Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «հումանիտար շփումների» մասին

Ապրիլ 17,2019 10:00

2008 թվականի նոյեմբերին Մոսկվայի մարզում գտնվող Մայենդորֆ պալատում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սարգսյանը, Ալիեւը եւ Մեդվեդեւը հռչակագիր էին ստորագրել, որով պարտավորվում էին շարունակել փնտրել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումները «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում: (Երկուսուկես տարի անց Կազանում այդ գործընթացը տապալվեց՝ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման պատճառով): Մայենդորֆում կողմերը նաեւ պայմանավորվել էին զարգացնել հումանիտար համագործակցությունը: Դա նշանակում էր, մասնավորապես, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական հատվածի, փորձագիտական շրջանակների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է շփվեն, համատեղ ծրագրեր իրականացնեն, ցույց տան իրենց հասարակություններին, որ հակառակ կողմում նույնպես մարդիկ են ապրում, ոչ թե հրեշներ եւ այլն:

Նման մի քանի հանդիպումներ իսկապես տեղի են ունեցել, բայց արդյո՞ք դրանք գոնե նվազագույն չափով նպաստել են երկու ժողովուրդների միջեւ առկա լարվածության թուլացմանը: Միանշանակ՝ ոչ: Ամեն ինչի մասին պետք է դատել ըստ արդյունքների. 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը խոշոր ռազմական հարձակում իրականացրեց Արցախի վրա, զոհվեցին մոտ հարյուր հայորդիներ եւ մի քանի հարյուր ադրբեջանցիներ: Վերքը չսպիացավ, այն շարունակում է արնահոսել:

Հիմա եկել է նոր մարդասիրական նախաձեռնությունների ժամանակը: Երկուշաբթի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները «պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը»: Ինչպես նաեւ՝ «պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ առնվազն առաջին պայմանավորվածության հետ կապված Ադրբեջանն ամեն ինչ կանի՝ ցանկացած պատրվակներով դրանք տապալելու ուղղությամբ: Օրինակ, կասեն, որ ադրբեջանցիները չեն գնա տեսակցելու իրենց հարազատներին «օկուպացված տարածքներում»: Դրանով իսկ քաղաքական տարր կմտցնեն մարդասիրական նախաձեռնության մեջ, ինչն անխուսափելիորեն կբերի նոր լեզվակռվի:

Երկրորդ մասով ենթադրելի սցենարը հետեւյալն է: Ադրբեջանի իշխանությունը կուղարկի մի քանի «լավ պատրաստված» երիտասարդի, որոնց ամեն երկրորդ բառը հայերի հետ շփումների ժամանակ կլինի՝ «20 տոկոս օկուպացված տարածք, 1 միլիոն փախստական», ինչպես նաեւ՝ «եթե խաղաղություն եք ուզում, դուրս եկեք մեր հողերից, թե չէ մենք ստիպված կլինենք…»: Դրան ի պատասխան երկու տարբերակ կա՝ կա՛մ վիճել, ապացուցել, որ դրանք իրենց հողերը չեն (դարձյալ լեզվակռիվ), կա՛մ փորձել շփվել այլ թեմաներով, ինչը շատ դժվար է, եթե զրուցակիցդ նախապես հստակ առաջադրանք է ստացել:

Համենայն դեպս, ամեն ինչ պետք է իսկապես լինի «փոխադարձության հիման վրա»: Հակառակ դեպքում «հումանիտար շփում» չի ստացվի:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930