«Իմ որդին ոչ անկարգություն է արել, ոչ ցուցարար է եղել Լեոյի փողոցի վրա, ինչո՞ւ իմ որդին զոհվեց, շարքի մեջ, «պագոնի» տակ իմ երեխեն կանգնած է եղել։ Ո՞վ եկավ հասավ Լեոյի փողոց ու «սնայպերի» գնդակով խփեց, իմ երեխու վիզը ջարդեց։ Էն ժամանակ, որ իմ որդին կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցում։ Էդ օրը երեկոյան ժամը յոթի կողմերը իմ որդուն տեսանք Օպերայում, ասաց՝ մամ, մեզ կարող է տանեն զորամաս, ամեն ինչ վերջացավ: Մինչեւ մենք իջանք կանգառ, ավտոբուսներով տարան երեխեքին Լեոյի փողոց, ընդեղ սկսվեց կռիվ-պատերազմ։ Վախեցանք ամուսնուս հետ: Ժամը 9:30-ին պարոն Քոչարյանը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում ու ասում՝ մեր կողմից էլ զոհեր կան: Էդ ժամանակ իմ որդին դեռ կենդանի էր։ Ինչո՞ւ համար, միայն նրա համար, որ ինքը կարողանար հատուկ դրություն մտցներ քաղաքում»,-այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաքննիչ բողոքի նիստին իր ելույթում ասաց 2008-ի մարտի 1-ին սպանված ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը: Նա դատարանում հարց ուղղեց՝ եթե ցուցարարները անկարգություններ էին անում ու հրաման կար կրակել, ինչո՞ւ իր զինծառայող որդին սպանվեց։

Ինձ համար հիմա միևնույնն է՝ կդատվի Քոչարյանը, չի դատվի Քոչարյանը, կնստի՞ որեւէ մեկը, իմ որդին հետ չի գա։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց, երբ շարքի մեջ կանգած էր»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տիկին Ռուզաննան խոսում էր արտասվելով, դահլիճում ոմանք էլ նրա ելույթը լսելիս՝ արտասվում էին, չէին կարողանում հուզմունքը զսպել:
Տիկին Ռուզաննան դատարանում պնդեց տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը, ապա շարունակեց իր խոսքը. «Սամվել Նիկոյանը մեզ ասում էր՝ գործը կախված է, հետաքննությունը գնում է: Հասել ենք տուն, հեռուստացույցով ասում է՝ մարտի 1-ի էջի համարենք փակված: Էդ ոնց եղավ, էդ քանի՞ մարդ դատեցիք: Ամենավիրավորականն այն է, որ 10-ը զոհերից ոչ մեկի գործը չբացահայտվեց, թեկուզ Քլոյանինը, թեկուզ, Ֆարմանյանինը: Իմ էրեխեն 40 օր կոմայի մեջ մնաց, պարոն Քոչարյանը չէ՞ր կարող հրաման արձակեր, ասեր՝ էդ գործը արագ ստուգեք, տեսեք ինչ է: Սերժ Սարգսյանն ամսի 5-ին իր երդմնակալության օրը, ամսի 10-ին մտա երեխուս մոտ, տեսա ապարատն անջատել էին: Ո՞նց հասկանամ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































