Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Մարտ 01,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունիններորդ

 

ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Կորյունն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էդ պահին Ջավախյանը վերադարձավ, եւ Կորյունը լռեց, եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «էդ էլի ինձանից էի՞ր բամբասում, ադա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու քամահրանքով Ջավախյանին ասաց՝ «հա. ուրիշ բանուգործ չունեմ», եւ Արիկը քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «էդ կարող ա՞ Նոբելյան մրցանակի հանձնաժողովից էին զանգել», եւ Կորյունը քմծիծաղով  ասաց՝ «Կովկասյան ժողովուրդների բարեկամության կենտրոնից զանգած կըլնեն», եւ Ջավախյանը զզվանքով նայեց Կորյունին ու ասաց՝ «էրեւում ա՝քո մասին թազա պատմվածք պիտի գրեմ», եւ Աբոն փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «որ Կորյունի մասին պատմվածք գրես, վերնագիրը «Քիրվա» կդնես», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Աբոյին  ասաց՝ «էդ «Քիրվան» դու էլ ես գովացել, դրա համար ա ըսենց մեծ-մեծ խոսում», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես անձամբ կարդացել ու անձամբ էլ գովել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ոչ թե Արիկենց ամբիոնի վարիչի կարդալով եմ կարծիք հայտնել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «Արիկանց ամբիոնի վարի՞չն ինչ կապ ունի»,  եւ Արիկը քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «շատ բան իմանաս, շուտ կծերանաս», եւ Աբոն Կորյունին հարցրեց՝ «վատ ա՞, որ էս մարդը չի ուզում, որ ժողովուրդների մեջ թշնամություն ըլնի», եւ Ղուշչյանը Կորյունին հարցրեց՝ «վատ ա՞, որ պատերազմի դեմ ա գրում», եւ Ջավախյանը ոգեւորված ասաց՝ «Թումանյանն էլ ա հայերի ու ադրբեջանցիների բարեկամության մասին գրել», եւ Կորյունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Թումանյանն իրանցից մրցանակ չի վեկալել», եւ Ջավախյանը զզվանքով նայեց Կորյունին ու ասաց՝ «քեզ հազար եմ ասել, որ էդ մրցանակն ինձ ոչ թե ադրբեջանցիք են տվել, այլ՝ Կովկասյան ժողովուրդների բարեկամության կենտրոնը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թող մերոնք տային» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ մերոնք տվել են՝ չեմ վերունել», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «էդ Կովկասյան ժողովուրդների կենտրոնը բա ինչի՞ Արմենին մրցանակի չի տալի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր Արմենին», եւ Կորյունը պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ ես ժպտալով Կորյունին ասացի՝ «ինձ ձեր բազարներին մի խառնի», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «դու ժողովուրդների բարեկամության մասին ոչ մի բան չես գրե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Կորյունը մի քիչ մտածեց  ու ինձ հարցրեց՝ «պատերազմի դեմ էլ ոչ մի բան չես գրե՞լ»,  եւ ես բավական երկար մտածելուց հետո պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անհնարին բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «գրածներիդ մեջ ոչ մի անգամ պատերազմ չես դատապարտե՞լ», եւ ես բավական երկար մտածեցի ու ասացի՝ «չէ», եւ Կորյունը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ընդհանրապես ինչի՞ մասին ես գրում», եւ ես բավական երկար մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դժվար հարց ես տալիս», եւ Անանիան  Կորյունին ասաց՝ «Արմենը հիմնականում կյանքի մասին ա գրում», եւ Կորյունն Անանիային հարցրեց՝ «ո՞ւմ կյանքի», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «մեր»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել