Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա». Գեւորգ Կոստանյան

Մայիս 15,2018 17:07

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին լրագրողները հարցրեցին՝ քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունները, որքանո՞վ է ՀՀԿ -ի համար անհրաժեշտ արտահերթ ընտրությունների անցկացումը: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Քաղաքական իրադարձություների առնչությամբ ուզում եմ փաստել, որ երբեւէ խնդիրը չեմ դիտում՝ առնվազն կուսակցականության տեսակետից: Ես ինքս կուսակցական չեմ: Ես քաղաքական կոմպոնենտները հաշվի առնելով՝ քաղաքական մի դիրքորոշում եմ հայտնել: Խմբակցության անունից կարող եմ ասել, որ մենք խնդիրը չենք դրել՝ այսօր կուսակցությունը իշխանություն ունի՞, թե՞ չունի, մեզ համար բացարձակ կապ չունի՝ հիմա որ կուսակցությունը կլինի իշխանության: Եթե կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ այլ անձի ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը: ՀՀԿ-ն չի անի մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը: Կառավարության ձախողումը մեր երկրում հանգեցնելու է երկրի համար լրջագույն պրոբլեմների: Վստահ եմ, խմբակցության անունից էլ կարող եմ ասել, որ որեւէ մեկը որեւէ բան չի անի՝ երկրին վնասելու համար: Իսկ արտահերթ ընտրությունները ինքնանպատակ չեն, պետք է լուծեն քաղաքական խնդիր: Եթե քաղաքական դասավորավածությունը այնպես է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են երկրի բարօրությանը, ուրեմն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա: Եթե կլինի քաղաքական անհրաժեշտություն՝ ժամանակը ցույց կտա: Եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, իրավական հիմքերը պիտի նայվեն: Ինձ համար, անկեղծ ասած, դա այս իրավիճակում անհասկանալի է»:

Հարցին՝ ո՞րն է քաղաքական անհրաժեշտությունը՝ նա պատասխանեց. «Դա բացառապես պայմանավորված կլինի նրանով, որ, օրինակի համար լինի պառլամենտ-կառավարություն հակադրություն»: Հակադրություն այսօր Կոստանյանը չի տեսնում՝ «Այսօր կառավարությունը ներկայացրեց օրենքի նախագիծ, ընդ որում, նախկին կառավարությունն էր այն ներկայացրել, ընդ որում, ես նոր նախարարի հետ հատուկ խոսեցի, որ եթե չեք ուզում՝ այդ նախագծերը հանելու եմ օրակարգից, բայց Արտակ Զեյնալյանը համաձայնություն տվեց, մենք նոր քննարկեցինք: Մենք նոր կառավարության այդ նախագծի շուրջ ունեցանք արդյունավետ քննարկում: Կապ չունի ով է պառլամենտական մեծամասնությունը, եթե դա բխեց մարդու իրավունքների պաշտպանության բացարձակ արժեքից, մենք դրան գնալու ենք»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի համար անհրաժեշտություն է համարվում արտահերթ ընտրությունը, դուք բացառո՞ւմ ե ք, որ կարողանա նա ձեր խմբակցության որոշ պատգամավորների հետ համաձայնության գա եւ նոր ընտրություններ անցկացվեն՝ նա պատասխանեց. «Եթե կառավարությունն ու ԱԺ-ն համակարգված աշխատում են, եթե պետք է ԱԺ-ի լուծարման հիմքեր ստեղծելը լինի բացառապես ինքնանպատակ, սա քաղաքական նպատակահարմարություն է, դրան գնահատական չեմ կարող տալ: Եթե դա արվում է առանց հիմնավորման, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»:

Հարցին՝ ի վերջո այս ԱԺ-ն ձեւավորվել է խնդրահարույց ձեւով, ռեյտինգային ընտրակարգով, որը շատերի կողմից չի ընդունվում, դուք չե՞ք տեսնում անհրաժեշտություն Ընտրական օրենսգրքի փոփոխության, ու եթե արտահերթի չի գնում ՀՀԿ-ն, չի՞ նշանակում, որ մտավախություն ունի, ԸՕ-ն չփոխելու դեպքում այլեւս այս կազմով ՀՀԿ-ն չի ընտրվի՝ Կոստանյանը պատասխանեց, որ խնդիրը Ընտրական համակարգերի կիրառման տարբերության մեջ է. «Ասել, որ եթե ընտրությունները անցկացվել են այս ընտրական համակարգով, ուրեմն դա լավ չի՝ ես ձեռնպահ կմնամ դա ասելուց: Բազմաթիվ երկրներ կան, որ այս ընտրական համակարգն են կիրառում եւ շատ գոհ են, բազմաթիվ երկրներ կան, որ այլ ընտրական համակարգ են կիրառում: Մենք չեն կարող ասել՝ այս ընտրակարգը լավն է Հայաստանի համար կամ շատ վատ: Քաղաքական նպատակահարմարություն է»: Նա հիշեցրեց, որ այս ընտրական համակարգը ընդունվել է քաղաքական ուժերի մեծամասնությամբ, հետեւաբար այն ժամանակ քաղաքական ուժերի մեծամասնությունը գտել է, որ այս ընտրակարգը լավն է եւ կիրառելի է ՀՀ-ի համար. «Սա բացառապես քաղաքական նպատակահարմարության հարց է: Ուրիշ հիմք այստեղ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031