Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հետ կապված մենք դեռ պատրաստ չենք ճշմարտությունն ասելու». Ամատունի Վիրաբյան

Սեպտեմբեր 19,2017 16:40

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի վստահեցմամբ` Հայաստանն արխիվային փաստաթղթերից օգտվելու տեսանկյունից ամենաթափանցիկ երկիրն է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Վիրաբյանը տեղեկացրեց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել արխիվից: Այսպես քաղաքացու գործը կհեշտանա, հասկանալի է, որ տարբեր կառույցներ մտնելը անհասանելի է հասարակ քաղաքացուն, իսկ արխիվից կարող են օգտվել բոլորը, նույնիսկ օտարերկրացիները»:

Պարոն Վիրաբյանը մտահոգություն հայտնեց, որ «Մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հետ կապված մենք դեռ պատրաստ չենք ճշմարտությունն ասելու: Պատմությունը պետք է պատմություն դառնա, որ նոր ներկայացվի, եւ ամեն ինչ կախված է գրողից»:

Պարոն Վիրաբյանը նաև փաստեց, որ աշխարհի բոլոր երկրներում, բացի Լիբանանից, կան կենտրոնացված արխիվներ, և հիմնական խնդիրը ողջ աշխարհի էլեկտրոնային փաստաթղթերի հավաքագրումն է. «Մենք կարողացել ենք հավաքել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն ամենը, ինչ եղել է մեր երկրում վերջին 25 տարիների ընթացքում: Առաջինը պետական մարմինների փաստաթղթերն են, որոնք պարբերաբար համալրում ենք: Միայն ՀՀ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն իրենց փաստաթղթերը դեռ չեն հանձնում արխիվ, մնացած բոլոր պետական մարմիններն իրենց փաստաթղթերը հանձնել են: Այս տարի ստացանք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի մինչև 1997-ի փետրվար փաստաթղթերը: Այս տարի ընդունում ենք նաև ՀՀ կառավարության` մինչև 2005 թվականի փաստաթղթերը: Այս տարի առաջին անգամ սկսել ենք ընդունել դատարանների փաստաթղթերը: Խնդիրն այն է, որ մենք պետք է սկսենք էլեկտրոնային փաստաթղթերի ընդունումը: Օրինակ` 2008-ից Մալբրի ծրագրով փաստաթղթերի շրջանառությունից հետո այլևս թղթային տարբերակով չկան այդ փաստաթղթերը, մինչդեռ Ռուսաստանում օրենքով պարտադիր է էլեկտրոնային փաստաթղթի հետ ստեղծել նաև մեկ թղթային փաստաթուղթ»:

Պարոն Վիրաբյանը նաեւ հայտնեց, որ արխիվում կա Արցախյան շարժում հավաքածու, որտեղ լրագրողներից, հասարակական-քաղաքական գործիչներից, գրողներից հավաքում են Արցախյան շարժման հետ կապված տարբեր թռուցիկներ, լուսանկարներ: Ազգային արխիվի տնօրենը հավաստիացրեց, որ խստորեն հետևում են նաև, որ գաղտնի փաստաթղթերը ժամանակին գաղտնազերծվեն ու հանձնվեն արխիվ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930