«Ոչ լեգիտիմ իշխանության հակասահմանադրական ու հակապետական քայլերն է». ԲՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը այսպես է գնահատում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և գործող տնօրեն Արթուր Դալլաքյանի ձերբակալությունները։
«Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն արդեն վաղուց անցել են բոլոր սահմանները։ Փորձում են հիմա նրա բիզնես ակտիվների ղեկավարներին ինչ-որ կերպ ձերբակալելով շարունակել այն գործընթացները, որոնց ականատեսն ենք։ Սա քաղաքական հետապնդումների տրամաբանության մեջ է, սա քաղաքական առումով ակնհայտ բանդիտիզմ է, սա նաև ԲՀԿ-ից գողացված ձայների հետևանքն է»,- Aravot.am-ին ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, և տնտեսական չարաշահումների մասին խոսք լինել չի կարող։
«Ինչո՞ւ եմ պնդում, որովհետև իմ տեղեկություններով՝ Ծառուկյանի բոլոր հիմնարկներում անուղղակի կերպով գրանցված էին հարկայինի աշխատակիցներ, որոնք առավոտից երեկո ստուգում էին Գագիկ Ծառուկյանի բիզնես ակտիվներն ու դրանց շարժը։ Հետո մի գեղեցիկ օր որոշեցին, որ այստեղ խախտումներ կան, ու սկսեցին մարդկանց ձերբակալել և ահաբեկել։ Բարի գալուստ թուրքամետ բռնապետության առաջին նախանշաններ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Աբովյանի համոզմամբ՝ ձերբակալությունների շրջանակը կընդլայնվի։
«Այս իշխանությունների գործողությունները պետք է լիովին համապատասխանեն այն տեսլականին ու հանձնարարականներին, որոնք պարտավորված են կատարել՝ Սահմանադրության փոփոխություն, թուրքերին ու ադրբեջանցիներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում, Հայաստանը թուրքական հպատակության տակ կամաց-կամաց մտցնելը։ Այստեղ, բացի ճղճիմ վրեժխնդրությունից, տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը փորձում ջարդել հայկական դիմադրության օջախները։ Այո՛, այս ամենը ընդլայնվելու է։ Յուրաքանչյուր մարդ, որն իրեն նույնականացնում է որպես հայ, այս կամ այն կերպ ճնշումների տակ է ընկնելու»,- հավելեց Աբովյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































