Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձմեռային «սեքսադուլի»  պատճառները». Վրեժ Շահրամանյան

Հունվար 27,2018 14:55

«Ձմռանը նկատվում է անվերահսկելի շատակերություն, խախտվում է հորմոնային հավասարակշռությունը, ինչի հետևանքով էլ ձմռանը մարդու սեռական վարքագիծը փոխվում է».-Aravot.am- հետ զրույցում նշեց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի  բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Պատճառն, ըստ մասնագետի, կորտիզոլի, սերոտոնինի և դոֆամինի խառնուրդն է, որը ձևավորվում է այսպես կոչված դրական սթրեսային վիճակ: «Այդ պատճառով էլ մարդը փորձում է բավարարություն ստանալ սննդից: Ուտում է անդադար, ինչն էլ պատճառ է դառնում շատակերության, հաճախ նաև՝ «խժռակերության»: Արդյունքում զգալիորեն նվազում է սեռական ցանկության գլխավոր հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, իսկ տեստոստերոնը, ինչպես գիտենք, սեռական հորմոնների գլխավոր «դիրիժորն» է: Դրանով է բացատրվում հետամանորյա ժամանակավոր «սեքսադուլը», որի ժամանակ գերլարվածության, շատակերության և գերհոգնածության հետևանքով սեքսը շատերի համար ինքնըստինքյան հետին պլան է մղվում»:

Սեքսոպաթոլոգի խոսքերով՝ մարդու օրգանիզմը կախված է բնության ու եղանակային փոփոխություններից, իսկ ձմռան ցուրտ եղանակը նվազեցնում է  սեռական ցանկությունը: Ցուրտ եղանակին կարիք են զգում երկարացնելու քնի տևողությունը առնվազն երկու ժամով. «Եթե գարնանը ինչպես բնության, այնպես էլ օրգանիզմի էմոցիոնալ պրոցեսների արթնացում է տեղի ունենում, ապա ձմռանը հակառակ գործընթացներ են դիտվում` պայմանավորված ցուրտ եղանակով, օրվա ցերեկային ժամերի կրճատմամբ: Օրգանիզմի կարգավորման մեխանիզմները ենթարկվում են նաև սեռական կենսառիթմերին, որոնք կարգավորում են օրգանիզմի հորմոնային պրոցեսները: Ձմռանը որոշակիորեն նվազում  է տեստոստերոնի սինթեզի ինտենսիվությունը, որը բերում է սեռական ցանկության անկման»:

Վրեժ Շահրամանյանի խոսքերով՝ մարդու սեռական գործունեությունը մեծապես պայմանավորված է նաև տրամադրությամբ, իսկ ավելի հաճախ են տրամադրության անկումներ նկատվում, նույնիսկ դեպրեսիաներ: Սա մասնագետը բացատրում է նրանով, որ ձմռանը շեշտակիորեն նկատվում է արևի ճառագայթների սակավություն, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վիտամին D-ի նվազման։ Վերջինիս տատանումները որոշիչ դեր ունեն թե՛ սեռական, թե՛ հոգեբանական խանգարումների առաջացման հարցերում. «Ձմռանը սեռական խանգարումների աճ է արձանագրվում՝ պայմանավորված նաև որոշ քրոնիկական բորբոքային հիվանդություններով։ Ցուրտ եղանակին սահմանափակվում է նաև մարդու ակտիվ գործունեությունը, մարդը դառնում է ալարկոտ, դանդաղաշարժ և մտամփոփ, ինչը ևս կարող է սեռական խանգարումների բերել»,-հավելեց մասնագետը:

Նա, առանձնացրեց ընտանիքի պլանավորման խնդիրը, որը ևս այս շրջանում լավագույն սեզոնը չէ. «Ցուրտ եղանակին բեղմնավորման հավանականությունը նվազում է: Որքան հյուսիս է ընկած մարդու բնակության վայրը, այնքան խոցելի է վերարտադրողական գործառույթը՝ պայմանավորված եղանակային փոփոխությամբ»:

Որպես խորհուրդ բժիշկն ասաց, որ ձմռանը պետք է ճիշտ հագնվել. «Պետք է խուսափել կիպ, սեղմող տաբատներից և ընտրել բազմաշերտ հագուստ և արտահագուստ: Մրսելը բացասաբար է անդրադառնում թե՛ տղամարդու, թե՛ կնոջ սեռական և վերարտադրողական առողջության»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031