Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ Անջելա Գեորգիուն Ժնեւում Բաբաջանյան է կատարել

Հունվար 19,2019 14:27

Հունվարի 17-ին Ժնեւի «Վիկտորիա Հոլ» սրահում կայացել է աշխարհահռչակ սոպրանո Անջելա Գեորգիուի համերգը ՝ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Ֆրեդերիկ Շազլենի նվագակցությամբ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, համերգը կազմակերպել է իր հիմնադրած «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը: «Ավետիսը» բավականին մեծ համբավ ունի Շվեյցարիայում, համարվում է Ժնեւի լավագույն համերգային կազմակերպություններից մեկը եւ նրա նպատակն է քարոզել դասական երաժշտությունը, տարածել հայ մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտ արվեստագետներին` Եվրոպայում:

Կազմակերպության գործադիր տնօրեն Վարդուհի Խաչատրյանի ձեւակերպմամբ, այս համերգին եւս «Ավետիսը» չի շեղվել իր նպատակներից. համերգի ավարտին Անջելա Գեորգիուն կատարել է Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը»:

«Մենք Անջելայի հետ ծանոթ ենք դեռեւս 2001 թվականից, երբ միասին երգում էինք Կաննի MIDEM փառատոնում, բայց սերտ կապեր չունեինք եւ համերգի կազմակերպման ժամանակ շփվում էի իր գործակալի հետ:

Ես որպես հայկական ստեղծագործություն` առաջարկեցի մի գործ, որտեղ չկան հայերեն բառեր` Անջելային շատ «չծանրաբեռնելու» համար: Սակայն մեր զրույցի ժամանակ պարզեցի, որ նա սիրով կկատարեր նաեւ հայերեն տեքստերով ստեղծագործություններ: Ավելին, երգչուհին խոստացավ հաջորդ համերգին կատարել Կոմիտաս կամ որեւէ արիա Տիգրանյանի «Անուշ» օպերայից»,- ասաց Վարդուհի Խաչատրյանը:

Ի դեպ, «Ավետիսի» շրջանակներում Կոմիտաս բազմիցս ներկայացվել է, այդ թվում հանրահայտ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Սերգեյ Խաչատրյանի, նրա քրոջ Լուսինե Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ հենց Վարդուհի Խաչատրյանի կատարմամբ:

Մեցցո սոպրանոյից տեղեկացանք, որ այս տարվա բոլոր համերգները նվիրված են լինելու Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Նաեւ գարնանը «Վիկտորիա Հոլում» կկայանա երկու համերգ. մարտին՝ մեծանուն դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը, մայիսին՝  դարձյալ հայտնի մեկ այլ հայտնի դաշնակահարի՝ Խատիա Բունիաթիշվիլիի: Երկուսն էլ կկատարեն Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործություններից: Աշնանը եւս նախատեսված են Կոմիտասին նվիրված համերգներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031