Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը թիվ 11 դպրոցում սկսել է բացատրագրեր վերցնել

Մայիս 07,2018 22:33

«Հիմնադիր Խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը օրերս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում թիվ 11 դպրոցի աղմկահարույց դեպքի մասին, նշելով, որ վհուկների որս չպիտի լինի, ամենը պետք է օրենքի սահմանում լինի:

Հիշեցնենք, այս դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ պաշտոնից հեռացման պահանջն էին բարձրացրել: Տնօրենն արդեն ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմումը: Դպրոցի անձնակազմը լրագրողներին պատմել է այսպես ասած՝ «ատկատների» մասին. պարգեւատրումներ էին ստանում, ապա գումարը տալիս տնօրեն Ազիզյանին:

Իսկ Սյուզան Սիմոնյանն այս առնչությամբ գրել է՝«Ամենեւին կողմնակից չլինելով, որ անտոնյաններն ու ազիզյանները աշխատեն դպրոցում, ամեն դեպքում կուզեի նրանց դեմ դուրս եկած նույն ուսուցիչներին և ծնողներին ասել՝ այն ժամանակ, երբ ձեզնից անձնագիր էին հավաքում, դուք գլխիկոր հանձնում էիք, այն ժամանակ, երբ ձեզնից քվե էին պահանջում, դուք գլխիկոր տալիս էիք, այն ժամանակ, երբ ձեզնից կեղծել էին պահանջում, դուք կեղծում էիք ու 10,000 էիք վերցնում, կամ էլ լավագույն դեպքում լռում էիք, իսկ հիմա դուք ձեր անցյալի սխալները թողած՝ նախկին պահանջողներից եք պատասխան պահանջում։ Ես կողմ եմ, որ ամեն մարդ պատասխան տա օրենքի առջեւ իր կատարած հանցանքի համար, բայց ես կողմ չեմ, որ վհուկների որս սկսվի, կամ էլ նման խայտառակ կոլեկտիվ հարձակումներ տեղի ունենան, այն էլ երեխաների հետ միասին։ Դատի տվեք Ազիզյանին դատարանում, ու մի քիչ էլ հիշեք ձե՛ր սխալները։ Վստահ եմ ձեր երեխաներին չեք պատմել դրանց մասին ու այսօր արդարություն պաշտպանող ասպետ եք դարձել»։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սյուզան Սիմոնյանի ասածը փաստ է: Իսկ ինչ վերաբերում է Սիմոնյանի՝ ուսուցիչների եւ աշակերտների մասին դիտարկումներին, ապա Բախշյանն ասաց, որ ուսուցիչներն արդեն ընդունել են, որ սխալ են եղել. «Ես չգիտեմ՝ իրենք իրենց աշակերտներին կպատմե՞ն իրենց սխալի մասին, բայց աշակերտներն արդեն հասկացել են իրենց ուսուցիչների կամակատար լինելու մասին»:

Տիկին Բախշյանն ասաց, որ երեկ ուսուցիչները քաղաքապետին ուղղված իրենց դիմումում ընդունել են, որ իրենք սխալ են եղել, իրենց կառավարել են, ձայն չեն հանել, որովհետեւ իրենց ճնշել են. «Նրանց ինքնասիրությունը տնօրենը զրոյի էր հավասարեցրել: Բայց այսօր այդ մարդիկ արդեն պայթել են եւ հասկացել են, որ սխալ են եղել: Եթե Սերժ Սարգսյանը չգնար՝ մենք էլի նույն սեղմված մամլիչի տակ ապրելու էինք»:

Ըստ Բախշյանի, վհուկների որս չկա, կա օրինականության պահանջ. «Եվ ես, որպես կրթության փորձագետ, մեծ սիրով, այն սիրո, որը մի ամիս է քարոզվել է Հայաստանում, այդ սիրով առաջնորդվելով՝ գնացել եմ ինքս էլ բացատրագիր եմ գրել, եւ այդ մեծ սիրով Ռուզան Ազիզյան կուզեմ տեսնել դատարանում եւ կտեսնեմ»:

Անահիտ Բախշյանը դիմել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետին եւ դատախազին, եւ սեփական կամքով միջնորդություն արել, որպեսզի իրեն ներգրավեն այդ իրավական գործընթացում, եւ արդեն ներգրավել են: Քրեական գործ դեռ չի հարուցվել, բայց ինչպես վստահեցրեց Բախշյանը, դատախազությունը ԶԼՄ-ներով հնչած բոլոր ահազանգերը, որտեղ քաղաքացիները հաղորդում են տալիս հանցագործության մասին, հանձնարարել է ոստիկանությանը զբաղվել. «Ոստիկաններն այսօրվանից դպրոցում սկսել են բոլոր այդ ահազանգողներից բացատրագիր վերցնել, մարդիկ գրում էին: Այդ գործընթացը պիտի շատ լուրջ վերահսկողության տակ պահի դատախազությունը: Մենք էլ խոշորացույցի տակ ենք պահելու այս գործը: Սա պիտի լինի օրինակ, թե՝ ինչ կարելի է անել, եւ ոչ մեկին չի թույլատրվում նման բան անել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031