Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ. Ներսիկ Իսպիրյանը՝ Արամ MP3-ի մասին. «Ժողովուրդ»

Հունիս 06,2019 13:51 Share

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանն է։ Նա խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային, ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի վնասների մասին։

-Երեք ու կես տասնամյակ է՝ բեմում եք, ի՞նչ եք կարծում՝ ո՞ր տասնամյակում է հայկական ժողովրդական երգն ավելի մեծ տարածում ունեցել, ավելի մեծ, նշանակալից դեր ունեցել։

–Ազգային, հայրենասիրական երգը միշտ ունեցել է իր կայուն լսարանը Հայաստանում եւ սփյուռքում։ Խորհրդային տարիներին երկաթե վարագույրի ետեւում էինք երգում, այն ժամանակ չէիր կարող ավանդականով կուսակցությունների անուններ տալ, մինչեւ անգամ կային ֆիդայիներ, որոնց մասին երգերն արգելված էին՝ Դրո, Նժդեհ, Նիկոլ Դուման… Բայց կային ազդեցիկ անհատներ, որոնք կարողանում էին այդ արգելքը հաղթահարել։ Նրանցից մեկն էլ Ստեփան Պողոսյանն էր՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի  նախագահը։ Նաեւ նրա շնորհիվ այդ տարիներին կարողացանք զարկ տալ ազգային, հայրենասիրական երգերին։ Իսկ արդեն 1988– ի շարժման ժամանակ, անկախության տարիներին, բնական է, որ հայրենասիրական երգն աննախադեպ զարթոնք ունեցավ։ Գիտե՞ք՝ որն է պարադոքսը. ազգային, հայրենասիրական երգերով լինում են հեղափոխություններ, իսկ հետո, չգիտես ինչու, այդ երգերը շպրտվում են, եւ սկսում են պրոպագանդվել ոչ հայկական երգերը։

–Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ։

–Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց մի կողմ։ Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ։ Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում։ Ի՞նչ տեղի ունեցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում։ «Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (նկատի ունի Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ.-հեղ.)։ Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930