3 տարի առաջ` 2014թ. գրել ենք «Դիլիջան» ազգային պարկում բնահպահպանական պետական տեսչության աշխատողների կատարած ստուգումների, ազգային պարկը շուրջ 10 տարի ղեկավարած Աշոտ Դավթյանի աշխատանքից ազատվելու եւ դրանից հետո նրա Բելառուս մեկնելու մասին:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Աշոտ Դավթյանի դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպական-տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով`չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ իրեն ենթակա աշխատակիցներին տվել է մահացած անձանց անվամբ անտառխախտման արձանագրություն կազմելու վերաբերյալ ապօրինի հանձնարարություն, այնուհետեւ անձնական դրդումներից ելնելով`պաշտոնական փաստաթղթերում անձամբ ստորագրելով եւ կնիք դնելով ամբողջացրել է կեղծ փաստաթղթերի կազմումը: Այդ կերպ նա մասնակցել է պաշտոնական կեղծիքի կատարմանը, ապա պաշտոնական կեղծ փաստաթղթերը հանձնել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































