Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պուտինի նվերը Նեթանյահուին

Ապրիլ 06,2019 22:54

Մոսկվայում կայացած Պուտին-Նեթանյահու հանդիպումը կարելի է վերլուծել  իսրայելյան ընտրությունների անմիջականորեն նախօրեին կատարված գործողություն` վարկանիշի ապահովման եւ ընտրական գործընթացի վրա կարեւոր ազդեցություն ունենալու գործոնի հանգամանքներով: Արագորեն ուշագրավ է այն, որ թե՛ Թրամփը եւ թե՛ Պուտինը իրենց քայլերով եւ հայտարարություններով նպաստում են Նեթանյահուի վարկանիշի բարձրացմանը:

Հրապարակված թեման Սիրիան է. լրատվությունների տողատակերը կարդալով եզրակացվում է, որ գրավոր մշակված ծրագիր բանակցային սեղանի վրա չի դրվել, այդուհանդերձ կողմերը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացին իրենց դերերը համադրելու կարելիությունները:

Քաղաքական պահը սակայն միայն ներիսրայելյան ընտրություններով մեկնաբանելը չպիտի առարկայականորեն ճիշտ լիներ: Խնդիրը էապես տարածաշրջանային տարողություն ունի եւ անպայման լուսարձակներ է բացում ո՛չ միայն առնչված երկու կողմերին, այլ այս դեպքում սիրիական հակամարտությունում շահագրգիռ եւ ներգրավված պետությունների վրա, հիմնականում` Անկարայի եւ Թեհրանի ուղղություններով:

Այստեղ անպայման  պետք է նկատի ունենալ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների գեթ դեկլարատիվ մակարդակի վրա կրկին լարված իրավիճակը : Եվ հերթական անգամ սուր ուղերձներ են փոխանցվում երկուստեք` ցեղասպանական պետություն լինելու փոխադարձ ամբաստանությունները հնչում են կիսապաշտոնական, երբեմն նաեւ ուղղակի պաշտոնական բեմերից: Էրդողան-Նեթանյահու հեռակա սուր բանավեճը հատկանշվել էր իր խստությամբ: Չմոռանանք, որ Էրդողանը հրապարակայնորեն հայտարարել էր, թե Գոլանի հարցը պիտի փոխանցի ՄԱԿ-ին եւ թե ոչ մի ձեւով արդարացված չէ Վաշինգտոնի որոշումը` իսրայելյան գերիշխանությունը այդ բարձունքների վրա ճանաչելու առումով:

Բայց խնդիրը ավելի սուր կերպով վերաբերում է Թեհրանին: Այս հանդիպման առանցքային հանգույցը լիբանանյան Բեքա շրջանում 1982-ից կորած հրասայլի եւ զինվորներից մեկի աճյունների հայտնաբերումն է եւ նրա տունդարձի հանդիսավոր կազմակերպումը: Պուտինի նվերը` Նեթանյահուին ասելաձեւով բացատրվող այս գործողությունն ունի որոշ հանգամանքային ծալքեր, որոնք լուսաբանելը քաղաքական գործընթացների ուղենշային ընթերցումներին են ծառայում:

Աճյունների հայտնաբերման քաղաքական պահի ընտրությունը, ինչպես ասվեց, չի միտում միայն ներիսրայելյան գործընթացների վրա ազդելու. դրան առընթեր միջինարեւելյան օրակարգերի իրականացման դերերի հստակեցման առիթն է օգտագործում: Նեթանյահուին վերընտրել տալով ռուս-ամերիկյան միջնորդավորված համաձայնության առարկայացման դրսեւորումն է, որն արձանագրվում է:

Նկատենք, որ ո՛չ միայն Անկարան, այլ նաեւ Թեհրանը եւ նրա լիբանանյան արբանյակ նկատվող Հեզբոլլա կուսակցությունը հակազդեցություն չեն ունեցել առ այս պահը: Իսկ Թել Ավիվը ռուսական եւ ամերիկյան հովանավորությամբ սաստկացնում է պայքարը Գազայի եւ պաղեստինցիների դեմ:

Դեպի Իսրայել առարկայացող ռուսական գործակցությունը տեսականորեն հարված է Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական գծին: Պուտինի նվերը Թել Ավիվին` երեւութապես Անկարայի, բայց հատկապես շեշտված ձեւով Թեհրանի հաշվին:

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«ԱԶԴԱԿ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930