Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության չորս նոր ծրագրերը

Մարտ 20,2018 21:33

Մարտի 20-ին մեկնարկած «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության չորս ծրագրերը կնպաստեն հայաստանցի երիտասարդների, հատկապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների համար լրացուցիչ վերապատրաստումների, հմտությունների զարգացման, պրակտիկայի և աշխատանքին զուգահեռ ուսուցման հնարավորություններին: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1.9 միլիոն եվրո:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը ասաց. «Արդեն պլաններ ենք մշակում Շիրակի մարզում խոհարարական դպրոց բացելու համար: Ես գիտեմ, որ հայերը չափազանց ստեղծարար են և դա հայ հասարակության ուժն է: Պատրաստվում ենք բացել 125 մանր բիզնես և 14 երիտասարդական խմբակ՝ զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով»:

Լոուրենս Մերեդիթը բացատրեց, որ ծրագիրը կազմված է երեք փուլից՝ Էրազմուս+, Դրամաշնորհ և Համակարգման բաղադրիչ: Էրազմուս+ ծրագիրը երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացման բաղադրիչ է: Երկրորդ փուլում դրամաշնորհների միջոցով աջակցում են երիտասարդների համար կրթական հնարավորություններին և զբաղվածության հեռանկարներին: Իսկ երրորդ փուլի նպատակն է ապահովել ծրագրերի հասանելիությունը երիտասարդներին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասաց. «Հայտնի փիլիսոփա Դեյվիդ Հյումը, փորձելով պատկերացնել հասարակությունն առանց մեծահասակների, գրել է «Երիտասարդները վերջնականապես կորած կլինեն»: Հայաստանի երիտասարդ սերունդը շատ տաղանդավոր է: Երիտասարդների պարտավորությունն է՝ վերցնելով աշխարհի լավագույն օրինակները, լավ ապագա ստեղծել պետության համար: Միայն ի ծնե եղած բարձր ինտելեկտուալ մակարդակը բավական չէ, շատ կարևոր է լավ կրթությունը և, իհարկե, լավ աշխատանքը, որին մենք փորձում ենք նպաստել: Բայց այդ ամենը պետք է գտել Հայաստանում, ոչ թե դրա սահմաններից դուրս»:

Բացման խոսքերին հաջորդեց չորս ծրագրերի ներկայացումը:

Առաջինը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման ծրագիրն» էր, որը ներկայացրեց Հայկական կարմիր խաչ, երիտասարդության զարգացման ծրագրերի համակարգող Նազելի Կիրակոսյանը.

«Ծրագրի թիրախային խումբ են կազմում նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համագործակցող կազմակերպությունների 100 կամավորներ և այլ հաստատությունների 70 ներկայացուցիչ: Ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և հմտությունները կօգնեն երիտասարդներին դառնալ հասարակության ակտիվ անդամներ և աջակցել արտագաղթի նվազեցմանը»:

Երկրորդը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագիրն էր: Այն ներկայացրեց «Save the Children International» գրասենյակի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Արսեն Սիմոնյանը:

«Այս ծրագիրը իրականացվում է երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան ու Ուկրաինա: Ծրագրի շրջանակներում երեք երկրների իրականացնող գործընկերները կհիմնեն երիտասարդական ցանցեր և ակտիվորեն կներգրավեն արդեն իսկ գործող ցանցերը։ Հայաստանում կվերապատրաստվեն 300 երիտասարդ, ևս 100-ը կմասնակցեն ձեռնարկատիրության վերաբերյալ համապարփակ ուսուցմանը և խորհրդատվությանը»:

Հաջորդը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակություն և կայունություն» ծրագիրն էր: Այն ներկայացրեց «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հանրային ֆինանսավորման հարցերով խորհրդական Մարգարիտա Թադևոսյանը:

«Սա նոր ծրագիր է, որն ուղղված է սոցիալապես և տնտեսապես անապահով երիտասարդների՝ հատկապես երիտասարդ կանանց հզորացմանը, նրանց զբաղունակության և ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը: Ծրագրի թիրախը ՍՕՍ-ի ծրագրերում ընդգրկված, ինչպես նաև պետական խնամքի տակ գտնվող երիտասարդներն են, որոնց կտրամադրվի համապատասխան աջակցություն` ըստ նրանց կարիքների»:

Չորրորդը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ «Say Yes». հմտություններ աշխատանքի համար» (թարգ. «Ասա Այո»-խմբ.) ծրագիրն էր : Այն ներկայացրեց Վորլդ Վիժն Հայաստան երիտասարդական ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը:

«Ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերում կհիմնադրվի 7 ՍՔԱՅ երիտասարդական ակումբ, որտեղ ներգրավված 140 երիտասարդները կհանդիպեն ամեն շաբաթ 2-3 ժամով, որպեսզի սովորեն և ծառայեն իրենց համայնքներին։ ՍՔԱՅ ակումբը 18-ից 26 տարեկան 10-25 երիտասարդներից բաղկացած խումբ է, որն օգնում է հատկապես անբարենպաստ պայմաններում ապրող երիտասարդներին զարգացնել այնպիսի հմտություններ, վարքագիծ և վերաբերմունք, որոնք նպաստում են կայուն եկամտի ձևավորմանը և իրենց համայնքներում կառուցողական մասնակցությանը»:

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031