Լրահոս
Օրվա լրահոսը

Ծարավ աղբյուրների սիրահար կառավարության ԾԻԳ-ը

Հուլիս 07,2018 14:30 Share
jur

Այս օրերին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպված կոռուպցիոն սխեմաներ է բացահայտում, չարաշահումների վերաբերյալ ինչ էլ ներկայացվի, միեւնույն է՝ ԱԱԾ-ի կողմից հանրությանը մատուցվող ինստիտուցիոնալացված այդ ծրագրերի ստվերում է մնալու: Այդուհանդերձ, հասկանալի է, որ ՀՀԿ-ի օրոք կոռուպցիայի, կաշառակերության, չարաշահումների առումով ամեն ինչ չէ, որ հասցվել է կատարելության մակարդակի: Դա երեւում է վերջին տարիներին կառավարության խողովակներով իրականացված ցանկացած ծրագիր դիտարկելիս, երբ գրեթե ամեն «քայլափոխի» հանդիպում ես «անհասկանալի, անտրամաբանական» մոտեցումների շղթաների, որ միմիայն անմեղության կանխավարկածից ելնելով է, որ չես կարող քրեական հանցագործություն որակել:

Օրերս ծանոթացանք ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից Վայոց ձորի Հերհեր համայնքում իրականացրած ծրագրին, ու դա չմարսած՝ պարզվեց, որ նույնն է տեղի ունեցել նաեւ Տավուշում: 2016թ.-ին Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում վերոնշյալ ԾԻԳ-ի կողմից 12-13 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ է անցկացվել: Շինարարությունն իրականացվել է բավականին բարձր մակարդակով: Սրա հետ կապված՝ համայնքում ոչ մի դժգոհություն չկա, հակառակը՝ համայնքը շինարարներից ընդգծված գոհ է: Ծրագիրը միլիոնների ներդրմամբ 13 կիլոմետրանոց ջրագիծը աղբյուրից, ակունքից հասցրել է գյուղ, ու պարզվել է, որ հունիս ամսին այդ աղբյուրը ցամաքում, չորանում է: Հայտնվելով փաստի առաջ՝ գյուղապետը, համայնքապետարանը դիմել են Ջերմուկի քաղաքապետարան, որի ֆինանսական միջոցներով, Հերհերի բնակիչների ուժերով այլ ջրաղբյուրից այլ ջրագծով ջուր են բերել ու գյուղից վերեւ միացրել ԾԻԳ-ի կառուցած ջրագծին՝ լուծելով գյուղի խմելու ջրի խնդիրը: Թե ինչ սկզբունքով է գրասենյակի կողմից գյուղից 13 կմ հեռավորության վրա գտնվող ծարավ աղբյուրն ընտրվել, ովքեր են նախագծի հեղինակներն ու նրանց խորհրդականները՝ Հերհերի համայնքապետարանում չգիտեն: Փաստորեն կառավարության կազմում գործող ծրագրերի իրականացման գրասենյակը տասնյակ միլիոնների հասնող գումարները «քամուն տալուց» հետո ավելի քան 800 բնակիչ ունեցող գյուղն իր ու Ջերմուկ քաղաքի միջոցներով խմելու ջրի խնդիր է լուծել: Կարելի էր կարծել, որ տեղի ունեցածը համակարգին բնորոշ թափթփվածության արդյունք է, եթե նույն ընթացքում «չբացահայտվեր» Հերհերի կրկնությունը՝ այս անգամ հանրապետության հյուսիսում:
Հերհերի դեպքից քիչ ուշ ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը համանման ծրագիր է իրականացրել նաեւ Տավուշում: Խմելու ջրի մատակարարման հերթական՝ 600 միլիոն դրամանոց ծրագիրը իրականացվել է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: Գյուղի համար 15 կիլոմետրանոց ջրագիծ է կառուցվել, 2 ջրամբար՝ 3 պոմպերով, քլորակայան: Բոլորն էլ նորմալ որակի: Նախապես հաշվարկվել է, որ ջրաղբյուրն ունի վայրկյանում 15-16 լիտր ջրթողունակություն: Գյուղին էլ, ըստ գործող գյուղապետի, անհրաժեշտ է 9,6 լ/վայրկյան ջուր: Նախնական հաշվարկներն էլ կատարվել են վայրկյանում 9,6 լիտրի համար: Գրասենյակը կառուցել է ջրագիծը, բայց պարզվել է, որ ոչ թե վայրկյանում 9.6 լիտր թողունակության, այլ 5.2: Համենայնդեպս ԾԻԳ-ի եւ նախկին գյուղապետի կողմից ստորագրված շինարարության կատարողական ակտում այդ թիվն է ֆիքսված: ԾԻԳ-ի մասնագետները պնդել են, որ 3-6 լիտրն էլ է գյուղին բավարար: Այդ ամենից հետո տեղական ընտրություններում գյուղապետ է ընտրվել Վարդգես Դովլաթբեկյանը, ում նախաձեռնությամբ էլ մասնագետների կողմից ջրագծի, պոմպակայանի ուսումնասիրությունից պարզվել է, որ պոմպակայանի փաստացի ջրթողունակությունը կազմում է վայրկյանում 2.5 լիտր, իսկ իրականում գյուղին մատակարարվում է վայրկյանում մինչեւ 2 լիտր ջուր, չնայած ստորագրված 5,2 լ/վ ջրթողունակություն վկայականի: «Ում է պետք այդքան արած գործը, երբ ջուր չունենք, գյուղն առանց ջրի է մնացել»,- դժգոհում է գործող գյուղապետն ու պատմում, որ արդեն տարիուկես է՝ գրություններ են ուղարկում մարզպետին, տարածքային կառավարման նախկին նախարարին, եղել են նրանց մոտ, ներկայացրել իրավիճակը: Տարածքային կառավարման նախարարի մոտ հարցը բազմիցս քննարկվելուց հետո հանձնաժողով է կազմվել, որը տեղում ուսումնասիրել է կատարվածը:

Փաստորեն Գանձաքարում էլ բառացիորեն նույն պատմությունն է, ինչ որ Հերհերում: Հարցն այն է, որ գյուղը լրացուցիչ ջրային աղբյուրներից օգտվելու հնարավորություն ունի, որ ԾԻԳ-ը, չգիտես ինչու, ժամանակին չի արել: Գյուղապետը գյուղացիների հետ հասել է նրան, որ նախկին կառավարությունը վերջերս միայն այդ ջրաղբյուրներից ջուր վերցնելու եւ գյուղի համար կառուցված ջրամբար հասցնելու թույլտվություն է տվել: ԾԻԳ-ն էլ ստիպված է եղել համաձայնել գյուղի պահանջներին, այն է՝ եղանակները կարգավորվելուն պես գրասենյակն իր ծախսով գյուղի նշած աղբյուրներից, որ 4-5 կմ հեռավորության են, ջուր բերեն գյուղ: Այլապես այդ «2 լիտրի, որ հաճախ 1-1.5 լիտր էլ չէ, համար ես ամսական 400-500 հազար դրամի էլեկտրաէներգիա եմ ծախսում: Եվ դա այն դեպքում, երբ մեր աղբյուրներից ջուրը ինքնահոս է գալիս: Թե ինչո՞ւ են գետի ափին այդ պոմպակայանները տեղադրել, թե ի՞նչ նախագիծ է եղել, ի՞նչ են արել՝ չենք հասկանում, որովհետեւ անգամ ոչ մասնագետին է հասկանալի, որ այդ ջրագիծը պետք է առանց պոմպակայանի, ինքնահոսի տարբերակով նախագծվեր, կառուցվեր: Իրենք էլ գիտեն, որ պոմպակայանով հնարավոր չի: Այս պոմպակայանը, պոմպերը մեզ պետք չեն, կարող են հետ վերցնել, եթե ինչ-որ տեղ ծրագիր ունեն, տեղափոխեն, ուրիշ տեղ օգտագործեն»,- ասում է գործող գյուղապետը:
Հիմա ԾԻԳ-ի կառուցած պոմպակայանն անջատված է: Կառուցված ջրագծով գյուղ ջուր չի մտնում, չնայած, որ ջրագծի կառուցման ընթացքում գյուղացիներն իրենց միջոցներով ներտնտեսային ցանց են կառուցել՝ շատերը մինչեւ 1 կմ ջրագիծ անցկացնելով: Հիմա գյուղն օգտվում է դեռ կիսատ-պռատ գործող հին, իրենց պապերի կառուցած ջրագծերից: Եվ այդ ամենը տեղի է ունեցել նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո եւ ոչ թե որեւէ նախարարության կազմում: Իսկ թե ինչից ելնելով է ԾԻԳ-ը հատուկ սեր ունեցել չորացող աղբյուրների նկատմամբ՝ դժվար չէ ասել:

Եվ վերջում. նյութը պատրաստելիս այս գրասենյակի հետաքրքիր գործունեության մի դրվագի մասին եւս ինֆորմացիա ստացանք. թե ինչպես են այստեղ մրցույթներ անցկացնում, բայց քանի որ դա բոլորովին այլ ոլորտ է, կանդրադառնանք այլ հրապարակումով:

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

06.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031