Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ համար զղջայի, եղել է տեսակետ, կարծիք, մոտեցում, այդ մոտեցումը նույնն է, ինչո՞ւ պետք է զղջամ». Մուկուչյանը՝ նախկինում կեղծված ընտրությունների մասին

Հունիս 10,2019 18:20

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձվ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ ասաց, որ գրանցամատյաններում արձանագրված ցանկացած գրառում տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից դառնալու են քննության առարկա: Գրանցամատյանում արձանագրված է եղել նաեւ այն մասին, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ՝ անուն ազգանուններով ու հեռախոսահամարներով: ՏԸՀ-ում կուսումնասիրեն դիմումները, եթե վերահաշվարկի անհրաժեշտություն լինի՝ կանեն վերահաշվարկ:

Առայժմ տեղամասերում քվեարկության արդյունքների վիճարկման դիմումներ ԿԸՀ-ն չի ստացել, վերահաշվարկի դիմումներ դեռ չեն ստացել: Aravot.am-ը հարցրեց՝ վարչական ռեսուրսի կիրառում նկատե՞լ եք, մասնավորապես, Կոտայքի մարզպետի անունն է շրջանառվում, որ տեղամասից տեղամաս էր շրջում ու ցուցումներ տալիս՝ Մուկուչյանը պատասխանեց. «Ընտրության արդյունքներն ամփոփելու համար կա ժամկետ, որի ընթացքում հաշվի է առնվում ամեն ինչ: Այդ գրառումները, դիտարկումները, ինչու չէ նաեւ քվեարկության օրը ներկայացված տեղեկությունները, այդ ամբողջի ուսումնասիրման արդյունքում գնահատականները տրվում են ՏԸՀ-ում»:

ՔՊ-ն ահազանգ էր ստացել, որ երկու դեպք է եղել, երբ ընտրողները քվեաթերթիկները նկարել են: Մուկուչյանը, անդրադառնալով այդ դեպքերին, ասաց, որ ակնկալել, որ բոլորը Ընտրական օրենսգրքի բարձր իմացություն կունենան ու միասնական վարքագիծ, անհնար է. «Խախտումները պետք է արձանագրվեն ու տրվեն պատշաճ գնահատականներ: Եթե խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված խնդրին, ապա օրենսդրորեն ամրագրված է՝ եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ…հակառակ պարագայում ցանկացած ընթացակարգային խախտում չի կարող հանգեցնել ընտրությունների անվավերության: Յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր խնդիր իրենց իրավական գնահատականին կարժանանան»:

Մեր դիտարկմանը, որ դուք այս նույն նախադասություններն ասում էիք նաեւ նախորդ իշխանությունների օրոք տարբեր ընտրական գործընթացներից հետո՝ Մուկուչյանն արձագանքեց. «Որովհետեւ օրենքը չի փոխվում եւ իրավունքը չի փոխվում, իսկ իմ ասածը ելնում է՝ հիմքում ունենալով իրավունքի սկզբունքները»:

Հարցին՝ սա աննախադեպ է, որ իշխանությունը խոշոր քաղաքներում պարտվում է, սկզբում Կապանն էր, հետո Աբովյանն է, դա ինչո՞վ է պայմանավորված՝ Մուկուչյանը պատասխանեց. «Պայմանավորված է բացառապես մեկ բանով՝ ընտրողների տված քվեով: Իսկ թե ինչու են ընտրողները քվեարկում այս կամ այն կերպ, դա ընտրական մարմինների խնդիրը չպետք է որ հանդիսանա: Ընտրողների կամարտահայտության տրամադրություններում պետք է աշխատեն քաղաքական ուժերը, իսկ ընտրական մարմինների գործառույթը բացառապես մեկն է՝ անկողմնակալ կազմակերպել ընտրական գործընթացը»:

Aravot.am-ի հարցին՝ դուք նախկին ընտրությունների ժամանակ պարբերաբար հայտարարել եք, որ եղած խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, բայց նոր իշխանությունները կասկածի տակ են առնում նախկին ընտրությունների արդյունքները, դուք սրան ո՞նց եք վերաբերվում՝ Մուկուչյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ հարցի վերաբերյալ ես տվել եմ որեւէ գնահատական, նշանակում է ես արդեն հրապարակել եմ այդ գնահատականը: Եթե ինչ-որ երեւույթի վերաբերյալ ունեցել եմ մոտեցում կամ գնահատական, այդ գնահատականը բարձրաձայնել եմ»: Հարցրեցինք՝ չե՞ք զղջացել այդ հայտարարությունների համար՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ինչի՞ համար զղջայի: Եղել է տեսակետ, եղել է կարծիք, եղել է մոտեցում, այդ մոտեցումը նույնն է, ինչո՞ւ պետք է զղջամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930