Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգաղթի վիճակագրություն կա՞: Աշխատատեղերի ավելացմա՞ն. «Իրատես»

Հուլիս 31,2018 10:30

ԱԺ-ում ու կառավարությունում հանձնաժողովներ են գործում, փոփոխություններ են անում, իսկ որևէ մեկը մտածու՞մ է ընտրողի մասին: Կամ` մտածու՞մ է` ի՞նչ է կատարվում կուսակցությունների ներսում: Կա՞ վիճակագրություն, թե քանի ՀՀԿ-ական է դարձել ՔՊ անդամ: Կամ` ի՞նչ գաղափարախոսությամբ են կուսակցությունները գնալու ընտրությունների: Ի՞նչ ծրագրով: Չկա՞ վտանգ, որ ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ, ՔՊ-ն դառնալու է ՀՀԿ:

Կա՞ ընդդիմություն Հայաստանում և ի՞նչ է պահանջում, թե՞ դա տրենդում չէ ու շոուի մաս չէ: Խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունները ունե՞ն իրավիճակի գնահատական: Պատրա՞ստ են նոր իրավիճակում գործել, թե՞ շարունակելու են պոպուլիզմի ու դեմագոգիայի շառավղով շարժվել, հավելած բարեգործության շահավետ ճանապարհը: Այսօր ինչպես անձրևից հետո սնկերի պես կուսակցություններ են ծլարձակում` ու՞մ շահերն են նրանք ներկայացնելու ու ու՞մ են սպասարկելու: Արտաքի՞ն, թե՞ ներքին: Ժամանակը չէ՞, որ քաղաքականությունից հեռանան բիզնես նախագիծ կուսակցությունները, որ ստեղծվել են այս ու այն մարդու քաղաքական հավակնությունների համար: Կամ` այն կուսակցությունները, որ ըստ իրավիճակի ճամբար են փոխել` մեկ օրում ընդդիմադիր կամ իշխանական դառնալով:

Եթե երկիրը իսկապես բարեփոխվում է, պետք չէ՞ պատրաստվել սահմանադրական փոփոխությունների: Բոլոր քաղաքական փոփոխությունների բովում վերստին չե՞նք մոռանում մարդուն` միջին վիճակագրական հային, որ ինքնահոսի է մատնված ու առայժմ ստանում է միայն շոկային տեղեկություններ տարբեր ոլորտներում` բիզնես, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, տեղական ինքնակառավարում, չարաշահումների ու յուրացումների մասին: Իսկ կենսամակարդակում փոփոխություն չունի: Հայաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ մեկնում են աշխարհի տարբեր երկրներ ու փորձում են ներդրումներ ապահովել, պաշտոնական տեղեկություն որևէ ոլորտում արված ներդրումների ու հեռանկարային զարգացման մասին կա՞:

Մի արտոնություն Հայաստանի հպարտ քաղաքացիները, այնուամենայնիվ, ունեն` անարգել փակել ճանապարհներն ու շրջափակել պետական հաստատությունները` պահանջելով այս ու այն պաշտոնյայի հրաժարականը, վերջերս նաև` պաշտոնանկության բեկանումը: Քիչ չէ՞:

Տնտեսության մեջ ի՞նչ կա: Բացի սկանդալներից` բնապահպանական ու կոռուպցիոն: Ամուլսարին ավելացել է Սևանը իր թունավոր ջրիմուռներով: Որտեղ ճանապարհ է քանդվում` քարաթափման պատճառով, ամիսներով մնում է փակ` իբրև արդյունավետ կառավարման ցուցիչ: Ներգաղթի վիճակագրություն կա՞: Աշխատատեղերի ավելացմա՞ն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031