Շոգերն ավարտվեցին, բայց հեղափոխությունը շարունակվում է: Հակահեղափոխությունը՝ նույնպես: Ինչպես նաև՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Չնայած Վազգեն Մանուկյանն ու էլի ուրիշներ պնդում են թե՝ չկան հավերժական թշնամիներ, բայց մենք գիտենք, ու կյանքն էլ է շարունակում ապացուցել, որ Հայաստանն ու Թուրքիան հավերժական թշնամիներ են: Ոչ թե հայերն ու թուրքերը, այլ՝ Հայաստանն ու Թուրքիան: Ինչ վերաբերում է հայերին ու թուրքերին, նրանցից որոշներն իրար հետ լավ էլ առևտուր են անում: Փոխշահավետ:
Քսաներորդ դարավերջին, փաստորեն, վաստակեցինք ևս մի հավերժական թշնամի՝ Ադրբեջանը: Բնության մեջ հավերժական այլ թշնամիներ էլ կան. օրինակ՝ Վազգեն Մանուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ էլի ուրիշներ: Այսինքն, Վազգեն Մանուկյանն ինքն է ապացուցում իր ու այլոց այդ թեզի հարաբերականությունն ու վիճելիությունը: Բայց տվյալ թեզի երկրորդ մասը՝ կան շահեր, ապացուցման կարիք չի զգում, որովհետև ամեն օր ու ամեն քայլափոխի է դրա ճշմարտացիությունն ապացուցվում: Եվ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, մարտի 1-ի դեպքերի անդրադարձն ու Վերաքննիչ դատարանի կողմից նույն Քոչարյանի արդարացումն էլ են վկայում, որ, իսկապես, կան շահեր: Ինչպես նաև՝ Քոչարյանի օգտին կազմակերպված պատգամավորների ստորագրահավաքը: Ինչպես նաև՝ կարկառուն դաշնակցական Հրանտ Մարգարյանի հայտարարությունները՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:
Եվ չնայած Քոչարյանի օգտին հանդես գալու համար շատերն են քննադատում Հրանտ Մարգարյանին, բայց, կարծում եմ, եթե կարկառուն դաշնակցական Հրանտ Մարգարյանը Քոչարյանին այս կամ այն կերպ չպաշտպաներ էլ, էլի քննադատությունների կարժանանար, որովհետև հիշողները լավ են հիշում, որ տարիներ առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ, իրավիճակի փոփոխության պատճառաբանումով կալանքից ազատ արձակեց Հրանտ Մարգարյանին և դաշնակցական այլ երևելիների, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք բանտարկված էին, և եթե Հրանտ Մարգարյանը դա չհիշեր և այսօր որևէ կերպ չպաշտպաներ Քոչարյանին, կարող էր վերստին քննադատվեր և հռչակվեր երախտամոռ, բայց դա տեղի չի ունենում ու տեղի չի ունենա, որովհետև Հրանտ Մարգարյանն իր ուժերի ու հնարավորությունների
սահմաններում հնարավորինս պաշտպանեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և սա Հրանտ Մարգարյանի կողմից յուրօրինակ ինքնազոհողություն ու անձնազոհություն է, որովհետև Հայաստանում հերթական անգամ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, և Դաշնակցությունն ու անձամբ Հրանտ Մարգարյանը Հայաստանի ներկայիս իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ էլ որոշ ու որոշակի կոալիցիոն պարտավորություններ ունեն, և կարծես թե նոր իշխանությունների հանդեպ պարտավորություններն ավելի են իրենց շահերից բխում, քան նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ պարտավորությունները, և, փաստորեն, կյանքը Դաշնակցությանն ու անձամբ Հրանտ Մարգարյանին ստիպում է երկու տիրոջ ծառա լինել, ավելի ստույգ՝ երկու տիրոջ ծառայել՝ տերերից որևէ մեկին չծառայելով ու օգտակար չլինելով, իսկ ավելի ստույգ՝ Դաշնակցությունն ուզում է միաժամանակ և′ հեղափոխական լինել, և′ հակահեղափոխական, և եթե ձեզ թվում է թե՝ դա անհնար է, ուշադիր նայեք Դաշնակցության կեցությանը, և կհամոզվեք, որ Դաշնակցության համար անհնարին բան գոյություն չունի. ավելին. հարյուրամյա այդ կուսակցությունն էն գլխից էր հեղափոխական ու հակահեղափոխական միաժամանակ. ինքը հեղափոխական կուսակցություն էր, բայց ուղնուծուծով էր դեմ այլ հեղափոխականներին, ավելի ստույգ՝ ռուս և այլազգի բոլշևիկներին, և փաստորեն, Քոչարյանի պատճառով Դաշնակցության ու անձամբ Հրանտ Մարգարյանի հարաբերություններն էսօրվա հեղափոխականների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ բավական սրվել են, և, փաստորեն, էս պահի դրությամբ,
Դաշնակցությունն ու անձամբ հրանտ Մարգարյանն աննախանձելի վիճակում են, և, բնականաբար նաև Դաշնակցության՝ իշխանական կոալիցիայում մնալու հարցն է հարցականի տակ, և կարծես թե այսօրվա դրությամբ չափազանց դժվար է՝ գրեթե անհնար է միաժամանակ և′ հեղափոխական լինել, և′ հակահեղափոխական, և, դաշնակցությունից բացի, ուրիշներն էլ կան, որ փորձում են միաժամանակ և′ հեղափոխական լինել, և′ հակահեղափոխական, որովհետև ոչ միայն Վազգեն Մանուկյանը, այլև ուրիշներն էլ գիտեն, որ կյանքում ու աշխարհում, ինչպես նաև Հայոց աշխարհում չկան ու գոյություն չունեն հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ, այլ կան ու գոյություն ունեն ընդամենը հավերժական շահեր, որոնք ոչ միայն Հայոց, այլև համայն աշխարհում հանդիպում ու խաչաձևվում են հատկապես հեղափոխությունների ժամանակ, ինչպես նաև ու հատկապես հեղափոխություններից հետո, և հիմա հենց հեղափոխությունից հետոն է, չնայած շատերի կարծիքով Հայաստանում հեղափոխությունը չի ավարտվել և շարունակվում է, և բոլորի կարծիքով Հայաստանում նաև կյանքն է շարունակվում՝ միանգամայն նոր կողմերով դրսևորելով իրեն:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ



















































Երկու տիրոջ ծառա լինել ինչպես դաշնակցությունն է դա նոր բան չի:Եթե տերը կարող է ունենալ տասը ծառա, ուրեմն դաշնակցությունն էլ կարող է ունենալ երկու տեր:Շուտով, շատ շուտով, սրանք էլ կդառնան պատմության աղբ: