Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականությունը կարող է վճռորոշ հնարավորություն դառնալ զարգացող տնտեսությունների համար՝ թույլ տնտեսական աճի պայմաններում. Համաշխարհային բանկի խմբի

Օգոստոս 05,2026 17:47 Share

Եթե սկսել գործել արդեն հիմա, արհեստական բանականությունը կարող է զարգացող տնտեսություններին հնարավորություն տալ մեկ տասնամյակում իրականացնել այն, ինչի համար այլ պայմաններում կպահանջվեր մի ամբողջ դար։

 ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2026 թվականի օգոստոսի 4․ Համաձայն Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված Համաշխարհային զարգացման զեկույց 2026. «Արհեստական բանականություն. հույսեր և ակնկալիքներ» զեկույցի՝ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է զարգացող երկրներին հնարավորություն տալ մեկ տասնամյակում անցնել այն ճանապարհը, որի համար այլ պայմաններում կպահանջվեր մեկ դար՝ պայմանով, որ կառավարությունները արագ կերպով կվերացնեն էներգամատակարարման, համացանցի հասանելիության, մարդկային կապիտալի հմտությունների և ինստիտուցիոնալ որակի ոլորտներում առկա բացերը, որոնք վտանգում են զարգացող երկրների հետագա զարգացումը։

Այսօր հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում գեներատիվ արհեստական բանականության պատճառով աշխատատեղերի ավտոմատացման ռիսկը ավելի քան երեք անգամ բարձր է, քան ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. վերջիններիս դեպքում վտանգի տակ է գտնվում առկա աշխատատեղերի 4.5%-ը, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 14.2%-ը։ Միևնույն ժամանակ, արհեստական բանականությունը կարող է զգալիորեն բարձրացնել զարգացող երկրներում աշխատատեղերի 16.2%-ի արտադրողականությունը, ինչը մոտ է բարձր եկամուտ ունեցող երկրներում ակնկալվող 18.7%-ին։ Այսպիսով, զարգացող երկրների համար արհեստական բանականության ներդրման հիմնական ազդեցությունը կլինի ոչ թե աշխատողների փոխարինումը, այլ նրանց աշխատանքի արտադրողականության աճը։

«Արհեստական բանականությունը կարող է վճռորոշ հնարավորություն դառնալ զարգացող տնտեսությունների համար, որը չի կարելի բաց թողնել», – նշել է Համաշխարհային բանկի խմբի ավագ փոխնախագահ և գլխավոր տնտեսագետ Ինդերմիտ Գիլը։ «Արհեստական բանականության առավելություններից օգտվելու համար երկրներին անհրաժեշտ չեն ո՛չ խոշոր մոդելներ, ո՛չ էլ տվյալների մշակման մեծ կենտրոններ։ Տեղական պայմաններին հարմարեցնելով փոքր և մատչելի արհեստական բանականության գործիքները՝ նրանք կարող են միլիոնավոր մարդկանց համար ավելի հասանելի դարձնել որակյալ առողջապահական ծառայությունները, կրթությունը, արդարադատության ծառայությունները և գյուղատնտեսական գիտելիքների տարածման համակարգը։ Սակայն ժամանակ կորցնել չի կարելի. արհեստական բանականությունն ավելի արագ է տարածվում և շատ ավելի մեծ չափով է կախված տեղական համատեքստից, քան նախկին ընդհանուր նշանակության տեխնոլոգիաները, ինչպիսիք են էլեկտրաէներգիան և ինտերնետը։ «Համաշխարհային զարգացման զեկույց 2026»-ը ցույց է տալիս, թե ինչպես են զարգացող երկրներն արձագանքում այս մարտահրավերներին և հասնում հաջողության»։

 Զեկույցը ներկայացնում է զարգացող երկրների համար արհեստական բանականության տարածման հետևանքների առաջին համապարփակ գնահատականը և արտացոլում է այդ երկրներում ձեռնարկությունների և պետական մարմինների կողմից տեխնոլոգիայի կիրառման սկզբնական փորձը։ Զեկույցում նշվում է, որ արհեստական բանականությունն արդեն օգնում է մարդկանց, ընկերություններին և պետական կառույցներին լուծել գործնական խնդիրներ, վերլուծել տվյալներ, բարձրացնել կանխատեսումների ճշգրտությունը և ընդլայնել ծառայությունների մատուցման ծավալները։ Այս հնարավորությունները հատկապես կարևոր են այն երկրների համար, որտեղ առկա է որակավորված կադրերի, հուսալի տվյալների և պետական հատվածի կարողությունների պակաս։ Արհեստական բանականության գործիքները կարող են հեշտացնել բժիշկների կողմից իրականացվող ախտորոշումները, օգնել ֆերմերներին գյուղատնտեսության վարման ընթացքում ավելի արդյունավետ որոշումներ կայացնել, իսկ ընկերություններին՝ բարձրացնել արտադրողականությունը։ Պետական մարմիններն, իրենց հերթին, կարող են կիրառել արհեստական բանականությունը՝ հարկային վարչարարության կատարելագործման, սոցիալական ծրագրերի իրականացման, տարերային աղետներին արձագանքման, ինչպես նաև առողջապահության և կրթության համակարգերի արդյունավետության բարձրացման նպատակով։

Այսօր զարգացող տնտեսություններն ապրում են վերջին երեք տասնամյակների ընթացքում արձանագրված միջին տնտեսական աճի ամենացածր տեմպերի ժամանակաշրջանը։ Զեկույցի եզրակացությունների համաձայն՝ դեռևս մինչև 2020-ական թվականների ավարտը արհեստական բանականությունը կարող է զգալիորեն արագացնել այդ աճը և միաժամանակ բնակչությանը բերել շոշափելի օգուտներ։ Սակայն նման արդյունքն ամենևին երաշխավորված չէ։ Ամենաառաջադեմ արհեստական բանականության համակարգերը ստեղծվում են միայն սահմանափակ թվով երկրների և ընկերությունների կողմից, մինչդեռ բազմաթիվ զարգացող տնտեսություններ շարունակում են բախվել էլեկտրաէներգիայի, համացանցի հասանելիության, տվյալների, որակավորված կադրերի և ինստիտուտների պակասին, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության լիարժեք կիրառման համար։ Առանց նպատակային գործողությունների, արհեստական բանականությունը կարող է խորացնել երկրների միջև առկա անհավասարությունները, ուժեղացնել երկրների ներսում անհավասարությունը, նպաստել շուկայական իշխանության կենտրոնացմանը, թուլացնել պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և առաջացնել անվտանգության, մարդու իրավունքների և սոցիալական համախմբվածության հետ կապված նոր ռիսկեր։

Զեկույցում առաջարկվում է հստակ եռափուլ ճանապարհ. նախ՝ արդեն գոյություն ունեցող գործիքների ներդրում, ապա՝ դրանց հարմարեցում տեղական պայմաններին, իսկ հետագայում՝ անցում առաջադեմ արհեստական բանականության համակարգերի մշակմանը։ Այս փուլային մոտեցումը հնարավորություն է տալիս երկրներին խուսափել առաջադեմ արհեստական բանականության տեխնոլոգիաները վերարտադրելու ծախսատար և ոչ արդյունավետ փորձերից՝ նախքան անհրաժեշտ հիմնարար պայմանների ապահովումը։

«Ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունների պատուհանը շատ սահմանափակ է», – ընդգծում է «Համաշխարհային զարգացման զեկույց 2026»-ի խմբի ղեկավար Գաուրավ Նայյարը։ «Արհեստական բանականությունը բացառիկ հնարավորություն է ստեղծում հաղթահարելու այն խնդիրները, որոնք մնացել են չլուծված բազմաթիվ սերունդների ընթացքում։ Այն զարգացող երկրները, որոնք արդեն այսօր կսկսեն ձևավորել անհրաժեշտ հիմքը՝ էներգամատակարարում, ինտերնետի հասանելիություն, մարդկային կապիտալ և արդյունավետ ինստիտուտներ, պատրաստ կլինեն ներդնելու և տեղական պայմաններին հարմարեցնելու արհեստական բանականությունը՝ ի շահ իրենց քաղաքացիների»։

Այս ամենն անհնար է առանց անհրաժեշտ հիմնարար պայմանների ապահովման համար նախնական ներդրումների։ Օրինակ՝ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներում գյուղական դպրոցների գրեթե մեկ երրորդը մինչ օրս չունի հուսալի էլեկտրամատակարարում, իսկ ավելի քան երկու երրորդը՝ կայուն ինտերնետ հասանելիություն։ Այս բացի վերացումը արդեն իսկ առաջնահերթություններից մեկն է. Համաշխարհային բանկի խումբը, գործընկերների հետ համատեղ, իրականացնում է «Առաքելություն 300» նախաձեռնությունը, որի նպատակն է մինչև 2030 թվականը Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի 300 միլիոն բնակչի ապահովել էլեկտրաէներգիայի հասանելիությամբ՝ դրանով իսկ հիմք ստեղծելով թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության առավել լայն կիրառման համար։

Երկրների համար կարևոր է նաև ընդլայնել հասանելիությունը հաշվարկային հզորություններին և մեծացնել տեղական տվյալների, այդ թվում՝ տեղական լեզուներով տվյալների, մատչելիությունը, որպեսզի արհեստական բանականության գործիքները հնարավոր լինի հարմարեցնել իրենց բնակչության և տնտեսության կարիքներին։ Կառավարությունները պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք կհեշտացնեն նորաստեղծ ընկերությունների համար ներդրումների ներգրավումը, գաղափարների փորձարկումը և հաջողված լուծումների մասշտաբավորումը։ Արհեստական բանականության ոլորտում արդեն իսկ իրականացվում են բազմաթիվ փորձնական նախագծեր, սակայն առավել բարդ խնդիրն այն է, թե ինչպես պարզել, թե դրանցից որոնք են իրականում արդյունավետ արդյունքներ ապահովում։ Դրա համար անհրաժեշտ կլինեն առավել հիմնավոր փաստական տվյալներ, ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև գնումների և արդյունավետության գնահատման առավել հստակ մեխանիզմներ։

Ոչ պակաս կարևոր խնդիր է նաև արհեստական բանականության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ Հաշվի առնելով այս տեխնոլոգիայի զարգացման արագ տեմպերը՝ սկզբնական փուլում կառավարություններին նպատակահարմար է հիմնվել կամավոր ճյուղային չափանիշների վրա, որոնք խրախուսում են արհեստական բանականության պատասխանատու կիրառումը։ Այս հարցում կարևոր դեր ունի նաև միջազգային համագործակցությունը, որի նպատակն է կանխել կարգավորումների մասնատումը։ Այն դեպքերում, երբ կամավոր միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է կիրառել գործող իրավական նորմերը՝ բացասական հետևանքներն անմիջականորեն կանխելու և վերացնելու համար։ Վստահության ամրապնդմանը կնպաստեն պետական ծառայությունների որակի բարելավումը և դպրոցներում ուսուցման արդյունքների բարձրացումը։ Սակայն եթե արհեստական բանականությունը հանգեցնի պետական մարմինների որոշումներում կողմնակալության կամ տվյալների գաղտնիության խախտումների, ապա հանրային վստահությունը վերականգնելը կլինի չափազանց դժվար։

Համաշխարհային բանկի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31