Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. ՀՀԿ-ն կարող է տրոհվել. քաղաքական շեշտադրումները կան (Տեսանյութ)

Փետրվար 02,2018 12:32 Share

Կառավարությունը ականջալուր չի լինում «Ծառուկյան» դաշինքի առաջարկներին, որոնք միտված են հանրության վիճակի բարելավմանը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում իր դժգոհությունն արտահայտեց դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ասում է`կառավարությունն ավելի «պաշտպանողական քաղաքականություն» է վարում եւ իր մերժողական կեցվածքով անընդհատ խոչընդոտում է իրենց աշխատանքին: Հիշեցնում է`գյուղատնտեսության սուբսիդավորման վերաբերյալ իրենց մերժված առաջարկները, տրանսպորտի չթանկացման եւ այլն:

Ասում է`կառավարման համակարգի փոփոխությամբ, բազմաթիվ մարտահրավերներ են առաջանում եւ տնտեսության զարգացման, եւ քաղաքական հարաբերությունների առումով, ուստի, իրենք խորհրդարանում պետք է ակտիվ օրենսդրական գործունեություն ծավալեն: Կարեւորում է նաեւ քաղհասարակության ներգրավումն այդ գործընթացում:

Բանախոսն անդրադարձավ նաեւ կառուցվածքային փոփոխություններին. «Կառավարության կազմը, որը ԱԺ-ն պետք է հաստատի, մեզ համար վիճարկելի է: Կան ոլորտներ, որ տարբեր նախարարություններ նույնականացված գործառույթներ են իրականացվում»: Փաստում է` մինչ այս պահն արդյունավետ կառավարում Հայաստանում չի իրականացվում: Օրինակ է բերում համայնքների համաչափ զարգացման շուրջ առաջացող խնդիրները:

Aravot.am-ի հարցին`քննադատելով Կարեն Կարապետյանի կառավարությանը, «Ծառուկյան» դաշինքը հող չի՞ նախապատրաստում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու համար, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց.«Կարեն Կարապետյան անձից դժգոհ չենք»:

Մանրամասները`տեսանյութում

Հարցրինք նաեւ`հավանակա՞ն է, որ դաշինքը վարչապետի իր թեկնածուն առաջադրի: «Պարոն Ծառուկյանն ասաց`ոչինչ չի բացառվում: Սպասենք զարգացումների»,- եղավ պատասխանը: Ի

նքը հավանական է համարում «այլ» զարգացումները եւս: «Այլ» ասելով` նկատի ունի հետեւյալը 1999-ի դեպքերի կրկնությունը, երբ «Հանրապետություն» խմբակցությունը մի քանի ժամվա ընթացքում տրոհվեց եւ ՀՀՇ-ն փաստացի կորցրեց ղեկավարումը: «Ինչի՞ եք բացառում, որ կարող են կրկնվել, մանավանդ, որ քաղաքական շեշտադրումներ կան»,- ասաց բանախոսը:

Ամեն դեպքում, միանձնյա կառավարման համակարգը Սերգեյ Բագրատյանն անցյալ է դիտում, քանի որ ընդդիմությունը 1\3-ով կարող է իշխանությանն անվստահություն հայտնել: Ասում է`եթե ՀՀԿ-ի 49 տոկոսի հետ ճիշտ աշխատեն, գոնե 19-ի դիրքորոշումը կարող են փոխել եւ քվեարկությունների ժամանակ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: Չի բացառում, որ քաղաքական իշխանությունը փորձի ռեպրեսիվ մեթոդներով գործել, բայց դրա լուծումներն էլ կան: Ասում է`պետք է ակտիվ աշխատել, հանրությանը ցույց տալ, որ ընդդիմադիր ուժերը չեն շեղվում իրենց գծից, պաշտպանում են ժողովրդի շահերը: Մնացածն`ըստ իրավիճակի:

Լրագրողներից մեկը հարցրեց «Ելք»-ի ու «Ծառուկյան» դաշինքի ճանապարհները խորհրդարանում չեն հատվում, այլ կերպ են աշխատում խորհրդարանում, օրինակ`գնաճի դեմ պայքարի, նախագահի միասնական թեկնածուի հարցերում: «Մենք ընդունում եւ հարգում ենք «Ելք»-ի պայքարի ճանապարհը, բայց մենք ունենք մեր ռազմավարությունն ու մարտավարությունը»,- ասաց պատգամավորը` ավելի պատկերավոր նկարագրելով իրավիճակը. «Ելք»-ը առաջարկում է վիրահատություն, մենք`բուժում: Վիրահատության ժամանակ կարող ենք հիվանդին կորցնել, իսկ բուժումն արդյունք է խոստանում: Եթե ժողովրդին հանիրավի անընդհատ փորձում ենք հանել հրապարակ`ասելիքն ու նպատակը հստակ չդնելով… մենք առաջարկում ենք թոշակներ աշխատավարձեր բարձրացնել: Դա համարում ենք լուծում: Գնաճի զսպումը լուծում չենք համարում: Սխալ է`գները զսպել, որպեսզի քաղաքական անհնազանդություն չլինի: Եթե գնողունակ հասարակություն չկարողանաս ձեւավորել, ավելի վատ վիճակ կլինի»: Այս իմաստով, ասում է՝ փոխլրացնում են «Ելք»-ի գործընկերներին. «Իրենք փողոցում են պայքարում, մենք`խորհրդարանում»: «Ծառուկյան» դաշինքում տեսնում են հնարավորությունները`աշխատավարձեր եւ թոշակներ բարձրացնելու, քանիցս ասել են դրա մասին. տարեկան 100 միլիարդ լրացուցիչ բեռի տասը տոկոսն ուղղել այդ նպատակին:

Բայց եթե կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը շարունակի չընդունել իրենց առաջարկները` իրենք էլ կգնան ծայրահեղ պայքարի եւ փողոց դուրս կգան: Առայժմ մեծամասնության մոտ ընդդիմությանն ընդառաջ գնալու տրամադրություններ պատգամավորը չի տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728