Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Մենք արդյունաբերողների ինստիտուցիոնալ կարողություններն ենք հզորացնում, ոչ թե նստեցնում ենք աջակցության վրա

Օգոստոս 17,2019 12:47

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովին: Նրա խոսքով, ժամանակակից Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել՝ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը: Նա ասաց, որ կառավարությունը  Հայաստանի Հանրապետությունը տեսնում է որպես արդյունաբերական երկիր: «Այս ընթացքում կառավարությունը, պարբերաբար, մշտական շփումների մեջ էր Հայաստանի արդյունաբերողների հետ եւ մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք կզարգացնեն մեր արդյունաբերության ու արդյունաբերողների մրցունակությունը»:

Վարչապետի խոսքով սա շատ նուրբ աշխատանք է: Իսկ թե ինչու է նուրբ՝ այսպես բացատրեց. «Մենք արդյունաբերողներին աջակցելիս իրականացնում ենք, հատկապես՝ նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն եւ ոչ թե, պարզապես նրանց, կներեք այս կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը եւ, իսկապես, ինստիտուցիոնալ առումով զարգանալու նրանց հնարավորությունները»:
Վարչապետը վստահեցրեց, որ հիմա էլ Կոտայքի մազը շատ մեծ արդյունաբերական եւ զբոսաշրջային ներուժ ունի:

Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան Կոտայքի մարզում.  «Կառավարությունն այս ուղղությամբ էլ աշխատանքներ է տանում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերություններն էլ ոտքի տեղ անելու, ձեւավորվել հնարավորություն ստանան: Արդյունաբերական գյուղատնտեսությունը եւս այս մարզում ունի մեծ պոտենցիալ»:

Վարչապետը պարզաբանեց՝ ինչ նկատի ունի արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով. «Գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պիտի լրջորեն ավելանա եւ սա մեզ համար ռազմավարական խնդիր է: Ենթադրենք՝ եթե 100 կիլոգրամ կամ մեկ տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է տասը մարդ, այդ քաղաքական եւ տեխնոլոգիական զարգացման արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ մեկ տոննա խաղողի ստացման վրա աշխատի, օրինակ՝ երկու մարդ կամ մեկ մարդ, որպեսզի ստացվող եկամուտը, ներդրվող միջոցները լինեն առավել արդյունավետ»:

Ըստ վարչապետի, ռացիոնալությունը մեր երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկն է. «Մենք կորցրել ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած մնացած բոլոր ոլորտներում, մեր խնդիրն է, որ ամեն ներդրված եւ ծախսված դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական համակարգից, շարունակելով կրթությունով, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ: Հենց ռացիոնալությունն է մեր մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին ու գրավականը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031