Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Արայիկ Պապիկյան. «Բռնապետական երկրներում զինված ապստամբության մասնակիցները, որոնք հայտնվել են անազատության մեջ, քաղբանտարկյալ են»

Մայիս 07,2018 23:35

«Հելսինկյան Ասոցիացիա» կենտրոնի փաստաբաններ եւ իրավապաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը այսօր Մաշտոցի պուրակում քայլ էին արել՝ սկսելով հանրային բաց քննարկումներ քաղբանտարկյալներին եւ «Սասնա Ծռերին» ազատելու հարցի շուրջ:

Արայիկ Պապիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք, ըստ էության, առաջին օրերից՝ սկսած նախաքննության փուլերից եւ հիմա էլ,  ընդգրկված են եղել քաղաքական գործերով տարբեր դատավարություններում:

«Այսօրվա նախաձեռնության հիմնական գաղափարն այն է, որպեսզի քաղբանտարկյալների վերաբերյալ մեր տեսակետը ներկայացնենք հանրությանը, իրավական եւ օրինական լուծումների հնարավորությունը, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Ու այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ ամենեւին էլ պարտադիր չէ սպասել, որպեսզի առաջիկայում ձեւավորվելիք իշխանությունն ինքն այդ հարցով լուծում տա:

Հեղափոխությունը ցույց տվեց, որ ամեն մեկս ինչ-որ բան պիտի անենք: Հասարակությունը շատ խնդիրներ ունի եւ չպետք  սպասենք, որ նորընտիր վարչապետն առավոտյան արթնանա եւ այդ խնդիրները միայնակ լուծի: Մենք հասկանում ենք, որ դա անհնար է, եթե հանրությունն ինքը նախաձեռնություններով հանդես չգա: Մենք հիմա այդ նախաձեռնությունը ցուցաբերում ենք՝ քաղբանտարկյալների առումով ներկայացնում ենք մեր տեսակետները, լուծումները եւ դրանով ցույց տալիս, որ ամեն ինչ չպիտի հրահանգավորվի: Առավել եւս, հանրությունը ցույց տվեց, որ հեղափոխությունը կարելի է անել առանց հրահանգների, որ մեկ անձը չպիտի որոշի: Այլեւս դա փաստ է եւ մենք ուզում ենք մեր բոլոր գործընկերների, ակտիվիստների հանրային ակտիվ քաղաքացիների ուժերով օրինականության եւ իրավունքի սահմանում գործադրենք մեր ջանքերը, լավ իմաստով ճնշում գործադրենք, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս շուտ»:

Հարցին, թե օրինական դաշտում դա հնարավո՞ր է, պարոն Պապիկյանը պատասխանեց. «Այո, միանշանակ հնարավոր է: Օրենսդրությունը բազմաթիվ տարբերակներով դա ունի նախատեսված: Որպես իրավապաշտպան ասեմ ավելի կարեւորը: Եթե օրենքը ինչ-որ հարցեր հստակ չի կարգավորում, միանշանակ գործում է անբեկանելի եւ անքննելի իրավունքը՝ եւ միջազգային իրավունքը եւ մարդու իրավունքների բուն էությունը: Կոնկրետ Հայաստանում քաղբանտարկյալների առումով կա միջազգային բավարար եւ թույլատրելի մեխանիզմներ:

Մասնավորապես, ԵԽԽՎ-ի թիվ 19.00 բանաձեւը, միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից «Միջազգային համաներում» կազմակերպության տված սահմանումը քաղբանտարկյալների վերաբերյալ, որը եզակի փաստաթղթերից մեկն է, որում նաեւ նշված է, որ բռնապետական ռեժիմի երկրներում զինված ապստամբության մասնակիցները, որոնք հայտնվում են անազատության մեջ, նրանք քաղբանտարկյալ են: Օրենքը նաեւ նախատեսում է իրադրության փոփոխությունը: Մենք արդեն շուրջ երկու շաբաթ է այլ Հայաստանում ենք ապրում, հետեւաբար, նաեւ այս հիմքով քաղբանտարկյալների խնդիրը պետք է ժամ առաջ լուծվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031