Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի». Կոմիտաս վարդապետի հոբելյանին նվիրված միջոցառում Բելառուսում

Ապրիլ 04,2019 16:58 Share

Ապրիլի 2-ին Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի Մեծ դահլիճում Բելառուսում Հայաստանի դեսպանության և ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպվեց համերգ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին։

Բացման խոսքում Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի կրթության, գիտության, մշակույթի և սոցիալական զարգացման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ակադեմիայի ռեկտոր Եկատերինա Դուլովան (Екатерина Дулова ) նշեց հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ և բանահավաք Կոմիտասի մշակութային ժառանգության ազդեցությունը թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ երաժշտության զարգացման գործում, ինչով էլ պայմանավորված է այն, որ ակադեմիայում մեծ ուշադրություն են դարձնում Կոմիտասի երաժշտական ժառանգության ուսումնասիրությանը։

Դիմելով ներկաներին, որոնց շարքում էին նաև ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը երախտագիտությամբ նշեց, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային օրերի» օրացույցում ներառված Վարդապետի հոբելյանին նվիրված այս միջոցառման կազմակերպումը հնարավոր եղավ Բելառուսի մշակույթի նախարարության գործնական օժանդակության շնորհիվ։ Մեջբերելով երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքը, որ «Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով», դեսպանը մասնավորապես նշեց․ «Կոմիտասն ապրել է իր ժողովրդի կյանքով, կիսել նրա միլիոնավոր այլ զավակների հետ 1915թ․ ցեղասպանության արհավիրքները։ Կոմիտասի «Պատարագը» դարձավ ոչ միայն Վարդապետի ստեղծագործական ժառանգության գագաթնակետը, այլ այն ընդհանրական տուրքն ի հիշատակ նահատակների, նաև այն զոհերի, ում մենք հիշում ենք այսօր»։

Մինսկի Բոլոր Սրբերի Տաճարի քահանա, Ավագերեց Ֆեոդոր Պովնին (Фёдор Повный) իր խոսքում նշեց․ «Լինելով հոգևորական, բանաստեղծ և կոմպոզիտոր՝ Կոմիտասը նման է ճրագի։ Աստծո և սեփական ժողովրդի հանդեպ սերն իր համար հանդիսացել են այն հուրը, որը վառվում է մինչ օրս իր ստեղծագործությունների միջոցով։ Նա աշխարհի համար կրկին բացեց հայկական լեռների ու քամու ձայները, ժամանակից և պատերազմներից տառապող ոգու ձայնը։ Այս երաժշտությամբ ոչ միայն հայերն են բացահայտում իրենց էությունը, այլև մյուս ժողովուրդները ծանոթանում են հայկական ոգու հետ»։

Համերգի ընթացքում Վարդապետի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունների հետ մեկտեղ կատարվեց նաև Բաբաջանյանի և Հարությունյանի «Հայկական ռապսոդիա» ստեղծագործությունը։ Ելույթով հանդես եկան ակադեմիայի դասախոսներն ու սաները, միջազգային փառատոնների դափնեկիր Եղիազար Ֆառաշյանը, «Adlibitum Quartet» լարային քառյակը։ Ակադեմիայում կազմակերպվել էր նաև Կոմիտասի կյանքի տարբեր ժամանակահատվածներին և ստեղծագործություններին նվիրված ֆոտոցուցահանդես։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930