Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Պոնչոյի» համար դատախազը պահանջել է 4 տարով ազատազրկում

Ապրիլ 25,2019 14:00

«Նստած լինեի, ավելի լավ էր: Չորս տարի դատարաններում եմ»:

Ես բարի մարդ եմ, բայց եթե բարկացնեն, «18+ վիդեոներն ու ձայնագրությունները» կներկայացնեմ, կապացուցեմ, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սուտ ցուցմունք են տվել: Ինչպես կասեր Չելենտանոն. «Պաշտում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը»: Գրպանումս է երրորդ համաշխարհային պատերազմը՝ ապացույցներս»,-ասում է ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանը:

Դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Էդիկ Աղաջանյանն անցյալ ուրբաթ՝ ապրիլի 19-ին, հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին:

Դատախազն ավարտել է մեղադրական ճառը, եւ ամբաստանվող դերասանի համար պահանջել է 4 տարի ժամկետով ազատազրկում:

Հիշեցենք, որ 2015թ. օգոստոսի 24-ին դերասանի եւ նրա աներոջ հարեւանի՝ Ռուբեն Գալստյանի միջեւ ծեծկռտուք է եղել, դերասանն, ըստ մեղադրանքի, էլեկտրաշոկով «փորձել է հարվածել տուժողին»: Մեղադրանքի կողմը պնդել էր, թե Վահագն Սիմոնյանը, գետնից «քար» վերցնելով, հարվածել է տուժողի գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանին քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Վ. Սիմոնյանը տաքսի ավտոմեքենան նստելով՝ զանգել էր ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները կողմերին տեղափոխել էին Էրեբունու բաժին։

Առողջապահության նախարարության փորձագետ Արսեն Բաբայանն էլ հայտնել էր, որ իր տված եզրակացության համաձայն, Ռ.Գալստյանին հասցված վնասվածքը «բութ» առարկաներով է հասցվել, որոնք թեթեւ մարմնական վնասվածք չեն: «Առավոտի» հետ զրույցում Վահագն Սիմոնյանն ասաց, թե իր վերջին խոսքն ու ճառը կասի մայիսի 31-ին նշանակված նիստում. «Ոչ թե ճառ կասեմ, այլ զանգ կկախեմ: Ես պահանջելու եմ, որպեսզի հրաժարվեն իմ մեղադրանքից: Ունեմ վիդեոներ, թե ինչպես են ծեծի ենթարկել ինձ: Անտեր ամբաստանյալ եմ դարձել: Դատախազն իր ճառն ասաց ու թռավ: Ինֆորմացիա ունեմ, որ ԱՄՆ է թռել: Նոր դատախազ է ներգրավվել: Սա էլ մի ամիս ուզեց գործի նյութերին ծանոթանալու համար: Չորս տարի է՝ դատարանում եմ: Ստացվում է, որ դատախազը գալիս է դատարան՝ գործին ծանոթ չլինելով: Հիմա նոր եմ հասկանում, թե ոնց են ջահելների գլխին գործ սարքում ու թռնում»:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվող քրեական գործով դատակոչված վկա, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը տեղեկացել էր, որ դեպքի օրը նա եղել է դերասանի հետ նրա քաղգործի հետ կապված եւ տեսել է կատարվածը:

Նա է անգամ կանչել շտապօգնություն:

Փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանն իր վկայության ժամանակ հայտնել էր, որ դեպքի վայրում եղել է տեսախցիկ, երբ ինքը մոտեցել է Վահագնի մեքենային, տուժողը քարով, ոտքերով, ձեռքերով շարունակել է հարվածել Վահագն Սիմոնյանին, իսկ Վահագնը այնքան վատ էր, որ ինքը պահել է, որպեսզի չընկնի, գիտակցություն չկար. «Տեսա Վահագնին՝ սյան մոտ կանգնած, կանչեցի շտապօգնության բրիգադ եւ նրան տարան թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Երբ հասա հիվանդանոց, բժիշկն ասաց, որ Վահագնի վնասվածքը ծանր է, նա ուղեղի ցնցում է ստացել եւ հրաժարվում է բուժօգնությունից, ես նույնպես համոզեցի, որպեսզի Վահագնը բուժօգնություն ստանա: Վերջինս, սակայն, ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով հրաժարվեց»:

Նշենք, որ կինոդերասանի գործով դատարանում լսվել է նաեւ շտապօգնության բժիշկ Վարդան Գասպարյանի վկայությունը:

Փաստաբան-ականատեսը խնդրել էր, որ իր այս հաղորդումը դիտեն հաղորդում հանցագործության մասին: Ինչ վերաբերում էր տուժողին, Գեւորգ Մարտիրոսյանը նկարագրել էր նաեւ այն դրվագը, երբ փորձել էր կանչել շտապօգնություն. «Երբ ոստիկանները եկան, տուժող Ռ. Գալստյանն ասաց՝ «տղուս թայ տղա ես, գնա ապրի՝ ասես ինձ կյանք էր շնորհում»: Քննությունն այս դրվագով լռել էր:

Ի դեպ, դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը նշեց, որ Վահագնի կողքին դեպքի ժամանակ եղած փաստաբանը տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ մեկ այլ վկա ոստիկան էլ վկայություն տվեց, թե Վահագնը եղել է մենակ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930