Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու իշխող ուժը Սահմանադրության փոփոխություն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով, որ սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում չկարողացավ ապահովել՝ հարցին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Այս մասին արդեն խոսել է վարչապետը. հարցը պատվիրակված է իրավաբաններին։ Երբ իրավաբանները նկարագրեն, թե ինչ մեխանիզմներ կան ժողովրդի կամքն ապահովելու համար, վստահ եմ՝ հարցին կանդրադառնանք կրկին»։
Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանից նշել էին, որ ազդակներ կան, թե շուտով լինելու է այդ փոփոխությունը եւ հարցին՝ ինչի՞ց են ենթադրում, որ հանրաքվեն կարող է շուտով տեղի ունենալ, Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Ես սովորաբար կարդում եմ հայտարարությունները, համոզվում, որ ճշմարիտ են թարգմանված, նոր արձագանքում։ Այս պահին պարոն Հաջիևի հայտարարությանը չեմ տիրապետում, խոստանում եմ՝ կծանոթանամ և կարձագանքեմ։ Բայց կրկին ասում եմ՝ մենք սպասում ենք մեր քաղաքական թիմի իրավաբաններին, ովքեր կասեն, թե ինչպես կարող ենք ապահովել ժողովրդի կամքը»։
Ճշտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ձգձգումը. տեքստը դեռ պատրաստ չէ՞, լուրջ տարաձայնություննե՞ր, բանախոսը արձագանքեց, թե վարչապետն այս մասին խոսել է, Սրբուհի Գալյանը ներկայացրել է ծրագիրը և նոր Սահմանադրության տեքստը վարչությանը, հնչել են առաջարկներ. վարչությունը ինչ-որ պահի պետք է վերադառնա այս քննարկմանը, և ամբողջական տեքստը ներկայացվի։
Հարցին էլ՝ տեղեկություններ կան, որ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Անկախության հռչակագրին, դա՞ է պատճառը, նա պատասխանեց. «Նման բան չկա։ Խմբակցությանը ներկայացվել է տեքստն առանց այդ մասի, դրա շուրջ քննարկումներ չեն եղել, քննարկել ենք բովանդակային այլ գլուխներ»։
Կարդացեք նաև
Հարց հնչեց նաև՝ ընդդիմության հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ նրանք խոսում էին փողոցային պայքարի մասին կամ ասում էին, որ մանդատը զենք է։
Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Երբ խոսում ենք բարեկրթության մասին, տպավորություն է ստեղծվում, թե տարաձայնությունների մասին չենք խոսելու։ Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք, բայց դա չի նշանակում, որ քաղաքակիրթ ձևով, առանց անձնական վիրավորանքի, չենք կարող քննարկել այս հարցերը։ Մեր ժողովուրդը պետք է տեսնի քաղաքակիրթ խորհրդարան, որին հետևելը հաճելի է։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է վերցնի իրեն հասանելիք պաշտոնները, որպեսզի չխաթարվի խորհրդարանի գործունեությունը։ Այս մասին կա նաև Սահմանադրական դատարանի որոշում։ Մենք պետք է 5 տարի միասին աշխատենք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Մենք ստացել ենք բավարար քվե՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար, բայց ակնկալում ենք, որ ընդդիմությունը նույնպես կմիանա մեր աշխատանքներին»։
ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության մասին էլ ասաց. «Պարոն Վարդևանյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի ցուցակում, մանդատ է ունեցել, մի քանի տարի հետո վայր է դրել այդ մանդատը, և հանրությունն այդպես էլ չի իմացել, թե ժողովրդի վստահության քվեն ինչու չի պահպանել։ Հիմա նա Սամվել Կարապետյանի ցուցակում է։ Հետաքրքիր է լսել, թե ի՞նչն այնպես չեն արել Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները, որ նա, ի վերջո, հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































