Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ Բրյուսելում մարդիկ նստած երազում են մեզ անհատույց նյութական օգնություն տրամադրել»

Հուլիս 16,2018 12:00

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի,
հնչած հայտարարությունների եւ արցախյան ճակատում պատերազմական գործողությունների
վերսկսման հնարավորությունների մասին:

– Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, մանավանդ, որ այցից առաջ Հայաստանում հակասական տրամադրություններ էին: Քաղաքական շրջանակներից մի ստվար հատված ճիշտ չէր համարում այդ այցը: Արդեն արդյունքներով եթե դատենք, ի՞նչ տվեց այդ այցը նոր իշխանությանը, նրա հռչակած նոր Հայաստանին:

– Ես կողմ եմ նրան, որ Հայաստանի իշխանությունների միջազգային կոնտակտների դաշտը հնարավորինս լայն եւ ընդգրկուն լինի. սա բխում է մեր պետական եւ ազգային շահերը լավագույնս ապահովելու եւ առաջ մղելու առաջնահերթությունից: Պետք չէ դիտարկել միջազգային տարբեր հարթակներում շփումներ ունենալու ձգտումը մեր երկկողմ եւ բազմակողմ պայմանագրային պարտավորությունների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ունենալու համատեքստում: Իր պայմանագրային, դաշնակցային պարտավորությունները Հայաստանը կատարում է բարեխղճորեն եւ կշարունակի կատարել՝ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է տվյալ պահին տնօրինում գործադիր իշխանության լծակները: Իսկ պարոն Փաշինյանի ղեկավարած կառավարության համար վարչապետի բրյուսելյան այցը, հուսով եմ, հնարավորություն ընձեռեց ավելի ստույգ հասկանալու, թե մեր արեւմտյան գործընկերների՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ հրապարակավ ասված խոսքերն ու խոստումները ինչպե՞ս են հարաբերակցվում իրենց իրական գործերի հետ:

– Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ուղեկցվեց ՌԴ-ից «խանդի» դրսեւորումներով, ինչն էլ արտահայտվեց տարբեր «իրատեսական» կանխատեսումներով: Ռուսական քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն այս օրերի ընթացքում ակտիվորեն շրջանառում են ղարաբաղա-ադրբեջանական ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը անգամ չվարանեց ուղիղ հայտարարելու` «նախապատրաստվում է պատերազմ»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին, արդյոք հնարավոր պատերազմական գործողությունները կհովանավորվե՞ն ՌԴ-ի կողմից: Ադրբեջանի կողմից ռազմական ակտիվ նախապատրաստությունները, երեք ուղղություններով դիրքավորումները շատերին թույլ էին տալիս ենթադրել, որ ֆուտբոլային խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կոնկրետ գործողությունների կդիմի: Իրատեսակա՞ն եք հաարում նման սցենարը:

– Իմ գնահատմամբ եւս՝ ադրբեջանական կողմը լրջորեն պատերազմի էր նախապատրաստվում, եւ ես միանգամայն հավանական էի համարում, որ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո լայնածավալ ռազմական գործողություններն արցախյան ճակատում կարող են վերսկսվել: Սակայն Ադրբեջանում հուլիսի սկզբից տեղի ունեցող տարբեր միջադեպերը՝ Մինգեչաուրի էլեկտրակայանի կրկնական վթարները, Գյանջայի քաղաքապետի նկատմամբ արված մահափորձը եւ դրան հաջորդած բախումները հիմք են տալիս ենթադրելու, որ այս փուլում Բաքուն կա՛մ կհրաժարվի պատերազմական իր ծրագրերից, կամ էլ կհետաձգի դրանք: Ռուսաստանում եւս կան ուժեր եւ անհատներ, որոնց համար Արցախում պատերազմ հրահրելը պատվի հարց է դարձել, եւ դրա հնարավոր հետաձգումը կամ չեղարկումը կարող է շատ ցավոտ ընկալվել:

– Նիկոլ Փաշինյանի գնահատականներով՝ Ալիեւը վախեցած է, քանի որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացներից ադրբեջանցի ժողովուրդը կարող է ոգեւորվել եւ իր դեմ դուրս գալ: Հայաստանյան հեղափոխական զարգացումների անդրադարձը Ադրբեջանում հավանակա՞ն է:

– Այս մոտեցման մեջ որոշակի ճշմարտություն կա. իսկապես, ալիեւյան վարչակարգի հանդեպ ատելությունն ու անվստահությունն Ադրբեջանում կարծես թե շեշտակիորեն աճել է հայաստանյան իշխանափոխությունից հետո ու սկսում է առարկայական մարմնավորում ստանալ: Պետք է նկատեմ, սակայն, որ Ալիեւի տապալման պարագայում դժվար թե Ադրբեջանում ժողովրդավարական ուժերը գան իշխանության: Ավելի հավանական է, որ այնտեղ իշխանության համար սուր պայքար ծավալվի թուրքամետ ազգայնականների եւ իրանամետ կղերականների միջեւ:

– Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի առաջ մղած թեզը` Արցախը պետք է բանակցի իր փոխարեն, որի ջատագովներից եք եղել նաեւ Դուք, հնարավո՞ր է այժմ իրագործել: Կողմերը` Արցախը, Ադրբեջանը, միջնորդները պատրա՞ստ են այդ փոփոխությանը:

– Ես մշտապես այն տեսակետն եմ արտահայտել, որ հայկական կողմերը պարտավոր են էապես վերանայել սեփական բանակցային մոտեցումները՝ մեր ազգային շահերը հավուր պատշաճի պաշտպանելու համար: ՀՀ վարչապետն այս տեսանկյունից ուշագրավ եւ հուսադրող հայտարարություններ արդեն իսկ արել է: Մինչ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է նախապատրաստել մեր նոր բանակցային ռազմավարությունն ու մարտավարությունը: Եթե համապատասխան աշխատանքը բարեխղճորեն կատարվի, ապա այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք ՀՀ նոր կառավարությունը Արցախի իշխանությունների հետ միասին ունակ կլինի դրական բեկում մտցնել բանակցային գործընթացում:

– Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, Հայաստանը շարունակելու է իր բազմավեկտոր քաղաքականությունը, եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լինելու է պրոհայկական: Ճի՞շտ եք համարում այս քաղաքականության շարունակականությունը, թե՞ ՀՀ նոր իշխանությունն այնուհանդերձ հստակեցումներ եւ սրբագրումներ պետք է անի իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում:

– Ներկա փուլում այս կարգի հայտարարությունները օգտակար եմ համարում: Այսօր գործող մեր կառավարության հիմնական առաքելությունը իրավաչափ, արժանահավատ եւ թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը:

– «Իրենք մեզ համար առայժմ միայն շնորհավորանքներ եւ կոմպլիմենտներ ունեին, հաճելի էր լսելը, բայց նաեւ իրենք հասկացան, որ էդ վիճակում չենք մենք, որ կոմպլիմենտներից եւ հաճոյախոսություններից հալվենք: Ես նրանց ասացի, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչեւ վերջ կտանենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաեւ հայցորդի կարգավիճակում չենք: Ասացի, որ հեղափոխությունից հետո ԵՄ-ից բազմաթիվ ողջունող հայտարարություններ ենք լսել, բայց քաղաքականության մեջ ոչ մի լուրջ փոփոխություն չկա, նույնն է, ինչ 3-4 ամիս առաջ. կա՛մ պետք է հայտարարությունների ոգեւորվածության մակարդակն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը փոխել»,- Բրյուսելից վերադարձի ճանապարհին լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպային ուղղված այս վերջնագիրը:

– Թերեւս այն փոքր-ինչ կոշտ էր: Ի վերջո, Եվրոպան մեզ սիրաշահելու հատուկ պատճառներ չունի: Կարծում եմ, որ այսօրինակ կոշտությունն արդարացված կլիներ այն դեպքում, եթե ՀՀ նոր իշխանական թիմը մեր եվրոպական գործընկերներին ինչ-ինչ համատեղ ծրագրերի առաջարկներ արած լիներ ու մերժում ստանար: Այնպես չէ, որ Բրյուսելում մարդիկ նստած երազում են մեզ անհատույց նյութական օգնություն տրամադրել. առարկայական համագործակցության համար դեռ եզրեր պետք է գտնվեն, իսկ այդ ուղղությամբ էլ լուրջ երկկողմ աշխատանք պետք է տարվի: Ի վերջո, այնտեղ էլ են շատ լավ հասկանում, որ այժմ Հայաստանում գործ ունեն անցումային կառավարության հետ, որը մի քանի ամիս անց կարող է նաեւ զրկվել իշխանությունից: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ եւս կնախընտրեն գործ ունենալ ավելի կայուն դիրք ունեցող իշխանության հետ եւ կսպասեն գալիք ընտրությունների արդյունքներին:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

14.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031