Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցում նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման. Հրանտ Մարգարյան

Մայիս 07,2019 15:29

Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը դատապարտեց այն մոտեցումը, որ քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա` Արցախը բեռ է, որքան հնարավոր է շուտ պետք է ազատվել այդ բեռից: Ինքն այլ կարծիքի է` Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի. «Եթե մտածում ենք` կզիջենք, հետո կզարգանանք, կզիջենք, հետո կամրապնդվենք, կզիջենք, հարցը կվերջանա, դա մեծ սխալմունք է: Նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման: Սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք: Մենք պետք է բանակցենք, բայց նաեւ հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է: Ուստի մենք դրան պետք է պատրաստվենք»:

Ըստ նրա, եթե չգիտակցենք սա, ապա կկորցնենք Արցախը, հետո` Զանգեզուրը, հետո Երեւանը: «Վերջերս երկրի թիվ մեկ եւ թիվ երկու դեմքերի կողմից ասվել է, որ եթե շատ եք ուզում պատերազմ, ապա ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տվել: Իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրավունքն էինք կորցնելու: Ուրեմն չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, թե զոհ եք տալու: Դա ապազգային ու ապապետական երևույթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: Ուստի պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարեւոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից ու հարստությունից էլ է կարեւոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հրանտ Մարգարյանը քննադատեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, թե հասարակությունը ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարներին չի պատվիրակել`ինչպե՞ս լուծել հարցը: Նա զարմացավ`ինչպե՞ս չի ասել ժողովուրդը, «բա 30 տարի ի՞նչ են արել», հիշեց, որ 2016-ին էլ «ամենը շտապում էին Արցախ» եւ հարց հնչեցրեց`«բա էլ ո՞նց են ասում»:

Իր ելույթում նա նկատել էր`այս դաշինքը պետք է մեկընդմիշտ տա հարցերի պատասխանները, որոնք միշտ տրվել են ՀՀ տարբեր ղեկավարներին, թե ինչո՞ւ է հայաստանցի զինվորը պահում Արցախի սահմանը:

Հրանտ Մարգարյանը նաեւ ասաց`վախենում է, որ մի օր Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը եւ մենք ստիպված կլինենք վերադարձնել ազատագրված տարածքները:

Իր ելույթում, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը տարակուսեց`նման հարց որեւէ օտարերկրացի չի բարձրաձայնել: Ըստ նրա, տարօրինակ է, բայց այդ հարցը միշտ բարձրացրել են Ադրբեջանից եւ որոշ հայ գործիչներ: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել այս ռազմաքաղաքական դաշինքին, ավելին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է իրավական հարցը դաշտ նետել: «Մի բան հստակ է`Արցախի հարցում սակրավորի քաղաքականություն չենք վարելու»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031