Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ստուգման վերջում իրենք հաստատ պատասխանատվության են ենթարկվելու»․ Արսեն Թորոսյանը՝ ՖԲ-ով մատնանշած բուժհաստատության մասին

Հունիս 16,2018 21:29

Այսօր լրագրողները Գյումրի այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե չարաշահումներ հայտնաբերվե՞լ են մարզային հիվանդանոցներում։ Նախարարն ասաց․ «Անկեղծ ասած, մարզեր պետպատվերների գումարի մասով չենք հասել, որովհետև ռեսուրսները, ինչքան որ ցավալի է, սահմանափակ են․ Երևանի վրա ենք կենտրոնանում, որովհետև Երևանում ռեսուրսները շատ են ու նաև փոշիացումներ էլ շատ կարող են լինել։

Մարզային մի երկու ծրագիր ենք հետազոտել․ տուբերկուլյոզի ծրագիրն ենք հետազոտել, այնտեղ հաստատ կլինեն վերանայումներ ֆինանսների բաշխման։ Ես կարծում եմ, որ այդ հարցում մեզ կարող են օգնել մարզպետարանները, իրենք իրենց ներքին աուդիտի բաժիններով պետք է կատարեն ստուգումներ, ինչու չէ, երբ որ մենք էլ գանք ստուգելու, համագործակցելու ենք։ Պետք է միշտ հիշեն, որ այդ ստուգումները նպատակ չեն ունենալու միայն ինչ-որ չարաշահումներ հայտնաբերելու և պատժելու, ինչ-որ մարդկանց պատասխանատվության ենթարկելու, այլ հակառակը, որպեսզի ոնց անեն, որ այդ ամենը էֆեկտիվ աշխատի, մարդիկ լավ բուժում ստանան, ոչ թե հակառակը»,-ասաց նախարարը։

Իր ֆեյսբուքյան այն գրառման մասին էլ, թե «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել», նախարարն ասաց, որ այդ բուժհաստատությունում այս պահին ստուգումներ են ընթանում։

«Իրենք այդ ստուգման վերջում հաստատ պատասխանատվության են ենթարկվելու և՛ ֆինանսական, և եթե քրեական տարրեր պարունակի, հաստատ նաև քրեական»։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` նախարարի՝ իր ՖԲ էջում հիվանդանոցից գցած նկարն ու գրառումը վերաբերում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնին, որի տնօրենը Արա Մինասյանն է՝ Սերժ Սարգսյանի խնամին։

Ինչպես Իրավաբանnet-ին տեղեկացրել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում առողջապահության նախարարի կողմից ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու 2016, 2017 և 2018 թվականներին այս բուժհիմնարկին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել