Առայժմ դժվար է եզրակացնել, թե ի՞նչը մղեց ՀՀԿ-ին ընդամենը կես օրում փոխելու իր անտեղիտալի կեցվածքը եւ հայտարարելու, թե առաջիկա մայիսի 8-ին Հայաստանը կունենա ոչ ՀՀԿ-ական նոր վարչապետ. կարեւոր մայրաքաղաքներից ստացված շտապեցնող թելադրանքնե՞րը, մարտի 2-ին երկրի գրեթե ամբողջովին անդամալուծված վիճա՞կը, թե՞ սեփական շարքերը կուռ պահելու մտահոգությունը: Թերեւս այդ բոլորը՝ համատեղ: Ներկա պահին կարեւորը այն է, որ մեր երկիրը կարող է դուրս գալ փակուղային վիճակից եւ ի վերջո օժտվել նոր, համաձայնեցված կառավարությամբ: Ավելին՝ մուտք գործել քաղաքական նոր՝ իսկական պառլամենտարիզմի դարաշրջան, եթե…
Վերեւում գործածեցի «համաձայնեցված» բառը, ոչ պատահաբար: Դա տարբեր է «համաձայնականից», եւ բոլորովին տարբեր՝ «ազգային համաձայնականից»: Դա այն է, ինչը արդեն մեկ դարուց ավել կիրառվում է եվրոպական շատ երկրներում եւ կոչվում է «փոքրամասնական կառավարություն»: Այսինքն մի կառավարություն, որի վարչապետը, տվյալ խորհրդարանում մեծամասնություն չունենալով հանդերձ ընտրվում է անհրաժեշտ մեծամասնության ձայներով, սակայն չի հանդիսանում մեծամասնության ընտրած վարչապետը, սակայն իր գործունեության ընթացքում տվյալ երկիրը կառավարում է մյուս կուսակցությունների հետ փոխադարձ համաձայնությունների եւ քաղաքական սակարկությունների պայմաններում, մինչեւ… հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններ:
Որպես կանոն՝ նման կառավարությունները համարվում են տկար կամ կախյալ: Սակայն տկարությունը պատճառ չի դարձել, որ, օրինակ, նման մոդելը չկիրառվի պառլամենտական կառավարման ամենադասական երկրում՝ Մեծ Բրիտանիայում, նույնիսկ երկրի համար ճակատագրական պահերին, ինչպես՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կամ Ուինստոն Չերչիլի վարչապետության ժամանակաշրջանում:
Սակայն փոքրամասնական կառավարությունների դասական օրինակը մեզ տալիս է Դանիան, որտեղ նման կառավարությունները, առնվազն վերջին 40-50 տարիներին, ավելի հաճախ են ստեղծվել, գործել եւ գործում, քան մեծամասնականները: Եվ հաջողությա՛մբ, որի բանալին, ինչպես ասվեց վերեւում, վարչապետի եւ իր թիմակիցների ճկունությունն է, փոխզիջումնային գործելակերպը, այլ խոսքով՝ իսկական պառլամենտարիզմը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում:


















































