Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի զարգացում. Քոչարյանը կհրաժարվի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից

Հունիս 12,2019 17:57

Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն էր` առաջին նախնական դատական նիստը։ Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որը, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի է։ Հայցի հիմքում, մասնավորապես, Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունն է. «Կամ, թեկուզ, Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ինչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել եւ ասել անձեռնմխելի՞ եմ»:

Քոչարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով իրենց հայցը` նշեց, որ Փաշինյանի խոսքերը ոչ միայն զրպարտություն են, այլեւ վիրավորանք։ Դատարանում Նիկոլ Փաշինյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հայտարարեց, որ վարչապետի ասածը սահմանադրական նորմի մեկնաբանությանն է վերաբերել. «Անձերի նկատի չի ունեցել»:

Դատավոր Լիլիթ Սարգսյանը նկատեց` եթե Հայկ Ալումյանը գտնում է, որ պատասխանողի ասածները նաեւ վիրավորանք են, պետք է լրացնեն իրենց հայցը։ Այս հիմքով Հայկ Ալումյանը խնդրեց նիստը հետաձգել, իսկ երբ դատավորը հայտարարեց, որ առաջիկա նիստը նշանակելու է հոկտեմբերին, Ալումյանը խնդրեց 5 րոպեով նիստն ընդմիջել, որպեսզի ինչ որ բան ճշտի, եւ ասաց, որ դրանից կախված` հայցի քննությունը կարող է կարճ տեւել։ «Ցանկանում եք հայցը հե՞տ վերցնել»,-կես կատակով ասաց դատավորը։ Ընդմիջումից հետո էլ Քոչարյանի շահերի ներկայացուցիչը հայտարարեց` եթե պատասխանող կողմը կասի աներկբա, որ Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք կհրաժարվեն հայցից։

Փաշինյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Գեւորգ Գյոզալյանը նշեց` լիազորված է վարչապետի անունից ասելու, որ ասվածը վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը եւ, միանշանակ չի վերաբերել Ռոբերտ Քոչարյանին։ Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ գրավոր կերպով են հաստատելու, որ հրաժարվում են հայցից, ուստի նիստը պետք է հետաձգել։ Ըստ այդմ, հաջորդ նիստը կկայանա հունիսի 13-ին ժամը 14:00-ին, եւ այդ ժամանակ էլ Ալումյանը կհայտարարի հայցից հրաժարվելու մասին։

Դատավոր Լիլիթ Սարգսյանը ժպտալով ասաց` դատարանը մտավախություն ունի, որ Ալումյանը կհրաժարվի հայցը հետ վերցնելուց։ Ալումյանը վստահեցրեց, որ նման խնդիր չկա։

Հավելենք, որ հայցի քննությունն ընթացավ առանց հայցվոր Քոչարյանի եւ պատասխանող Փաշինյանի ներկայության։ Լրագրողների հետ զրույցում Ալումյանն ասաց, որ իրենց քայլը որոշակիորեն նախապես քննարկել էին: Փաշինյանի շահերի ներկայացուցիչ Գյոզալյանն էլ նշեց, որ իրենց համար դա անսպասելի էր։

Ուղիղ։ Քոչարյանը հրաժարվում է Փաշինյանի դեմ քաղաքացիական հայցից

Gepostet von Aravot am Mittwoch, 12. Juni 2019

 

Ուղիղ։ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղաքացիական հայցի քննությունը

Gepostet von Aravot am Mittwoch, 12. Juni 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930