Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմավեպի ստեփանակերտյան շնորհանդեսը

Ապրիլ 25,2019 12:30

Հեղինակին երբեմն թվում է, թե հանրությունը վերջնականապես կորցրել է հետաքրքրությունը գրքի, գրական ստեղծագործության նկատմամբ: Այս հանգամանքը, անշուշտ, հիասթափեցնում է գրողին: Նույնիսկ կշտամբում են. «Գրելը այսօր ձեռնտու գործ չէ, նյութական ապահովության համար այլ զբաղմունք գտիր»: Գրողին ավելի է հիասթափեցնում այն հանգամանքը, որ գրողական գործունեության համար գրողներին թոշակ չի հասնում: Երբ նա սոցաշխատողին համոզելու համար հայտնում է, որ ինքը շուրջ քառասուն գրքերի հեղինակ է, կարող է ցույց տալ գրքերը, ասում են՝ եթե նման օրենք լինի, կնշանակեն թոշակը, սակայն ոչինչ գրողների համար չկա, քո հաճույքի համար գրել ես՝ թոշա՞կ ես պահանջում… Պարզապես գրողը, մասնագիտությամբ արվեստաբան, ստեղծագործող մարդը դուրս է իշխանությունների, հանրության ուշադրությունից:

Սակայն գրողը համառորեն շարունակում է ստեղծագործել: Ոչ միայն այն պատճառով, որ ինքը գրելու մասնագետ է, նրա տաղանդը բնատուր է ու տարիների համառ աշխատանքի արդյունք, այլ որովհետեւ նա շատ բան ունի ասելու, տալու հանրությանը: Իսկ ահա հանրությունը կորցրել է գրողին ընկալելու, գնահատելու ունակությունը:

Ողջ տիեզերքում գերակայում է միտքն ու գաղափարը: Քննեք ցանկացած երեւույթ, ամեն ինչում էլ միտք է տեղադրված: Եթե Անդրոմեդա գալակտիկան իր միլիարդավոր աստղային համակարգերով մեծ արագությամբ ընթանում է դեպի Ծիր Կաթին համաստեղությունը, ապա նա շտապում է ոչ թե բախվելու, ոչնչացնելու մեր գալակտիկան, այլեւ միանալու, պսակվելու նրա հետ, որի արդյունքում կծնվեն նոր գալակտիկաներ: Միկրոսկոպի տակ նույնն ենք տեսնում նաեւ բջիջների միացման դեպքում: Այսինքն, այդ երեւույթները Համագոյի կամքով կառավարվում են: Այն երկրները, որտեղ գնահատվում է միտքը, մարդիկ գնահատվում են ըստ ունակության եւ գրավում իրենց արժանի տեղը, ապա այդ հանրությունը զարգացում, առաջընթաց է ապրում: Եթե երկրի պատասխանատու դիրքերում «ընտրվում» են ոչ արժանի մարդիկ, որոնք արհամարհում են մտքի կրողներին, եթե կտրվում է կապը մշակույթի, գրականության, արվեստների հետ, ապա դրանց փոխարեն երկրում երեւան է գալիս կոռուպցիան, անարդարությունը, որի արդյունքում էլ՝ բարոյական, տնտեսական, մշակութային ճգնաժամը, աղքատությունը, վտանգվում է պետության գոյությունը:

Ահա այսպիսի մտորումներով արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ Բակուրը գալիս է հայրենի եզերքում ներկայացնելու իր նոր գիրքը՝ «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը: Գրքի շնորհանդեսը Արցախի գրողների միությունը անցկացրեց «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում:

Դահլիճում էին հավաքվել «Նարեկացի» եւ Արցախի պետական համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Արցախի գրողների միության նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը: Նա բարձր գնահատեց Բակուրի այս պատմավեպը, այն համարելով նոր խոսք հայոց պատմավիպասանության ժանրում:

Պատմավեպի մասին զեկուցումով հանդես եկավ Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ եւ գրականագետ Սոկրատ Խանյանը: Նա նշեց, որ «Գրական թերթում» հանդես է եկել ընդարձակ նամակով, վեպի բարձր գնահատականի հետ գրել որոշ նկատառումներ՝ կապված գլխավոր հերոսի անվան, 428 թ. հայոց պետականությունը վերացնելու գործում կաթողիկոս Սահակ Պարթեւի պատասխանատվության մասին: Թերթում հեղինակը հրապարակել է պատասխան նամակ, գրել իր մոտեցումները խնդիրների մասին: Այդքանով էլ բավարարվել են գրականագետն ու հեղինակը:

Ընդարձակ զեկուցում կարդաց նաեւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանը: Պատմավեպի մասին ելույթ ունեցան ԱՊՀ դասախոս, բ.գ.թ., բանաստեղծ Զինաիդա Բալայանը, բանաստեղծ Դավիթ Միքայելյանը, տ.գ.թ. Գեղամ Միքայելյանը:

Բակուրի եւ նրա ստեղծագործական ուղու մասին ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գայանե Գրիգորյանը:

Ապա խոսքը տրվեց պատմավեպի հեղինակին՝ Բակուրին: Մինչ իր ելույթին անցնելը նա հայտարարեց, որ նախորդ օրը ինքը եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Գագիկ Սարգսյանը Ստեփանակերտի հանրությանը ցուցադրելու են բերել Արցախի ազատագրված տարածքներում նորահայտ ամրոցների հետազոտման երեքամյա աշխատանքների արդյունքները, ներկաներին հրավիրելով Երիտասարդական պալատ, ծանոթանալու արժեքավոր ցուցադրությանը: Ապա Բակուրը պատմեց պատմավեպի ժանրին իր յուրահատուկ մոտեցման մասին: Եթե տաղանդավոր արձակագիրներ Պերճ Զեյթունցյանը կամ Լեւոն Խեչոյանը պատմավեպերում իրենց խորիմաստ փիլիսոփայությամբ հայտնվում են առաջին պլանում, ապա ինքը այլ մոտեցում է ցուցաբերել, ձգտելով չերեւալ, տուրք տալով 5-րդ դարի նիստ ու կացին, սովորություններին, ազգագրությանը, նույնիսկ ժամանակաշրջանի պատմիչներից յուրացրել արտահայտչաձեւեր, որոնց միջոցով ժամանակակից ընթերցողներին մատուցել V դարի շունչը, համացանցի միջոցով շատ նյութեր կորզել ասենք՝ հոների, պարսիկների, զրադաշտական կրոնի մասին, որոնց առնչվում են վեպի հերոսները: Ապա պատմավեպի հեղինակը պատասխանեց այս հանդիպման մասնակիցների հարցերին:

ՍՈՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930