Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնի ռեկորդային թվով հանդիսատեսը

Սեպտեմբեր 27,2017 19:10

ՀՀ Մշակույթի նախարարությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է իր ենթակայության տակ գործող բարձր եկամուտ ապահոված կառույցների կիսամյակային հաշվետվությունը՝ նրանց անվանելով «կիսամյակային չեմպիոններ»։ Հետաքրքիրն այն է, որ այդ չեմպիոնների ցուցակը գլխավորում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, որը վեց ամսում ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։

Նախարարության ֆեյսբուքյան էջում ընթերցում ենք․ «Չեմպիոն» որակումից և թվային ցուցանիշների վրա հիմնված գնահատականներից խրտնել պետք չէ։ Այս ցուցանիշները որակյալ աշխատանքի վկայական են։

Սեպտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսում «չեմպիոնների» անունները բարձրաձայնելիս նախարար Արմեն Ամիրյանը փոխանցեց, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում նախարարության մի շարք ՊՈԱԿ-ների գրանցած եկամտային աճը հիմնականում գոյացել է տոմսերի վաճառքի հասույթից.

«Սա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ տեղացիների և զբոսաշրջիկների ենք հասանելի դարձրել մեր դասական, արդի արվեստն ու պատմական հուշարձանները, ավելի շատ են հանրահռչակվել մեր մշակույթը, մշակութային մեր օջախները»։

Այսպես, 2016թ. առաջին կիսամյակի համեմատ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում միայն տոմսերի վաճառքից հասույթը 2016թ. առաջին կիսամյակում եղել է 7 միլիոն 346 հազար դրամ, 2017-ի առաջին կիսամյակում՝ 13 միլիոն 811 հազար դրամ։

Հանդիսատեսի ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա առաջին կիսամյակում Գյումրու թատրոնում կազմել է 10 հազար 377 մարդ, 2017թ-ի նույն ժամանակահատվածում դարձել 22 հազար 983՝ գրանցելով ավելի քան հարյուր տոկոսով աճ: Ի տարբերություն նախորդ տարվա առաջին կիսամյակի 35 ներկայացումների, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 70»։

Իհարկե, «չեմպիոնների» շարքում շատերն են՝ Կոմիտասի թանգարան ինստիտուտը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Խնկո Ապոր անվան ազգային հանկական գրադարանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, սակայն Գյումրիինը հետաքրքիրն է նրանով, որ աղքատ ու դատարկվող քաղաքում, որտեղ շատերը օրվա հացի փող չունեն, արտագաղթն իր ողբերգական հետևանքներն է թողնում դպրոցների, բուհերի, խանութների ու այլ սպասարկման օբյեկտների վրա, թատրոնն ավելացնում է իր այցելուների թիվը։

Օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, որ իրենք գտել են ձևը սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդկանց ևս թատրոն բերելու․նրանց տոմսերի արժեքի կեսը վճարում են այլ կազմակերպություններ՝ որպես հովանավորներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Մնում է Գյումրո թատրոնն իր որակն էլ բարձրացնի. կանայք շլեյֆ կրել չգիտեն…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930