Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանը, որն այն համոզմանն է, թե այս քաղաքում զբոսաշրջությունն անկում է ապրում, Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ամենին նպաստում է նաև Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների հեղհեղուկ վիճակն ու կենտրոնական իշխանության կողմից անընդմեջ հնչող հայտարարությունները, թե Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություններ են անցկացնելու, իշխանափոխություն են կատարելու։
Նման անհուսալի պայմաններում, ըստ նրա, որևէ ներդրող դժվար թե այլևս ցանկություն ունենա գալ Գյումրի ու զբոսաշրջային նոր հասցե ստեղծել՝ սպասարկման որևէ օբյեկտ՝ հյուրանոց, հյուրատուն, ռեստորան հիմնել։
«Իմ տեղեկություններով՝ հիմա հյուրանոցներն ու հյուրատներն էլ ամբողջովին զբաղված չեն, թերծանրաբեռնված են աշխատում, և եթե ինչ-որ պահ լինում է, որ զբաղվածությունը հասնում է պիկին, դա ամսվա մեջ կարող է լինել 1-2 օր։
Եթե բիզնեսմենի, ներդրողի համար շահութաբեր չէ, չի երևում տեսլականը՝ ներդրած գումարը հետ բերելու առումով, բնականաբար, ինչը կարող է շահագրգռել ներդրողին։ Ներդրում կկատարեն, եթե լինի վստահություն ներդրած գումարը հետ բերելու ու եկամուտ ստանալու։
Պարզ օրինակ՝ մեր քաղաքի ճանապարհների վիճակը, այս ճանապարհները տեսնողը կյանքում երկրորդ անգամ չի այցելի Գյումրի, իր շրջապատին էլ կհորդորի չգնալ, որովհետև փոշի է, փոս է, ցեխ է, անհարմարություն է, մեքենաներն են կոտրվում։ Դրանից հետո ո՞ր ներդրողը կբերի, գումարը կպառկեցնի այսպես ասած՝ մեռյալ վայրում ու հույս կփայփայի, թե կարող է մի օր իր ներդրած գումարը հետ ստանա ու շահույթ ստանա»,- ասում է Գոռ Թորոսյանը։
Իսկ Գյումրիում սպասվող իշխանափոխության մասով մեր զրուցակիցը նշում է, որ շարքային գյումրեցու համար արդեն հաճելի չէ այն խոսույթը, որով սպառնում են այս քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին հեռացնել, ուր մնաց հաճելի լինի դրսից եկող ներդրողներին ու զբոսաշրջիկներին։
«Մեզ համար, որ տեղի բնակիչ ենք, տեղում բիզնեսով ենք զբաղվում, փորձում ենք քաղաքում տնտեսությունը զարգացնել, հաճելի չէ ամեն օր լսել նույն բանը՝ խլեցինք, վերցրեցինք, տարանք, այս մեկը՝ վատն է, մյուսը պուպուշ է, մենք լավն ենք, դուք վատն եք կամ հակառակը։
Եկեք պատկերացնենք՝ Եվրոպայից, Ռուսաստանից կամ որևէ այլ երկրից զբոսաշրջիկը պատահաբար կամ գիտակցաբար որոշել է Գյումրի գալ ու փորձում է քրքրել, պեղել մեր քաղաքի մասին որևէ ինֆորմացիա, ինտերնետը բացում է ու տեսնում է՝ Գյումրու ՏԻՄ իշխանությունը պետք է վերցնենք, պետք է գետնին պառկեցնենք, էս անենք, էն անենք, որովհետև քաղաքը վատ է, աղբի մեջ է, փոսերի մեջ է, էս է, էն է, մենք իշխանությունը պետք է վերցնենք, մենք գանք։
Ինքս՝ որպես զբոսաշրջիկ, եթե որոշեմ այլ երկիր գնամ, եթե նման ինֆորմացիա կարդամ, հաստատ այդ էջը կփակեմ, այլ վայր կփնտրեմ, որովհետև ես գնալու եմ հանգստանալու, ժամանց ունենալու, ինչ-որ նոր բան տեսնելու, ոչ թե գնամ քաղաքական պայքարի ականատես լինեմ, առավել ևս այլ երկրում։
Այսպես ո՞նց ենք մենք Գյումրին զարգացնելու ու ո՞նց ենք մարդկանց ասելու՝ հարգելի զբոսաշրջիկ, ճիշտ է՝ մենք քաղաքում ունենք վատ կամ լավ իշխանություն, մեկը մյուսից ուզում է խլի իշխանությունը, վերցնի այն, ինքը նստի այդ աթոռին, բայց արի մեր մոտ, տես ինչ պուպուշ ենք մենք, ինչ լավ քաղաք ունենք, էլ ո՞վ կգա»,- ասում է Գոռ Թորոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու լուսանկարը՝ Love Gyumri ֆեյսբուքյան էջից



















































