Կա մի կետ, որտեղ Մոսկվան պատրաստ կլինի Հայաստանի հետ գնալ հարաբերությունների մեղմացման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հորդորեց Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել՝ նշելով, որ եթե Երեւանն արագ որոշում կայացնի, Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»:
Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին նշել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»: «Իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորինս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք եւս համապատասխան եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», – նշել էր Պուտինը:
Արձագանքելով Պուտինի հայտարարություններին՝ Փաշինյանը կրկնել էր արդեն մեկ տարի շարունակ կրկնվող իր թեզը՝ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ եւ առաջիկա շրջանում Երեւանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի:
Կարդացեք նաև
«Ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձեւակերպման հետ, որովհետեւ ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես էդ ձեւակերպման հետ համաձայն չեմ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որեւէ էդպիսի հարց դնել՝ նաեւ հանրաքվե, կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», – ասել էր Փաշինյանը:
Այսինքն, Փաշինյանը Պուտինին ասում է՝ «երբ մեզ հարմար կլինի՝ մենք որոշում կկայացնենք»։
Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց եւ տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում», – նշել է Օվերչուկը՝ հայտարարելով, թե այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։
«Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախեւառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա», – նշել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ անցնում է ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որոնք տրամադրում է ԵԱՏՄ-ն։ «Լավ կլիներ, որ Հայաստանն արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց իր՝ Հայաստանի հանդեպ», – նշել է Օվերչուկը։
Նույն օրը պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով էլ ուղերձ հղեց Մոսկվային։ «Չենք պատրաստվում ապահարզան ունենալ որեւէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում», – ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում:
«Քաղաքականությունն ու դիվանագիտությունն այդպիսի ապահարզաններ չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաեւ չենք պատրաստվում հակամարտ… կամ ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, եւ տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, եւ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում, եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել», – Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում նշել է Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է՝ «բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի՝ այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին»։ «Մենք շատ լավ հասկանում ենք, Ռուսաստանից չէ, որ պետք է մեզ ասեն, որ ԵԱՏՄ անդամակցությունը եւ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են: Հնարավոր չէ մենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ ու դառնանք ԵՄ անդամ: Մեր մոտարկումը Եվրոպական միության հետ շարունակելու ենք, երբ կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել այս խմբի, թե այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք», – ասել է նա:
Ակնհայտ է, որ Մոսկվան նախընտրական Հայաստանի համար պատրաստել է՝ «արագ կողմնորոշվեք. կամ այս կողմ, կամ՝ այն կողմ» ընտրության պահանջը, որն ուղեկցվում է Ռուսաստանից ՀՀ իշխանությունների ուղղությամբ բավական հստակ ուղերձներով։ Ռուսաստանյան հեռուստաեթերների թոք-շոուների էպիկենտրոնում՝ դեպի Արեւմուտք «փախչող» Հայաստանն է, որոնցում, ի տարբերություն դիվանագիտական բառամթերքի, գործածվում են վիրավորական որակումներ։
Փաշինյան-Պուտին դեռեւս ապրիլմեկյան հանդիպումից հետո պարզ էր, որ Մոսկվան սրելու է խնդիրը։ Այդ հանդիպումից մեկ օր անց հրապարակվեց Օվերչուկի հարցազրույցը ՏԱՍՍ-ին, որում նա արձանագրեց, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երեւանի հետ իր տնտեսական հարաբերությունները: Սակայն, բացի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդրից, տնտեսական շահի հարցերից, Մոսկվան Երեւանին հստակ հասկացնել է տվել, թե որ հարցում է պատրաստ Հայաստանի հետ գնալ հարաբերությունների մեղմացման։
Դա՝ «Թրամփի ուղին» է։
«Թրամփի ուղի» հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը խաթարել է տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասում, նշյալ հարցազրույցում ասաց Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին «թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը եւ տնտեսական շահերը»: «Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելը մեծ սխալ էր», – նշեց նա:
Օվերչուկը վստահությամբ շեշտեց, թե չինական եւ ռուսական բեռներն ավելի շուտ կանցնեն Իրանի տարածքով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքով: Ավելին, ըստ նրա՝ եթե Ռուսաստանը հետաքրքրություն չունենա Հայաստանում, ապա նրա տարածքով բեռների տեղաշարժի պատճառները քիչ կլինեն։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանը սահմանափակ հնարավորություններ ունի Մեղրիի հատվածից հետո բեռնափոխադրումների ուղղության մասին պայմանավորվելու: «Եթե այդ գործարքը երբեւէ փակվի, ապա դրանով Հայաստանը կստանա Մեղրիի հատվածի կառավարման ձեռնարկության ընդամենը 26 տոկոսը: Այն, որ հաշվի առնելով ներկա հանգամանքները, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին անմիջապես հարող Մեղրիի հատվածը հանձնվում է ամերիկացիների վերահսկողությանը, նույնպես ներդրումային լավատեսություն չի ավելացնում», – նշել էր նա։
Իսկ ի՞նչ էր ասել նույն Օվերչուկն անցյալ տարի օգոստոսին՝ վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից անմիջապես հետո…
Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երեւանը դա անհրաժեշտ է համարում. սա էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքը։ Նա նաեւ հավելել էր՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ «եթե նրանք կարծում են, որ ստորագրված հռչակագիրը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նույնպես աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին։ Սա ամբողջությամբ մեր շահերից է բխում»։
Միաժամանակ, Օվերչուկը նկատել էր՝ կան որոշ հարցեր, որոնք Մոսկվան պետք է ճշգրտի կողմերի հետ: «Որոշ նրբություններ վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ եւ առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից», – ասել էր նա՝ ընդգծելով. «եթե գտնվել են այդ հարցերի լուծումները, ապա անհրաժեշտ է, որ մենք դրանք տեղափոխենք տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, հաշվարկների հարթություն, դիտարկենք այդ նախագծերի տնտեսական բաղադրիչը եւ զբաղվենք ապաշրջափակմամբ։ Բայց դրա համար պետք են եռակողմ ջանքեր այն փոխգործակցության շրջանակներում, որ մենք ունեինք եւ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ»։
Օվերչուկը միաժամանակ զգուշացրել էր, թե «տարածաշրջանից դուրս ցանկացած խաղացողի մասնակցություն կխախտի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, ինչը կունենա բացասական հետեւանքներ»։
Իսկ հարցին՝ արդյոք այս հարցը քննարկվե՞լ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Օվերչուկն արձագանքել է՝ «մենք այդ մասին խոսել ենք բոլորի հետ», այդ թվում՝ Իրանի հետ։ «Եթե մենք խոսում ենք երկաթգծերի վերականգնման ու տրանսպորտային կապերի բարելավման մասին, ապա այս դեպքում ավելի լավ է՝ զրույցը վարել երեքով», – ընդգծել էր ՌԴ փոխվարչապետը։
Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո չի կարելի բացառել, որ Փաշինյանը Մոսկվայի հետ «Թրամփի ուղու» հարցում զիջումների գնա։ Եվ նման որոշման կայացման պարագայում հայաստանյան ընդդիմությունը Փաշինյանին քննադատելու եւս մեկ թեմայից կզրկվի, քանի որ հայաստանյան ընդդիմությունը ոչ թե դեմ է «Թրամփի ուղու» գործարկման գաղափարին ընդհանրապես, այլ դեմ է «ամերիկյան ներկայությանը»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2026


















































