Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյանը` Նազենի Ղարիբյանի մասին. «Մեր կառավարությանը չի սազում նման անհասկանալի, խայտառակ չինովնիկ»

Փետրվար 26,2019 14:16

Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանի այն դիտարկմանը, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի, ինստիտուտի ակտիվի հիման վրա, եւ թատրոնի ժանրային միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնադրված լինելն է, թատրոնի հիմնադիրներից ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը նշեց. «Այնքան ծիծաղելի է, որ նույնիսկ զայրանալու չէ: Այդ կինը (Նազենի Ղարիբյանը- Գ.Հ.) տեղյակ չէ որեւէ բանից: Ես արդեն սկսում եմ մտածել, որ ինքը որեւէ ներկայացում ոչ մի տեղ չի էլ նայել, համենայնդեպս, մեր թատրոնի հետ բացարձակապես կապ չունի…

Նա նույնիսկ տեղյակ չէ, թե ինչպես է ստեղծվել այս թատրոնը…ասում է՝ ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հիման վրա, պատկերացնո՞ւմ եք՝ Շահում Ղազարյանը, Մայիս Ղարագյուզյանը, Գալյա Նովենցը Սոս Սարգսյանի կուրսի ուսանողնե՞րն էին` իր տարիքի …Այդպես անհասկանալի ձեւով ինչ-որ ուսանողական թատրոն են բացել, եւ որովհետեւ ուսանողական է, պետք է միացնել ինստիտուտի՞ն: Չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում սա, ինչի՞ համար է այս ամենը»:

Դավիթ Հակոբյանը հավելեց. «Նա չի կարողանում մեզ ներել իր երկու պարտությունները, սա արդեն անձնական քենի է նման…Նազենի Ղարիբյանը երկու պարտություն վրա-վրա ունեցավ մեզ հետ շփվելու ընթացքում: Մեկ անգամ չկարողացավ Սուրեն Շահվերդյանին այստեղ գեղարվեստական ղեկավար դարձնել, չկարողացավ նաեւ Վիգեն Չալդրանյանին պահպանել որպես թատրոնի տնօրեն…

Նախկինում նույն տիկին Մակունցին պարտվել էր Մնջախաղի թատրոնի հարցում: Երկու օր առաջ ինքը պաշտոնական հայտարարություն է անում, թե չի կարող 60 հոգի հանդիսատես ունեցող թատրոնին մեծ տարածք տրվել, երկու օր հետո նույն նախարարությունը կառավարության որոշմամբ շենք է տրամադրում թատրոնին: Երկու անգամ նա պարտվում է մեզ ու չի կարողանում ներել: Սա արդեն ծիծաղելի է, որ անձնականի է վերածված: Եվ ամբողջ ցանկը, չգիտես ինչու, սկսվում է հենց Համազգային թատրոնից:

Երեկ էլ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ եւ ասաց, որ Համազգային թատրոնը կուսակցական է եղել; Ի՞նչ է նշանակում կուսակցական թատրոն: Մենք կուսակցական թատրո՞ն ենք եղել…Ասել է՝ թող դաշնակները պահեն իրենց: Սա պետական մտածողությա՞ն հարց է, սա խայտառակություն է, մեր կառավարությանը չի սազում այս տեսակ անհասկանալի, խայտառակ չինովնիկ…Ո՞վ է, որտեղի՞ց է եկել եւ ընդհանրապես ի՞նչ է ուզում ինքը: Ես չեմ հասկանում պարզապես»:

Ռեժիսորի ձեւակերպմամբ, հարցը միայն Համազգային թատրոնին չի վերաբերում, խնդիրը մոտեցումն է ոլորտի հանդեպ. «Ի՞նչ չափանիշներով եք շարժվում, ինչի հիման վրա եք լուծարում թատրոն, երբ ասում է` թատրոնը պետք է իր ժանրային առանձնահատկությունն ունենա: Հովհաննես Թումանյանը պոեմներ է գրել, Իսահակյանն այլեւս պոեմ գրելու իրավունք չունե՞ր, արդեն ունեինք այդ ժանրով ստեղծագործող…Նազենի Ղարիբյանը ոչ ժանր է հասկանում, ոչ հասկանում է թատրոնի գեղագիտություն, թատրոնի մտածելակերպ…Ինչ է թե Կամերային երաժշտական թատրոնի ճակատին գրված է երաժշտական, ասում է՝ միացնում ենք Երաժշտական կոմեդիայի թատրոնին, որովհետեւ երկուսի վրա էլ գրված է երաժշտական…Ես էլ առաջակում եմ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Կոմիտաս վարդապետին, Կոմիտաս փողոցը միավորել իրար եւ մի պահակ նշանակել բոլորի վրա…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` sostheatre.am-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Հիմա ՀՀ լավագույն թատրոններից մեկն է համարվում համազգայինը:

  2. Արմեն says:

    Հրագելիներս,առաջարկում եմ ստեղծել մի համակարգ,որտեղ բոլոր դերասանները (հատկապես սերիալներում նկարահանվող),լրագրողները (հատկապես պատվերով գրող ու խոսողները) և այլ մասնագիտությունների տեր մարդիկ (վաղ առավոտից ազգի համար “կուրծք ծեծողները”)` կկարողանան 5 բալանոց սանդզկի միջոցով գնահատել իրենք իրենց:Թող դա նմանվի դեկլարացիայի նման մի բանի,որտեղ ամեն ոք հնարավորություն կունենա ներկայացնել իր ձեռքբերումները :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728