Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվեգիայի քաղաքապետերից մեկը փորձում է իր երկրում պաշտոնապես ճանաչելի դարձնել Հայոց Ցեղասպանությունը

Հոկտեմբեր 09,2018 22:22

Նորվեգիայի 10 հազար բնակիչ ունեցող Կրագերո քաղաքի քաղաքապետ Յոնե Բլիկրայնն այսօր մի մեծ պատվիրակությամբ, որի կազմում էր նաև 1922 թվականին Ալեքսանդրապոլում որբանոց հիմնած նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բիորնի թոռը՝ Յուսի Բիորնը, հյուրընկալվել էր Գյումրիում։ Առիթն այն էր, որ այս քաղաքի հոգևոր երգչախումբը ելույթ էր ունենալու Գյումրու «Յոթվերք» եկեղեցում։

Կրագերոյի քաղաքապետը Սամվել Բալասանյանին խնդրեց հստակեցնել այն հիվանդանոցի հասցեն, որտեղ միսիոներուհին Եղեռնից որբացածներն է խնամել։ Նա ասաց, որ Նորվեգիայի դեսպանության կամ կառավարության օգնությամբ պատրաստ են այն դարձնել թանգարան, Նորվեգիայի կենտրոն։

«Մեր միակ խնդրանք այն է, որ գտնենք արխիվային փաստաթղթեր, որոնք հենց կոնկրետ կփաստեն, թե այս շենքը օգտագործվել է որպես հիվանդանոց։ Հիմք ընդունելով այդ փաստաթուղթը՝ մենք կկարողանանք ֆինանսական միջոցներ գտնել և՛ Նորվեգիայի կառավարությունից, և՛ այլ հիմնադրամներից։ Մենք նաև կցանկանայինք խորացնել հարաբերությունները շախմատի առաջնության ոլորտում․ մենք համագործակցում ենք Երևանի շախմատի երկու դպրոցների հետ, շատ կցանկանայինք, որ գյումրեցի երեխաներն էլ մասնակցություն ունենան Նորվեգիայում կայացող շախմատի խաղերին և առաջնություններին», -ասաց Կրագերոյի քաղաքապետը։ Նա առաջարկեց հուշագիր ստորագրել Գյումրիում Նորվեգիայի կենտրոն կառուցելու և շախմատի ոլորտում համագործակցություն սկսելու շուրջ։

Կրագերոյի քաղաքապետը նաև կատակեց՝ եթե պարզվի իր ասած շենքը սեփականատեր ունի, նրա տունը կփոխանակեն Կրագերոյի տներից մեկով։

«Հրաշալի բան եք ասում»,-ասաց Գյումրու քաղաքապետը՝ ենթադրելով, որ այդ հիվանդանոցը եղել է ռուսական ռազմաբազայի այժմյան տարածքում՝ եկեղեցու դիմաց։ «Եթե այնտեղ նորվեգական կենտրոն բացվի, շատ լավ բան կլինի, լավ հարաբերություններ կստեղծվեն երկու քաղաքների մեջ»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նա, սակայն, նշեց, որ Հայաստանի արխիվներում դժվար է գտնել փնտրվող փաստաթուղթը։ Սամվել Բալասանյանը մեջբերեց իր օրինակը, որ Ալեքսանդրապոլի գարեջրի գործարանի պատմությունը գտել է Մոսկվայի արխիվներում։ «Մոսկվայում ձեր դեսպանատան միջոցով կարող եք հարցում կատարել և այնտեղ հաստատ արխիվում կա։ Ես էն ժամանակ զարմանում էի, որ էնտեղ կա գարեջրի գործարանի պատմությունը, էստեղ չկա»,- խորհուրդ տվեց Սամվել Բալասանյանը։

Սամվել Բալասանյանը նշեց, որ Կրագերոյում խաչքար է տեղադրվել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի հիշատակին, որտեղ և հավաքվում են ապրիլի 24-ին։

Սամվել Բալասանյանը նաև հետաքրքրվեց, թե ե՞րբ են Նորվեգիայի դեսպանատուն բացելու Հայաստանում։

«Եթե մեր քաղաքից կախված լիներ, երեկվանից դեսպանատուն կբացեինք Հայաստանում, բայց փորձում ենք տարբեր քաղաքապետարանների հետ աշխատել, նրանք էլ ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, փորձում ենք բարձրացնել ճնշումը տարբեր օղակների վրա, որպեսզի վերջնականապես ընդունվի Ցեղասպանությունը։ Եվ քանի որ շատ հայեր են գալիս մեր քաղաք խաչքարը տեսնելու և շատ հայերի հետ ենք ծանոթանում, սա դառնում է մեր քայլեր կարևոր մասերից մեկը», -ասաց Կրագերոյի քաղաքապետը։

Սամվել Բալասանյանն էլ կես կատակ-կես լուրջ ասաց․ «Խաչքարերից ուղարկենք, բոլոր քաղաքներում տեղադրեք, որ համոզեք ձեր կառավարությանը ճանաչել Ցեղասպանությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031