Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հյուրանոցային սենյակների դեֆիցիտ Գյումրիում․ քաղաքը ռեկորդային թվով հյուրերի է սպասում

Օգոստոս 19,2019 14:57

Այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կանցկացվի Գյումրիում, ու այսուհետ  ամեն տարի կնշվի մարզերում։ Այս մասին Գյումրու պատմական հատվածում կատարած զբոսանքի ժամանակ մեկ անգամ ևս  հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրու քաղաքապետարանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ խնդրելով վարձով բնակարաններ տվող անձանց կապ հաստատել իրենց հետ։

«Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, Գյումրիում անցկացվելիք միջոցառման շրջանակներում սպասվում է մեծ թվով հյուրերի այց Գյումրի: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն գիշերակացի տեղեր՝ բնակարաններ/տներ, խնդրում ենք ամբողջական տեղեկատվություն փոխանցել Գյումրու քաղաքապետարան: Տեղեկատվությունն իր մեջ պետք է ներառի տան տիրոջ հասցեն, հեռախոսահամարը, տրամադրվող մահճակալների քանակը և տան տիրոջ կողմից առաջարկվող վարձի չափը մեկ գիշերվա դիմաց», –գրված էր քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Որպես վերջնաժամկետ՝ քաղաքապետարանը նշել էր օգոստոսի 7-ը։

Լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե լուծվա՞ծ է արդյոք հյուրերի գիշերակացի խնդիրը, ու Գյումրիում եղած հյուրանոցներն ու հյուրատները բավարա՞ր են մեծ քանակությամբ հյուրերի տեղավորելու համար։

«Կազմակերպիչը ես չեմ, բայց աշխատում եմ իրենց հետ, ինձ թվում է մեր քաղաքը շատ լուրջ մասնակցություն կունենա։ Ծրագիրը մոտավորապես ունենք, բայց ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ թվաքանակով հյուրեր ենք ունենալու․15-20 հազար են ասում։

Հիմա, մենք շատ մեծ տեմպերով Սայաթ-Նովա փողոցն ենք վերականգնում, վերականգնում ենք Տիգրան Մեծը,որպեսզի կայանատեղի լինի։ Տերյան փողոցն ենք ընդունել որպես կայանատեղի, Շահումյան փողոցը, որովհետև մեծ քանակությամբ մեքենաներ են գալիս։ 15, 20 հազար թվով հյուրերի ընդունելն աննախադեպ է, և մենք կփորձենք այս փորձությունը անցնել ու հասկանալ՝ Գյումրին քանի՞ հյուրերի կարող է ընդունել, ասենք մեկ օր գան ու հետ գնան, չեմ ասում մնան, որովհետև գիտեք հյուրանոցների խնդիր էլ ունենք մենք», -ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031