Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրանի» խմբագիրը բացատրել է իր այցը Ծիծեռնակաբերդ

Փետրվար 07,2019 23:42

Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, իր այցի տպավորություններով է կիսվել հրապարակված հոդվածում: Մասնավորապես, նա անդրադարձել է հայկական մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ ինքն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր:

«Հայաստան լրագրողական այց կատարելու գաղափարն առաջացել էր վաղուց՝ մեկ տարի առաջ: Մի քանի ամիս հարցը լուծվում էր Ադրբեջանի պետական մարմիններում: Նույնքան ժամանակ խլեցին Հայաստանի ԱԳՆ-ի հետ բանակցությունները: Առաջին անգամ այցը պետք է տեղի ունենար անցյալ տարվա նոյեմբերին, բայց հետաձգվեց այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պատճառով»,- գրում է Հաջիևը:

«Ինչու՞ էր դա պետք» հարցի պատասխանը լրագրողի համար միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ:

«Պետք չէ բացատրել՝ որքան կարևոր է հասկանալ տրամադրությունները մի հասարակությունում, որի հետ մենք ռազմական հակամարտության մեջ ենք: Թերևս, հենց դա էլ հիմնական նպատակն էր»,- բացատրում է նա:

Հայաստանի և հայերի համար կան ի շարք հարցեր, որոնք որոշակի նշանակություն ունեն, այդպիսիք են 1915թ. իրադարձությունները, հայ եկեղեցու քաղաքական դերակատարությունը և Ղարաբաղը, շարունակում է լրագրողը: Ահա այն երեք հարցերը, որոնք գտնվում են ուշադրության կենտրոնում:

«Միանգամից սկսեմ 1915թ. թեմայից, հաշվի առնելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումները և Բաքվից հնչած արձագանքը դրան:

Հայաստանի ԱԳՆ-ում հավատարմագրում ստանալուց հետո դիմում գրեցի հուշահամալիրի տնօրեն Հարություն Մարությանին՝ խնդրելով հարցազրույց տալ 1915թ. իրադարձությունների մասին:

Պարոն Մարությանը հրավիրեց այցելել թանգարան, բայց հարցազրույց տալուց հրաժարվեց՝ հայտնելով, որ թանգարանի աշխատակիցը կպատասխանի բոլոր հարցերին:

Երբ այցը տեղի ունեցավ, թանգարանի զբոսավարը հայտարարեց, որ հարցերին պատասխանելու իրավասություն չունի և կներկայացնի միայն ցուցանմուշները: Այս կամ այն թեմային ճշտող հարցերին նա պարզապես կարճ պատասխանում էր. «չգիտեմ», «չեմ կարող ասել»:

Ավելին, ցուցանմուշների մի մասը արգելված էր նկարել: «Այս ցուցանմուշները մասնավոր հավաքածուից են, և նրանց տերերը դեմ են, որպեսզի դրանք նկարեն»,- ասաց զբոսավարը անվտանգության ծառայակցի ուշադիր հայացքի ներքո, որը պարբերաբար ցուցումներ էր տալիս հայերենով:

Ի դեպ, միայն ցուցանմուշներն ուսումնասիրելիս ինձ հայտնի դարձավ, որ հուշահամալիրն ի սկզբանե այլ անուն է կրել՝ «Վերածնունդ»: Դրա բացումը տեղի է ունեցել 1967թ. և նվիրվել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը:

Ահա թե ինչպես է եղել «այցելությունը ցեղասպանության թանգարան»:

Ցեղասպանության թեման արծարծվել է Հայաստանի բոլոր քաղաքական և հասարակական գործիչների հետ հարցազրույցներում: Այդ զրույցներից եզրակացությունը պարզ է. այդ թեման այդ ազգը կապող գլխավոր տարրն է: Շատ հարցերի հայերը նայում են հենց այդ դիտանկյունից և իրենց շատ գործողություններ (եթե ոչ բոլորը) բացատրում են հենց այդ իրադարձությունների հետևանքներով կամ դրանց կրկնության վտանգով:

Բայց այստեղ մի էական պահ կա: Ցանկացած ժողովուրդ, որը պայքարում է անկախության համար զենքը ձեռքին, հպարտանում է թափած արյան համար և չի թաքցնում, որ պայքարել է և զոհել իր քաղաքացիների կյանքը: Հայերի մոտ մի փոքր այլ է. թուրքերը պարզապես սպանել են 1.5 միլիոն անմեղ զոհերի՝ կանանց ու երեխաների:

Հարց. արդյո՞ք հայերը որևէ առիթ են տվել բռնաճնշումների, ինչու՞ են հայ զինծառայողների զենքն ուղղել իրենց կառավարության դեմ և սկսել օգնել ռուսական օկուպացիոն ուժերին, չափազանց բուռն և բացասական արձագանք է առաջացնում:

Նույնկերպ հերքվում է արևմտյան տերությունների և Ռուասաստանի ցանկացած դերակատարություն, որոնք հայերին մղել են ապստամբության և զենք մատակարարել ու գումար տվել ապստամբ ջոկատներին:

Այդ ամենին հնչում է մեկ պատասխան. թուրքերը վաղուց ծրագրել էին հայերի ոչնչացումը, որպեսզի Թուրքիան մաքրեն քրիստոնյաներից: Անգամ, եթե հայերը որևէ տեղ զենք են բարձրացրել, ոչ մեկի չեն սպանել:

Ահա այսպիսի մտքերով մենք լքեցինք 1915թ. հուշահամալիրը»,- Ցեղասպանության մասին իր եզրակացություններն է արել «Թուրանի» խմբագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728