջությունը: Ցավոք, տեսարժան վայրեր այցելելիս մենք չենք հանդիպում հուշանվերների տաղավարների, մինչդեռ մեր քոլեջի երեխաները, որ մեծ փորձ ունեն, կարող են ձեւավորել հուշանվերների տաղավարներ՝ տեղի երեխաներին ներգրավելով ստեղծել հուշանվերներ, որոնք կարող են վաճառվել տեղի տաղավարներում: Դա կարող է կազմակերպվել ամառային դպրոցի կամ մանկավարժական պրակտիկայի ձեւաչափով, որը կանցկացվի որեւէ մարզում, մեր սաները կսովորեցնեն տվյալ մարզի սաներին հուշանվերների պատրաստման հմտություններ, այծի կաշվի մշակում, մանրանկարչություն եւ այլն` հյուրընկալվելով հենց այդ երեխաների ընտանիքներում: Տեղի երեխաներն էլ կարող են վաճառել իրենց ստեղծածը` տեղում զարգացնելով փոքր բիզնես: Սա առաջարկ է զբոսաշրջության կոմիտեին ու հիմնադրամին: Որեւէ տարածքում զբոսաշրջության զարգացմանը  անպայման պետք է ներգրավել տվյալ տարածքի բնակիչներին: Նաեւ տնտեսական բաղադրիչը կզարգանա տարածքում»,- ասաց Արեւիկ Սարգսյանը:

Նա օրինակներ բերեց: «Վերջերս Շանհայի համալսարանում սովորող տղայիս հետ այցելեցինք Օհանավանք եւ Սաղմոսավանք: Ոչ մի տեղ չգտանք թեմատիկ հուշանվերներ, որպեսզի որդիս դրանք փոխանցեր իր ընկերներին: Նույն պատկերն էր Մաքենավանքի պարագայում: Ընդ որում, Մաքենավանքում կար լքված մի շինություն, հենց եկեղեցու կողքին: Կարելի է աջակցել, որ բնակիչներն իրենց իսկ ձեռքերով նորոգեն, եւ այդ շենքը դառնա մշակութային կենտրոն: Այդտեղ կարող էին վաճառվել թեմատիկ հուշանվերներ` տեղական ներուժի ջանքերով պատրաստած: Մեր քոլեջը ի սկզբանե համագործակցում է մարզերի քոլեջների հետ եւ սնում է  նրանց իր ուսումնական պլաններով:

Ի դեպ, առաջարկվել է Արեւածագ եւ Լոռվաբերդ գյուղերի հետ ծրագրեր իրականացնել, մեր ուսանողները ամառային պրակտիկայի ընթացքում իրենց սաներին կսովորեցնեն նկարել, հուշանվերներ պատրաստել, վերջում էլ ցուցահանդես կկազմակերպվի: Ամառային պրակտիկայի ընթացքում ստեղծված նկարները կզարդարեն իրենց մշակութային կենտրոնները, դպրոցները: Երեւանցի ուսանողները կապրեն այդ գյուղերի երեխաների ընտանիքներում: Փաստորեն մենք մի քանի խնդիր կլուծենք՝ մեր պրակտիկան ենք կազմակերպում, իրենց հմտություններ ենք փոխանցում, ձեւավորում ենք  մշակութային կենտրոններ, ներգրավում ենք զբոսաշրջիկների»,- հավելեց Արեւիկ Սարգսյանը:

Նա նաեւ հիշեց, որ վերջերս  ԵՄ ԱԳ «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում, ի թիվս այլ գործընկերների, Մոլդովայում էր, որտեղ այցելել է Քիշնեւի Ալեքսանդրու Պլամիադիալայի  անվան արվեստի քոլեջ. «130-ամյա քոլեջը կարիք ուներ նոր մտքերի, գաղափարների: Իրենց տնօրենն առաջարկեց փորձի փոխանակման եզրեր գտնել, նաեւ այն, թե ինչպես կարելի է  գրանտային ծրագրեր իրականացնել, որ մեր վարպետները եւ ուսանողները այնտեղ վարպետաց դասընթացներ անցկացնեն: Հայ համայնքի ղեկավարների հետ էլ հանդիպում եղավ, իրենք էլ առաջարկեցին, որ մեր քոլեջի սաները Մոլդովայում հայկական ընտանիքներում ապրեն եւ հայ համայնքի երեխաներին սովորեցնեն նկարել»:

Մեր զրուցակիցն ասում է, որ Թերլեմեզյանի անվան քոլեջը պատրաստ է համագործակցել բոլոր մարզերի մշակութային կենտրոնների հետ՝ ունենալով բավականաչափ ռեսուրսներ: «Մենք նաեւ ձեւավորում ենք արվեստի դպրոցներ, օրինակ՝ Չայկովսկու անվան դպրոցը, Դիլիջանի ուսումնական կենտրոնը…

Մեր ուսանողները պարբերաբար ամառային պրակտիկաներ են ունենում արտասահմանում` Իսպանիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, այս ամառ էլ՝ Մեծ Բրիտանիա: Ֆրանսիայի դեսպանատան հետ իրականացրել ենք «Պիկասոն իմ աչքերով» ծրագիր, եւ մեր  շահած երեխաները 1 շաբաթ անցկացրել են Ֆրանսիայում: Այնպես որ, պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»,- հայտնեց Արեւիկ Սարգսյանը:

Նա մի առաջարկ էլ ունի. «Արտասահմանում պատկերասրահներում, թանգարաններում պատրաստվում եւ վաճառվում են հուշանվերներ, որոնք իրենց թագավորների եւ թագուհիների զարդերի կրկնօրինակներն են: Ինչո՞ւ նույնը չանել Հայաստանում՝  մանավանդ մեր ազնվազարմ հայ տիկնայք էլ են նման զարդեր կրել: Պետք է փոխել մթնոլորտը. երբ մթնոլորտը փոխվում է, փոխվում է նաեւ մարդու վարքագիծը: Պետք է միջավայրը հնարավորինս մշակութային դարձնել»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

03.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031