Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հերոսներ իրենց կոչմանը չեն արժանացել, իսկ ոչ հերոսները հերոսներ են դարձել»․ լեգենդար հրամանատարի հայրը վիրավորված է

Մայիս 03,2019 22:55

Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունն իրականացրած, Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ազատագրած և 1994 թվականի մայիսի 1-ին, 33 տարեկան հասակում Թալիշի բարձունքում նահատակված լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի հայրը՝ Վալենտին Մեխակյանն Aravot.am-ի հետ զրույցում իր վիրավորանքը հայտնեց առ այն, որ իր որդուն հերոսի կոչմանը չեն արժանացրել։ Եվ սա այն դեպքում, երբ առանց զոհերի է իրականացրել իր մարտական գործողությունները։ Հերոսն ասել է․ «Ինձ համար զոհերի գնով հաղթանակը հավասար է պարտության»։ Մեխակ Մեխակյանը ԼՂՀ,  ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ է։

«Շատ հերոսներ իրենց կոչմանը չեն արժանացել, իսկ ոչ հերոսները հերոսներ են դարձել։ Ես առաջին օրվանից մինչև հիմա պայքարել եմ, արդարությունը պետք է վերականգնել։ Հենց կոնկրետ Մեխակի մասին եմ ասում, մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրեց հայրենիքին և կատարեց այնպիսի սխրանքներ, որոնք ազատագրական պայքարի մեջ բացառիկ երևույթ էին, բայց չարժանացավ հերոսի կոչմանը։ Ֆիզուլիի հարավը ազատագրեց մինչև Հորադիզ կայարան, հետո են Հորադիզը հանձնել նորից, ինչպես նաև հյուսիսը՝ Մատաղիսից սկսած Արեգասարով Թալիշ և մնացած տեղերը, այդ բոլորում Մեխակի անձնական լուման կա, հատկապես Թալիշ-Արեգասար օպերացիայի։

Եթե Մեխակը չմասնակցեր, միգուցե Թալիշը չազատագրվեր, կամ եթե ազատագրվեր, մերոնք առնվազն 300 զոհ էին նախատեսել․ մերոնք ոչինչ չունեին, թուրքը ուներ հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա, հանդերձանքներ։ Իսկ Մեխակը իր նվիրյալների հետ՝ 60 հոգով հավաքվել, գիշերով թուրքերին տագնապի մեջ էին գցել, թուրքը փախել էր։ Նրանք գնացին ու իրենց ամբողջ ռազմական տեխնիկան՝ միայն 10 տանկ, թողեցին։ Այդ բոլորը Մեխակի շնորհիվ է եղել, իր գլխավորած զորախմբի միջոցով, բայց չարժանացավ հերոսի կոչման, առաջին  աստիճանի «Մարտական խաչ» տվեցին ու այդ ժամանակ ասացին, որ սա է հերոսի կոչումը։ Այդ ժամանակ հերոսի կոչում չկար Արցախում, ասացին, որ առաջին աստիճանի «Մարտական խաչ»-ը Արցախի հերոսն է, բայց դրանից հետո Արցախի հերոսի կոչում ստեղծեցին, իրենց ուզած մարդկանց հերոս տվեցին, իսկ մեր իսկական հերոսները մնացին ստվերում։ Մեխակը մինչև հիմա նույն կարգավիճակով է մնացել։

Ես այսօր շատ խիստ վիրավորված եմ, այնպիսի մարդկանց են հերոսի կոչում տվել, որ հարցնում ես՝ ի՞նչ են արել, ո՞ր բնակավայրերն են ազատագրել։ Պիտի հստակ կարգավորում լինի, արդարությունը վերականգնվի, վրդովեցուցիչ է, գրեթե առանց զոհերի Ֆիզուլին է ազատագրել ՝ 33 գյուղ մինչև Հորադիզ կայարան, ընդամենը մեկ զոհ, մեկ վիրավոր է ունեցել», -ասում է Վալենտին Մեխակյանը։

Վալետին Մեխակյանը նաև ասում է, որ հերոսի կոչումը սկսեցին տալ առանձին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, և երբ ինքը Պաշտպանության նախարարներից պահանջել է հերոսի կոչում տալ, պատասխանել են․ «Նա ինչ արել, իրենը ստացել է»։ ։

Հերոսի հայրը հիշում է, որ Մատաղիս-Թալիշ օպերացիայի ժամանակ իր որդին աշխատում էր 6-րդ վարչությունում, սակայն թողել է աշխատանքը ու շտապել մարտի դաշտ, քանի որ այնտեղ նեղ վիճակում էին հայտնվել։

«Այդ օպերացիան պիտի կատարեին, Թալիշը պիտի ազատագրեին, նախատեսել էին 300 զոհ, 300 հայորդիներ, ջահելներ պիտի զոհ գնային, Մեխակը գնաց։ Ասի՝ ախր էլի գնա՞ս այ տղա ջան, գնաս ի՞նչ պիտի անես, ասեց՝ պիտի գնամ, չտանեն, կոտորեն էրեխեքին, ավելի լավ չէ՞ մեկը զոհվի, քան էդքան դիակներ բերեն։ Ինքը գնում էր զոհվելու, որ էդքան դիակներ չտային, դա 1994 թվականի ապրիլյան օրերին էր, երբ անընդհատ դիակներ էին բերում։ Իհարկե, ես չէի կարող իրեն արգելել, դա սրբապղծություն կլիներ իմ կողմից, ես գիտեի, որ գնալու է, իսկ մայրն ու կինը չգիտեին, գնաց ու ամբողջ գործողությունը վերցրեց իր վրա։ Երեք անգամ մտել է թշնամու թիկունք, հետ է եկել, քարտեզագրել է, նշումներ արել, թե ինչ պիտի անի, ճշտել թշնամու նամազի ժամը, վերջը 60 կամավորներ է վերցրել ու մտել է թշնամու թիկունք, ամեն մի հարյուր մետրի վրա պոստեր են եղել, պոստերն էլ ականապատված, դրանք ինքն է ականազերծել ու գրավել մինչև Թալիշ»։

Մենք Մեխակ Մեխակյանի որդուն՝  «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանին հարցրեցինք՝ կա՞ այսօր անհրաժեշտություն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, թե՞ իշխանափոխությունից հետո պիտի հավատալ, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումն ըստ արժանվույն կշնորհվի։

Արգիշտի Մեխակյանն ասաց․ «Օրենքը պետք է խորությամբ ուսումնասիրվի, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ բաց տեղեր ունի կամ ունի՞, թե՞ չունի բաց տեղեր, մաքսիմալ օբյեկտիվ պետք է լինի, որևէ կամայականություն, կողմնապահություն կամ շահագրգռվածություն չդրսևորվի։

Մենք հիմա բարդ իրավիճակում ենք ապրում, փաստացի պատերազմող երկիր ենք համարվում և ցանկացած պահի երաշխավորված չենք, որ սահմաններում լարվածությունը կուժեղանա կամ պատերազմական գործողություններ կվերսկսվեն, քանի դեռ այդ փուլում ենք, պետք է զգուշությամբ վերաբերվենք, որովհետև ցանկացած պատերազմ ծնում է իր հերոսներին»։

Նրա հիշողությունները իր հերոս հոր մասին շատ չեն․ նա փոքր է եղել։

«Հիշում եմ, երբ հայրս ոտքից վիրավորվել էր ու տուն եկել ապաքինվելու, ինքնուրույն չէր կարող քայլել, երբ մեքենայից իջեցրեցին, հարազատություն, հարևանություն միանգամից հավաքվեցին, նրա վերադարձը ոնց որ տոնախմբության նման մի բան լիներ։ Ես, անկեղծ ասած, իրեն տանը երկար մնալուց չեմ հիշում, հիշում եմ իր տնից հեռանալը ու տուն վերադառնալու պահերը, դրանք շատ տպավորվել են», -ասում է Արգիշտի Մեխակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Արգիշտի Մեխակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031