Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասեք՝ ո՞ւր է էդ գործարարը, որն Արթիկում 750 աշխատատեղ էր ստեղծելու

Սեպտեմբեր 02,2017 15:30

»Ըստ Մուշեղ Պետոյանի՝ Մխիթար Վարագյանը սին խոստումներ էր հնչեցնում

ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանը, որը նախկինում ԲՀԿ-ական էր, իսկ այժմ անկուսակցական, նորից է մասնակցելու ընտրությունների ու մարտ ամսին իր թեկնածությունն է առաջադրելու՝ որպես Արթիկի տարածաշրջանի միավորվող համայնքների ղեկավար։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին են միանալու 23 գյուղեր ու համայնքապետի ընտրություն է տեղի ունենալու։ «Առավոտ»-ի հետ զրույցում իր այս մտադրության մասին հայտնեց նախկին պատգամավորը։ Ըստ նրա, ինքը որեւէ պաշտոն չէր էլ ուզենա զբաղեցնել, սակայն ժողովուրդը, իր համախոհները, թիմակիցներն են պահանջում առաջադրել թեկնածությունը։ Ինչեւէ, ինչո՞վ է զբաղվում մանդատ չստացած Մուշեղ Պետոյանը, փոխվե՞լ է արդյոք Արթիկում քաղաքապետի ընտրություններից հետո առաջացած լարված մթնոլորտը, ինչո՞ւ աշխատանքից ազատեցին իր մերձավորներին ու համախոհներին, այս թեմայի շուրջ զրուցեցինք նախկին պատգամավորի հետ:

-Պարոն Պետոյան, դուք ԱԺ ընտություններում ՀՀԿ-ի համար հավաքեցիք բավական մեծ քանակությամբ՝ 8799 ձայն, սակայն խորհրդարան չմտաք, ձեզ որեւէ պաշտոն այս ընթացքում չի՞ առաջարկվել։ Ինչո՞վ եք զբաղվում հիմա, ինչո՞ւ եք այդքան հաճախակի Անապա գնում-գալիս։

-Մենք ընտանեկան բիզնեսներ ունենք Անապայում, դեռեւս Խորհրդային շրջանից ենք ունեցել, եղբայրս է զբաղվում, բայց ես էլ քանի ազատ եմ, մի քիչ հանգստանում եմ, փորձում եմ ավելի օգտակար լինել այդ գործընթացին, քանի որ ժամանակ ունեմ մինչեւ ընտրությունները։ Ժամանակ կա ընտանիքով, երեխաներով զբաղվելու։ Ասեմ, որ ես պաշտոն կամ պետական մարմիններում աշխատանք ունենալու ցանկություն չեմ էլ հայտնել, գիտեք, որ համայնքների խոշորացումներ են սպասվում ամբողջ հանրապետության տարածքում, ես իմ թիմի հետ միասին որոշում եմ կայացրել, որ պիտի իմ թեկնածությունն առաջադրեմ համայնքի ղեկավարի ընտրություններում։ Ես այլ պաշտոն չեմ էլ ուզել երբեւէ։-Դուք չեք ուզել, բայց առաջարկ եղե՞լ է։

-Ես ամենասկզբից եմ ասել՝ չեմ ուզենա որեւէ պաշտոն կամ աշխատանք պետական մարմիններում։ Ես Ազգային ժողով գնալու ցանկություն էլ չեմ ունեցել։

-Չունեիք, բայց իշխող կուսակցությունը ձեզ ստիպողաբար առաջադրե՞ց։-Իհարկե՝ ոչ, դուք գիտեք, որ ես անկուսակցական եմ, բայց երկրի, պետության ապագայի մասին մտածելով՝ իմ հեղինակությունը օգտագործել եմ՝ ի նպաստ երկրի զարգացման։ Առաջադրվելու պատճառը դա է եղել, բոլոր իմ թիմակիցները դա գիտեին։ Թե չէ, ես Ազգային ժողով գնալու ցանկություն չեմ ունեցել, իմ տեսակն այնպիսին է, որ ես ավելի կենդանի, աշխույժ, կազմակերպչական աշխատանք եմ սիրում։ Իմ ունեցած փորձը, ջիղը կարելի է օգտագործել ի նպաստ մեր մարզի, մեր տարածաշրջանի, մեր համայնքի զարգացման։ -Այսինքն օրենսդիր աշխատանքով հնարավոր չէ՞ր մարզը, տարածքը, համայնքը զարգացնե՞լ

։-Ազգային ժողովում փորձել ենք մեր տարածքի խնդիրները բարձրաձայնել կամ կառավարության անդամների հետ փորձել ենք լուծել, բայց դա այն աշխատանքը չէ, որով ես կուզենայի զբաղվել։

-Չփոշմանեցի՞ք, որ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու դարձաք… ՀՀԿ-ն միշտ ցածր վարկանիշ է ունեցել Շիրակի մարզում, որն արտահայտվել է ընտրություններում քիչ ձայներ հավաքելով։-Այս անգամ շատ ձայներ հավաքեց, այդպես չէ՞, էդ ինչպե՞ս եղավ, նորմալ թեկնածուներ էին առաջադրել, մարդիկ էդ թեկնածուներին էին ձայն տալիս։Սա նշանակում է, որ ոչ թե Հանրապետական կուսակցության վարկանիշն է ցածր, այլ՝ թեկնածուների, եթե քիչ ձայներ է հավաքել, դա եղել է թեկնածուների, տեղի իշխանությունների մեղքով…Ամեն մարդ պիտի փորձի իր հեղինակությամբ, կատարած աշխատանքով աջակցել, եթե այսօր տեսնում եմ, որ մեր երկիրը Հանրապետական կուսակցութան՝ ի դեմս երկրի նախագահի, առաջընթաց միայն այդտեղից է սպասվում, ուրեմն մենք պիտի ճիշտ մտածենք, ճիշտ քայլեր անենք։ Մեր երկրում այսօր աշխատեղերից, տնտեսական զարգացման խնդիրներից բացի կան այլ լուրջ խնդիրներ, չպիտի մոռանանք, որ պատերազմող երկիր է, կան հարցեր, որոնք կարող է լուծել միայն նախագահը։

-Դուք ասում եք, որ հիմա հանգստանում եք, մինչ դուք հանգստանում եք, ձեր թիմակիցներից տեղեկանում ենք, որ Արթիկի քաղաքային իշխանությունները նրանց հերթով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից ազատում են պաշտոններից, նաեւ մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» գցելու դեպք արձանագրվեց, ինչպե՞ս եք ընդունում այս ամենը։ 

-Եղել են պաշտոնանկումներ, բայց ես ծանր չեմ տարել, այսօր եկել է նոր համայնքապետ, իր թիմն է ձեւավորել, նորմալ եմ նայում։ Իր թիմն է ձեւավորել, ուզում է իր ձեւով աշխատել, թո՛ղ աշխատի, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ «ժուչոկ» դնելը… ինչքան գիտեմ այդ հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում, համենայնդեպս եթե նման բան կա, կասեմ, որ կնոջ աշխատասենյակում «ժուչոկ» գցելը հայ տղամարդուն վայել արարք չէ։

-Պարոն Պետոյան, Արթիկի քաղաքապետի ընտրություններից հետո, որին մասնակցեցիք նաեւ դուք՝ որպես քաղաքապետի թեկնածու ու մրցակցեցիք Մխիթար Վարագյանի հետ, կա՞ դեռ լարվածություն ներկայիս քաղաքապետի հետ։ 

– Յուրաքանչյուր ընտրությունից հետո լարվածություն լինում է, ուղղակի նա, ով հաջողության է հասնում, ինքը պիտի փորձի հաշտ մթնոլորտ ստեղծել, ներողամտություն ցուցաբերել, ոչ թե լարվածությունը շարունակել…Ես լուրջ բան չեմ տեսնում, լարվածություն չի եղել մեր մեջ, պարզապես եղել է քաղաքական պայքար մի քանի ընտրություններ շարունակ, անձնական ինչ-որ լուրջ բաներ չկան։-Չի բացառվում չէ՞, որ առաջիկայում նորից պայքարեք միմյանց դեմ։-Իհարկե, թեեւ ես չգիտեմ, իրենք ինչ կորոշեն, կառաջադրվե՞ն, թե՞ ոչ, բայց ես ասում եմ՝ ես առաջադրվելու եմ։

-Իսկ ի՞նչ գնահատական կտաք Արթիկի նորընտիր իշխանությունների աշխատանքին, քաղաքում դրական տեղաշարժ կա՞։

-Փորձում են ինչ-որ աշխատանքներ տանել, բայց ուրիշ, ավելի կարեւոր խոստումներ կար նախընտրական, քարոզարշավի ընթացքում աշխատեղերի, գործարանների, ֆաբրիկաների ստեղծման, երկրորդական փողոցների վերանորոգման ամպագոռգոռ խոստումներ էին հնչում… Ես նման բան չեմ տեսնում, ժողովուրդն էլ է տեսնում, թե ի՞նչ ֆաբրիկաների մասին է խոսքը, էդ ընթացքում նկարահանումներով, չգիտես ինչերով շոուն իրականացրեցին, ժողովուրդը խաբված է, ի՞նչ ֆաբրիկա, ի՞նչ աշխատատեղ, ի՞նչ գործարան… Էդ պահին իբրեւ թե արդեն տեղադրում էին սարքավորումները, բայց հիմա ոչինչ էլ չկա։ Ո՞ւր է ֆաբրիկա հիմնող սփյուռքահայ գործարարը… ո՞ւր անհետացավ։ Մենք 20 տարի է Արթիկում աշխատատեղեր ստեղծել ենք, հայրս ստեղծել է, մենք շարունակում ենք, 50-60 աշխատատեղ ունենք, բայց ամպագոռոգոռ խոստումներ երբեք չենք տվել՝750 աշխատատեղ։ Եվ եթե այսօր կառավարության անդամների կամ դրսի գործարարների հետ չհամագործակցենք, ի՞նչ աշխատատեղերի մասին է խոսքը։ Արթիկի նախկին վարչական շրջանից դրսում շատ գործարար տղերք կան, որոնք պատրաստ են ներդրումներ կատարելու, իրենց պիտի օժանդակենք, որ աշխատատեղեր ստեղծեն։ Ուրիշ բան ասեմ, այսօր արթիկցիներից շատ մարդիկ կան, որոնք կուզենան աշխատատեղեր ստեղծեն, շինարարություն կատարեն, բայց պիտի թույլ տաս, օգնես, օժանդակես, ոչ թե խոչընդոտես։

-Ովքե՞ր են խոչընդոտում՝ Արթիկի քաղաքային իշխանություննե՞րը, թե՞ Շիրակի մարզային իշխանությունները։

-Ես ինչքան գիտեմ, շատ մարդիկ դժգոհ են, որ շինարարության թույլտվություններ չեն տալիս…Պատգամավորն ասում է, որ անկախ քաղաքականության մեջ լինել-չլինելուց՝ բոլորի՝ թե՛ կառավարության անդամների, թե՛ նախկին կուսակցապետի՝ Գագիկ Ծառուկյանի հետ, որի հետ աղ ու հաց է կիսել, ճանապարհ է անցել, պահպանում է ջերմ մարդկային հարաբերությունները։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930