Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը Հայաստան ոտք դնելիս լաց է եղել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 14:37

Սեպտեմբերի 18-ին ՀՀ անկախության 26-ամյակի եւ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյա հոբելյանական համերգին ընդառաջ ասուլիս էր հրավիրվել: 2017-ին լրանում է «Ծագումով հայեր» հաղորդաշարի տասնամյակը, որի առթիվ հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի հրավերով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք են ժամանել հաղորդման բոլոր տարիների՝ ավելի քան 120 հերոսներ, ինչպես նաև հաղորդաշարի անվանի բարեկամներ:

Մանանա Հակոբյանը հիշեց, թե ինչպես է 10 տարի առաջ գաղափար հղացել ստեղծել «Ծագումով հայեր» խորագրող հաղորդաշար` Արծվի Բախչինյանի համանուն գրքի հիման վրա:

 Նա ներկայացրեց հոլիվուդյան դերասան Մարկո Խանին, վերականգնողական բժշկության ականավոր ներկայացուցիչ, բժիշկ Վիգեն Սեփիլյանին, երգչուհի Ռոզի Արմենին, «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանին եւ նրա որդուն` Հովիկին, ճանաչված ոսկերիչ Ժան Վանդոմին:

Մարկո Խանն ասաց, որ Հայաստան գալը իր երազանքն է եղել եւ երբ իջել է օդանավից, արցունքները սկսել են հոսել աչքերից: «Մինչեւ հիմա չեմ եղել մեր հողի վրա ու հիմա իսկապես տուն եմ եկել: Ինձ հայրենիք է բերել սերը, ուրախ եմ, սեպտեմբերի 21-ին մասնակցելու եմ Անկախության 26-րդ տարեդարձին»,-ասաց նա:

Aravot.am-ը հետաքրքրվեց` իր պատկերացրած եւ տեսած Հայաստանները շա՞տ էին տարբերվում: «Իմ տեսած Հայաստանն ավելի լավն է, հողը մարդկանցով է լավը եւ հյուրընկալ, հուզվում եմ, երբ փողոցում կամ շուկայում հայերեն խոսող մարդիկ եմ տեսնում»,-ասաց դերասանը:

Ռոզի Արմենն էլ նշեց, որ Հայաստան է գալիս 1965-ից ու այն արդեն իր տունն է համարում: «Հայերեն սովորեցա Հայաստան գալով-երթալով»,-ասաց երգչուհին: Նա նաեւ տպավորիչ դրվագներ պատմեց:

Վիգեն Սեփիլյանը հայտնեց, որ աշխատանքի բերումով եւ մասնավոր այցերով արդեն 10 տարի՝ տարեկան 1-2 անգամ պարտադիր Հայաստան է գալիս: Նա այս տարի Բուենոս Այրեսում ընտրվել է Համահայկական բժշկական միության նախագահ: Ասում է, որ հպարտ է, բայց նաեւ շեշտում է` մեծ պատասխանատվությամբ է ստանձնել:

Րաֆֆի Մեգերյանը կարեւորում է աշխարհի բոլոր հայերի` միմյանց եւ հայրենիքի հետ կապը պահելը: Ուրախ է, որ իրենց ընկերության հիմնադրման 100-ամյակը համընկել է «Ծագումով հայերի» հոբելյանի հետ: Րաֆֆի Մեգերյանը կարեւորում է աշխարհի ցանկացած անկյունում ապրելով հայ մնալը: Նրա որդին` Հովիկը փաստեց, որ թեեւ ինքը Նյու Յորքում է ծնվել, սակայն իրենց տանը Հայաստան է եղել:

Ավանգարդիստ ոսկերիչ Ժան Վանդոմը ափսոսանքով նշեց, որ դեռեւս հայերեն չի կարող խոսել, բայց խոստացավ սովորել: Ի թիվս այլ վայրերի, Հայաստանում նա եղել էր Սեւանի ավազանում: Այնտեղ տեսնելով օբսիդիանի հանքավայրը` Վանդոմը երիտասարդ ոսկերիչներին եւ արծաթագործներին կոչ է անում տեղական հումքով գեղեցիկ զարդեր պատրաստել` նոր մոտեցումներով: Ինքը համադրում է երկաթը ոսկու եւ ադամանդի հետ, անգամ արժեք չունեցող մետաղներից արվեստի գործեր ստեղծում: Նա կարծում է, որ զբոսաշրջիկներին գրավում է նորարարությունը`զարդագործության ոլորտում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930