Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտաշատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Մայիս 08,2019 23:45

Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ Արտաշատ համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 25-ին հրավիրված հերթական և մայիսի 3-ին հրավիրված արտահերթ նիստերը չեն կայացել՝ քվորում չապահովվելու պատճառով: Նիստերից բացակայում էին ավագանու անդամներ Արման Թադևոսյանը, Հարություն Մնացականյանը, Գոռ Նազարյանը, Հերիքնազ Նազարյանը և Գաբրիել Պողոսյանը: Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված՝ համայնքի համար կարևորագույն հարցերի թվում էր սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման եվ հաստատման մասին հարցը, որի վերաբերյալ ավագանու համապատասխան որոշում կայացնելուց հետո հնարավոր կլիներ իրականացնել համայնքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ, թիվ 19, 21, 23, Մարքսի փողոցի թիվ, թիվ 3, 5, 7, Իսակովի փողոցի 47/2, 47/3 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի, Շահումյան փողոցի որոշակի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ պետբյուջից համաֆինանսավորմամբ:

Օրենքով սահմանված կարգով՝ ավագանու ներկա անդամները ստորագրել են կազմված արձանագրությունները՝ նիստերի չկայացման մասին:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ համայնքի՝ ավագանու նիստերին պարտաճանաչ հաճախող 7 անդամներից 5-ը հայտարարեցին ավագանու անդամությունից հրաժարական տալու վերաբերյալ և ներկայացրեցին համապատասխան դիմումներ, ինչի հիման վրա էլ կազմվեց արձանագրություն՝ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Նշենք, որ Արտաշատ համայնքի ավագանու անդամների թիվը մայիսի 3-ի դրությամբ օրենքով սահմանված 15-ի փոխարեն կազմում էր 12-ը, իսկ վերոնշյալ ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետևանքով անհնարին դարձավ Արտաշատ համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը: Այդ փաստը հաշվի առնելով և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը կազմեց արձանագրություն՝ Արտաշատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիշյալ արձանագրությունը համայնքի ղեկավարը մարզպետի միջոցով ուղարկել է ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, որը արձանագրությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով ՀՀ կառավարությանը կներկայացնի Արտաշատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Արտաշատի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031