Անհարմար է ասել գողության «հոբելյանական» տարի, այնուամենայնիվ, այդ տարիներն անցան գողության ու կեղծիքի մթնոլորտում: Ես բազմիցս խոսել եմ Գեւորգ Մարզպետունու ամրոցի մասին, բայց արձագանք չեմ ստացել, նույնիսկ շահագրգիռ կազմակերպությունները անտարբերություն ցույց տվեցին: Մի՞թե բոլորի համար սովորական է դարձել գողությունն ու կեղծիքը, որոնք ծնում են կոռուպցիա:
2008թ. ձմռան ամիսները չէին ավարտվել, երբ ես իմացա ամրոցի շինարարության մասին ու զարմացա, որ այն սկսել են՝ առանց պեղման աշխատանքները կատարելու, որի մասին ես նշել էի նախագծում եւ ինչը ամրագրված է օրենքով:
2007թ. դեկտեմբերին ես՝ որպես վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ, ավարտել էի մշակույթի նախարարության կողմից հաստատված Արարատի մարզի Գ. Մարզպետունու ամրոցի վերականգնման եւ ամրակցման նախագծային առաջադրանքի բոլոր պահանջները եւ կազմած՝ երեք գրքով, ներկայացրել քննարկման, որը առանց դիտողությունների հավանության արժանացավ:
Սակայն մշակույթի նախարարության ներկայացուցիչը, որը տնօրինում էր փողային բաժանումը, իմ աշխատավարձը (7 մլն դրամից 2,5 մլն դրամ) կամ իրենց խոստացածը որպեսզի չտան (այլ կերպ անհնար է մտածել), միտումնավոր ստիպեց ավարտած նախագիծը անել համակարգչային գրաֆիկայի եղանակով, այն էլ իմ հաշվին, որից ես հրաժարվեցի, քանի որ մինչ այդ ինձ գումար չէին տվել:
Հաջորդ տարի հապշտապ հավաքել էին կեղծարարների մի խումբ՝ Վ. Գրիգորյան, Ա. Սարգսյան եւ այլն, այնուհետեւ ինձ ազատեցին աշխատանքից եւ կատարեցին իրենց սեւ գործը:
Կեղծած նախագիծը, վերակազմած նախահաշվային մասի հետ, առանց մասնագիտական քննարկման, հաստատել էին եւ տվել շինարարին:
Հարուցվեց քրեական գործ, ես էլ հուսով էի, որ արդարությունը կվերականգնվի: Սկզբնական շրջանում գործը կարծես ճիշտ հունով էր ընթանում, բայց ավելի ուշ ամեն ինչ «փակվեց», մարդիկ իրենց ուզածով շինարարությունը շարունակեցին, ու այսօր հուշարձանը ավարտված է բազմաթիվ ֆունկցիոնալ սխալներով:
Այս վիճակում թողնել հուշարձանը, նշանակում է խաթարել հուշարձանի պատմամշակութային արժեքը, քանզի այն 10-րդ դարի ամրոցաշինության լավագույն նմուշներից մեկն է եւ դեռ ունի շատ չպարզված գաղտնիքներ, որոնց ուսումնասիրությունը կհարստացնի Ուրծ քաղաքատեղիի նշանակությունն ու դիրքը տարածաշրջանի համար:
Իսկ արդարության վերականգնումը (առանց հովանավորի, «տանիքի») քանի գնում, խճճում են: Հուսամ՝ այս ամենի վրա մի օր լույս կսփռվի:
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ճարտարապետ
«Առավոտ»
06.07.2018


















































