Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանը՝ 100-ից 100 խփելու, գործակալ լինելու մեղադրանքների եւ մերօրյա կուռքերի մասին (Տեսանյութ)

Հունիս 13,2019 23:00

Գրականագետ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ զրույցը միշտ հետաքրքիր է` ինչ թեմայով էլ այն լինի: Aravot.am-ի «Հաջողության պատմություն» շարքի ներքո արված զրույցն էլ բացառություն չէ: Այն բավականին անկեղծ էր ու անմիջական: Սկսեցինք նրա մանկական հուշերից ու հասանք մինչեւ բարձր գրականություն ու ինտելեկտուալ քաղաքականություն:

Հարցրինք, թե ո՞րն է իր ամենագեղեցիկ մանկական հուշը: «Ես 4 տարեկան էի, երբ հասկացա, թե ինչ ասել է երջանկություն: Հայրիկս Մոսկվա էր գնացել երկար ժամանակով, ես դեռ չգիտեի, թե ինչ է կարոտի զգացողությունը, երբ ընտանիքի անդամներից մեկը բացակայում է: Երբ արթնացա, ինձ էր մոտենում մեխանիկական, հեռակառավարվող մի պինգվին…Եվ այդ խաղալիքի հետ միանգամից մի քանի բան միախառնվեց. նախ այդ խաղալիքն ունենալու երջանկությունը, որը նշան էր, որ հայրիկը եկել էր: Այնքան գեղեցիկ էր այդ ամենը` եւ հայրիկն էր եկել, եւ պինգվին ունեի եւ Պեպսի, որը Հայաստանում չկար…Դա երեխայի համար ամբողջական երջանկություն էր»,-պատմում է մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ իրենց ընտանիքում գիտնականի, ուսյալ մարդու կերպարի ընկալման մասին: «Ինձ համար զարմանալի է մեր ժամանակներում առկա այն միտումը, որ կրթությունը պետաքական բան չէ…Օրերս էլ մի գրառում տեսա, որ քաղաքականությունը պետք չէ իբրեւ գիտություն, քաղաքական գործիչը, մենք, հեղափոխությունը ապացուցել ենք, որ քաղաքականության համար պետք չէ լինել պատրաստված գործիչ, գրականագիտության համար պարտադիր չէ պատրաստ լինելը,, կարեւորն ունենաս սեփական կարծիք ու դուխ…Ես բոլոր այդ մարդկանց` ոչ պրոֆեսիոնալի գովաբանություններն ընդհատում եմ մեկ նախադասությամբ` դուք գնում եք ոչ պրոֆեսիոնալ բժշկի մոտ…Քանի որ այս պահից սկսած` կարեւորը բարի մտադրություններն են, դուխը, ուղղակի գնացեք մի վատ բժշկի մոտ, որն ունի սեփական կարծիք եւ խիստ խարիզմատիկ է: Տեսնենք, թե քանի՞սը այդ խարիզմատիկ եւ ոչ պրոֆեսիոնալ բժշկի մոտ կգնա…

Պարզվում է` մարդիկ իրենց առողջության գինը գիտեն, իսկ պետության, գիտության, ընդհանուր քաղաքագիտական եւ մշակութաբանական դիսցիպլինների գինը` ոչ: Դրա համար իրենց թվում է, որ իրենց սեփական առողջության ու կյանքի հետ էքսպերիմենտ անել չի կարելի, իսկ ուրիշների կյանքի, պետության հետ` կարելի է…Մեր ընտանիքում կա հետեւյալ մոտեցումը, որ շատերը հռչակում են սնոբիստական եւ էլիտիստական. եթե մի բան չգիտես, չես խոսում, իսկ եթե արդեն մի բան գիտես, քո իմացածն ավելի արժեքավոր է, քան հազարավոր մարդկանց հանրային կարծիքը: Բայց նախ պետք է համոզվես, որ գիտես, գիտես ֆունդամենտալ, բոլոր նրբություններով, ժամանակի մեջ` բոլոր վայրիվերումներով, որովհետեւ ժամանակի մեջ իրողությունները փոխվում են:

Եվ այդ ամենն իմանալուց հետո պինդ եղիր քո կարծիքի մեջ, որովհետեւ պոստմոդեռնիստական ժամանակաշրջանը միտում ունի փլուզելու բոլոր հիերարխիաները, փլուզելու ամեն ինչ` հարուստը եւ աղքատը հավասար են, դա լավ է, սեւը եւ սպիտակը հավասար են` լավ է, բայց, օրինակ, պրոֆեսիոնալի եւ ոչ պրոֆեսիոնալի հիերարխիայի կործանումը կործանարար է համաշխարհային բոլոր միտումների համար… Եվ մեր ընտանիքում սա էր շեշտադրված` հավաք եղիր, ոչ արտաքինը, ոչ ներքինը չպետք է լիներ դիլետանտական, անկազմակերպ: Հայրս դա այլ կերպ էր ձեւակերպում` ձիգ եղիր: Եվ այդ ձիգ լինելը մնաց ամբողջ կյանքում ինձ ուղեցույց»,-նշեց տիկին Սեդրակյանը:

Խոսեցինք նաեւ երիտասարդ տարիքում պաշտպանած գիտական ատենախոսությունից, որի թեման իր ձեւակերպմամբ, հեղափոխական էր, թեեւ չի սիրում այդ բառը:

«Ես առաջին անգամ անդրադարձա մարդու, որն այն ժամանակ ֆաշիստ էր ինքնահռչակվել, խոսքը Էզրա Փաունդի մասին էր: Դա շատ հետաքրքիր փորձառություն էր, որն էլ ինձ համար ճանապարհ հարթեց դեպի քաղաքականություն»,-նշեց Անուշ Սեդրակյանը:

Լեւոն Ներսիսյանին էլ հիշեցինք, որ լսելով իր դասախոսությունները, ասել էր. «Ժամանակն է, որ հեռանամ, որովհետեւ մի տեսակ շատ նման ես ինձ…Կարծես թե կլոն է ստացվում»:

Անուշ Սեդրակյանը հավելում է. «Այդ բառը գրական համատեքստում առաջին անգամ էր օգտագործվում, սկզբում շատ ծանր տարա, հետո հասկացա, որ կարելի է հպարտանալ, որ Լեւոն Ներսիսյանն իր փաստը կապում է ինձ հետ: Իմիջիայլոց, շատերը կարծում էին, թե ես իր դուստրն եմ»:

Գրականության, գիտության միջավայրում կայացած մեր զրուցակիցը ուրախ է, որ նման հոգեւոր սնուցում է ստացել: Զարմանում է, որ քաղաքականության վերաբերյալ խոհանոցային կամ, այսպես կոչված, տաքսիստական տեսակետ կա. «Խոհանոցային, որովհետեւ խոհանոցներում է խոսվում, որ քաղաքականությունը պոռնկություն է, որ իբր ամեն ինչը ծախված է… Հիմա էլ հակառակ դիսկուրսն է մտել, որ դա գերագույն էմոցիոնալ շարժում է: Իմ կարծիքով, աշխարհում չկա մի բան, որը չպետք է սովորել…Ամենատաղանդավոր մարդու ձեռքը տաք մուրճ, ասեք` աթոռ սարքի, չի կարողանա: Այլ հարց է, որ հեռանկարում կարող է, եթե սովորի: Ցավոք, այժմ Հայաստանում սովորելու եւ խոսելու միջեւ կապն անհույս խախտված է, եւ ամեն ինչ արվում է, որ այդ վիհն այնքան խորանա, որ մարդը մտածի` ամեն ինչ կարող է անել առանց սովորելու»:

Հարցրինք` իսկ ինչպե՞ս անել, որ դիլետանտությունը հետ մղվի:

«Դիլետանտությունը միշտ խրախուսվել է…Առաջին իսկ հանրապետության առաջին իսկ օրերից սկսեց խրախուսվել ոչ պրոֆեսիոնալիզմը: Հասկանալի է, որ առաջին փուլում որեւէ մեկը պետական կառավարման փորձ չուներ, իսկ հետո սկսվեց խրախուսվել ուրիշ բան` ցանկացած պրոֆեսիոնալ մարդ վտանգավոր է ոչ պրոֆեսիոնալի համար: Ոչ պրոֆեսիոնալը՝ ի դեմս պրոֆեսիոնալի, ամենաքիչը վտանգ է տեսնում իր աշխատանքային տեղի համար, ամենաշատը` իր գոյության: Դրա համար էլ սկսվեց բոլոր պրոֆեսիոնալների արտամղումը: Մարդկանց այնպիսի պայմանների մեջ դրեցին, որ սկսեցին գնալ, ստեղծագործական աճ չունենալ կամ հիասթափվել…Տեսանք, թե քանի պրոֆեսիոնալ բժիշկ բժշկությունը թողեց, մյուս պրոֆեսիոնալներն ինչպես ամեն ինչ թողեցին, որովհետև իրենց մասնագիտությունը ոչ ապրելու միջոց էր, ոչ էլ հարգանքի աղբյուր, իսկ դա ամենասոսկալին է…Այնպես որ, ինչպես արդեն նշեցի` ես կրթությունն արհամարհող ցանկացած դիլետանտի մաղթում եմ մի էմոցիոնալ, լավագույն մտադրությունները եւ կարծիքը ունեցող ոչ պրոֆեսիոնալ վիրաբույժ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

«Ինձ մեկ-մեկ ասում են` դու գործակալ ես: Ես երբեմն 2015թ. կանխատեսումներն եմ դնում ֆեյսբուքյան, դրանք այնպես են իրականանում, որ բոլորի մոտ վախ է առաջանում: Իսկ պատճառը չափազանց պարզ է` կողքիններս չեն կարդում, ես` կարդում եմ: Ցանկացած մարդ, որը կարդացել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ոչ թե Վիքիպեդիայից, այլ գրականության մեջ եւ պատմական դիսկուրսում, շատ լավ գիտի դրա զարգացման օրինաչափությունները: Օրինակ, գիտի, Ռոբեսպիերն էլ արել էր սպիտակ զգեստներով մարդկանց հավաք եւ զարմանալիորեն դրանից հետո եղավ Ռոբեսպիերի անկումը: Ովքեր կարդացել են, գիտեն, որ Ռոբեսպիերի անունը Incorruptible էր, այսինքն մարդ, որը կոռուպցիայի ենթակա չէ: Ու երբ դու տեսնում ես օրինաչափությունները, կարող ես համապատասխան եզրակացություններ անել: Երբ դու կարդացել ես «Անասնաֆերման», իսկ անտեղյակ մարդը չի կարդում «Անասնաֆերման», որը գիրք է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության մասին, գիտես, որ այնտեղ բացահայտ մի բան է ընդգծվում` լավագույն մտադրությունները միշտ մարդուն տանում են դեպի սեփական անձի, հումանիզմի ժխտում, մերժում: Բացատրեմ ինչու: Ես միշտ երեխաներին էլ եմ ասում, որ ուտոպիստական գրականության, ուտոպիա, որ բոլոր մարդիկ կատարյալ են` արդեն կա, եւ այդ ուտոպիայի անունը Դրախտ է: Ուտոպիան էլ բնորոշ է միայն հոգիներին եւ ոչ մարմիններին: Մարմինն ունի իր պահանջները, որը շատ լավ հասկանում էր Եկեղեցին, երբ որ մարդու իդեալական կյանքը տեղափոխում էր հետմահու: Մնացած բոլոր ուտոպիաները գրվում են մարմնի համար: Եվ ամենակարեւոր բանը, որ կարող է անել մարդկությունը, դա հումանիստական արժեքների քիչ թե շատ գիծը պահելն է: Քաղաքականության պարագայում մնում է միայն կարդալ գրականություն, գտնել օրինաչափությունը ու ասել: Քաղաքական վերլուծության մեջ` հավատացնում եմ ձեզ, դա 100-ից 100 խփում է նշանակետին, հետո ասում են` գործակալը ստացավ ինֆորմացիա Մոսադից, Սարկոզիից…(ծիծաղում է-Գ.Հ.): Ոչ մի տեղից չստացա, ընդամենը կարդացեք, այդքան բան…Աստվածաշունչն էլ է ասում` փնտրեք ու կգտնեք»,-նշում է Անուշ Սեդրակյանը:

Հարցրինք, թե ինչից կարող է հիասթափվել եւ ոգեւորվել: «Ոգեւորվում եմ սիրո բոլոր դրսեւորումներից…Ես ագնոստիկ եմ, հավատացյալ չեմ,եւ եկեղեցի էլ չեմ գնում, բայց Աստվածաշունչը եվրոպական հումանիզմի հիմքն է: Եվ եթե դու խոսում ես որեւէ արժեքավոր բանի մասին, դա ինքնաբերաբար մեջբերում է Աստվածաշնչից… Սերը չի ավարտվում եւ այն ամենը, ինչ կա սիրո մեջ, տարբեր դրսեւորումներ ունի: Օրինակ, գեղեցկությունը սեր է, թեեւ անունը դնում են էսթետիզմ, այն սերն է առ գեղեցիկը,. պրոֆեսիոնալիզմը սեր է առ աշխատանքը… Բոլոր սերերը կենարար հոսանքներ են, որով դու ապրում ես …

Ինչ վերաբերում է հիասթափությանը , ես արագ հիասթափվող մարդ եմ, բայց մյուս կողմից էլ մտածում եմ` ո՞վ եմ ես, որ դատեմ, որովհետեւ, եթե ես հիասթափվում եմ, ուրեմն ծանր եմ տանում եւ դատում եմ…Հիասթափությունը մեկ ուրիշ բանի է բերում` ես մեկուսանում եմ այն մարդուց, իրավիճակից, որը ինձ հիասթափեցում է: Ես տեղ ունեմ փախչելու` փախուստ դեպի ինձ: Իմ եսն իմ մեջ ձեւակերպել եմ…Շոպոենհաուերը գրել է` երջանիկ է այն մարդը, որն այնքան է սնել իր հոգին, որ հոգին էլ հետո կարող է իրեն սնել: Այսինքն, երբ մարդը հեռանում է դեպի միայնություն, հոգին սկսում է իրեն սնուցել` մտքերով, խոհերով, տպավորություններով…Դրա համար փախչում եմ դեպի ինձ»,- ասում է մեր զրուցակիցը:

Դասավանդելուն էլ անդրադարձ եղավ, հարցրինք` ինչ է տալիս այն իրեն:

«Տարբեր փուլերում տարբեր էր. առաջին փուլում վախ էր, որ քարերով կխփեն, կասեն փոքր ես, փորձ չունես: Կրկնակի ինքնավստահությամբ մտնում ես լսարան, որ հանկարծ քեզ կոնֆետ չտան, որովհետեւ եղել են այդպիսի դեպքեր, երբ կոնֆետ են տվել, ասել են` մեծացիր…Հետո սկսվեց այն փուլը, որ ոչինչ չգիտեմ, դրան հետեւեց ընդլայնման փուլը, ապա բյուրեղացման: Պարոն Էդոյանը (Հենրիկ Էդոյանին նկատի ունի-Գ.Հ.) ասում է` հետո կգա հավատքի փուլը, դու կունենաս ոչ թե կրոնական հավատք, այլ արդեն բյուրեղացած ճշմարտությունների բույլ, բայց ես ուզում եմ բյուրեղացման փուլում մնալ, ոչ թե հասնել տիեզերական իմաստության»,- պատասխանում է Անուշ Սեդրակյանը:

Խոսեցինք իր թարգմանած ֆրանսիական պոեզիայի նմուշներից եւ այն պատառիկներից, որոնք Պիեռ Ռեվերդիի ստորագրությամբ հրապարակվել են Ֆեյսբուքում: Անուշը մի գաղտնիք բացեց. «Որոշեցի Պրոսպեր Մերիմեի նման միստիֆիկացիա անել: Նա իր գործերը հրատարակում էր Կլարա Գազուլի թատրոնի անվան տակ: Ես էլ, երբ թարգմանությունները դրեցի, հիշեցի, որ ես էլ եմ քիչ թե շատ պոետ: Մի պոետ կար` Պիեռ Ռեվերդի, բանաստեղծությունները չթարգմանեցի, որովհետեւ չէի հավանել, բայց անունը դուրս շատ եկավ, եւ որոշեցի բանաստեղծություններս խցկել նրա անվան տակ, հետո տեսա մարդիկ կիսվում են, սկսեցի առանձին գրել, որ մի արձագանքեք բուռն, քանի որ դրանք Ռեվերդիինը չեն: Իհարկե, այժմ ունեմ բավականին նմուշներ թարգմանված ֆրանսիական պոեզիայից»:

Ընկերներին` ըստ քաղաքական նախասիրությունների ընտրելու միտումի եւ նորօրյա կուռքերի մասին եւս խոսեցինք:

«Ֆեյսբուքյան խժդժություններն ինձ մոտ 3 տարակուսանք են առաջացնում: Տարակուսանք 1. առ այն, թե ինչքան կարծրատիպեր ունի իրեն ազատական համարող մեր երիտասարդությունը: Դա ի՞նչ ազատականություն է, եթե դու Աստվածաշունչը խախտելով կուռք ես ստեղծում: Մեկի կուռքը Ռոբերտ Քոչարյանն է, մարդ կա` Նիկոլ Փաշինյանն է կուռքը, մարդ կա` Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Իսկ ամենահզոր կուռքը հիմա Լեւոն Տեր Պետրոսյանն է, ի վերջո նա մեր միակ ինտելեկտուալ ներուժն էր կառավարման գործում, հույս ունեմ, որ դրանով է պայմանավորված…Հիմա այդ բոլոր երիտասարդներից յուրաքանչյուրը կռվում է իր կուռքի համար…Պատկերացնում ե՞ք, թե ինչպիսի կաղապարված մտածություն պետք է ունենաս, որ դու չկարողանաս քո գաղափարը որպես գաղափար ներկայացնել, ստիպված լինես անձնավորել քո գաղափարը եւ այդ գաղափարի որեւէ բաղկացուցիչ մաս չիմանաս: Օրինակ, չիմանաս` ինչ է պացիֆիզմը Հայաստանի համար:

Երկրորդ տարակուսանքս միջին եւ ավելի տարիքի հայ օջախի մայրերն են եւ նրանց հայհոյանքները: Ընդ որում, երբ մտնում ես նրանց էջերը, այնքան համով բաղադրատոմսեր կան, դրել, թոռնիկների նկարներ, բաղադրատոմս, Նիկոլ Փաշինյանի ճառ, բաղադրատոմս, պեդիկյուր, բաղադրատոմս…Մի խոսքով, շատ հետաքրքիր մշակութաբանական կոլաժ է: Եվ հանկարծ դրանց մեկնաբանությունները: Այնպիսի ուղղագրական սխալներով են մեկնաբանությունները գրվում, հայհոյանքներում երեւում են չիրականացված երազանքները, սեռաքաղցը: Զարմանում եմ, որ պաշտպանում են մի մարդու, որը հաղթել է, որովհետեւ նման ձեւով միշտ պաշտպանում են ընկածին: Իմիջիայլոց, ժամանակին, երբ հայհոյում էին, ասում էի` ժողովրդի ձեռքից ամեն ինչ վերցրել եք, թողել եք միայն հայհոյելու հնարավորությունը, իսկ հիմա այն մարդիկ, որոնց ձեռքից ամեն ինչ վերցրել են, չեն հայհոյում: Գուցե հասկանում են, որ իրենք մեղավոր են, որովհետեւ այո, միանշանակ մեղավոր են»,-տարակուսանք է հայտնում Անուշ Սեդրակյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Lուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Անուշ Սեդրակյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930