Թատերական-պարային ուղղություն համարվող ժամանակակից պարը (բալետ, մոդեռն ու ջազային ոճեր եւ այլն), որը զարգացում է ապրել XX դարի կեսերին, հասնելով մեր ժամանակները, դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար: Ժամանակակից պարի դեպքում, ինչպես մասնագետներն են հավաստիացնում, կարեւոր են բալետից ուժեղ եւ հստակ ոտքի աշխատանքը, մոդեռն պարերի դեպքում՝ մեջքի ձգվածությունը, իմպրովիզացիան …
Ժամանակակից պարերը վերջին շրջանում գերիշխում են նաեւ Հայաստանում, ինչի վկայությունն են մեզ մոտ անցկացվող միջազգային մրցույթները: Պարային տարբեր ուղղությունների միջոցառումներին մեր երկիր են այցելել ճանաչված այնպիսի անուններ, ինչպիսիք են Lilu-ն (Ֆրանսիա), Cico-ն (Իտալիա), Roxrite-ն (ԱՄՆ), Jamal-ը (ՌԴ), Uzi Rock-ը (Ուկրաինա) եւ այլք: Հիշյալ մասնագետները հանրահայտ են բրեյք-դանս ոճում եւ, ինչպես ընդունված է, հանդես են գալիս բեմական անվամբ:


Շուրջ տասը տարի բեմական գործունեություն ծավալած երիտասարդի մասին պտտվում են առասպելների հասնող խոսակցություններ: Բայց հեքիաթ չէ այն, որ 25-ամյա պարողը 15 տարեկանում գերազանցությամբ ավարտել է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի պետական համալսարան՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Նա բազմաթիվ տիտղոսների է արժանացել պրոֆեսիոնալ լողի, կարատեի, հունա-հռոմեական ըմբշամարտի, քիք-բոքսինգի մրցումներում, հանդես է եկել նաեւ որպես դիջեյ: Այս կապակցությամբ Էմանուելը ասում է. «Բրեյք-դանս պարի այս ուղղությունն իր մեջ խորհուրդ ունի, ինչը այսօր ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է հայերիս, այն է՝ համերաշխության ու հարգանքի մթնոլորտ: Նշեմ, որ կարիերայիս սկզբում ուսանել եմ դասական պար, հիփ-հոփ, քրամփ, մոդեռն, ջազ… Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ սպորտում անցած ուղուն, նշեմ, օրինակ, առաջին հայացքից ագրեսիա պարունակող քիք-բոքսինգը եւ ըմբշամարտը համատեղել եմ բրեյք-դանսում: Առայժմ հեռակա շփումների մեջ եմ ֆրանսիացի հանրահայտ B-boy Junior-ի հետ, շատ շուտով երջանկություն կունենամ հանդիպել նրան…»:

Նկատեցինք, որ իր ընտանիքի որոշ անդամներ առաջին մասնագիտությունը «դնում են մի կողմ»՝ ներկայանալով արվեստի ոլորտում, օրինակ, հայրը մասնագիտությամբ իրավաբան Արիստակես Սիսակյանը (Արիս) ճանաչված երգիչ է, քույրը՝ Աննան, մասնագիտությամբ դարձյալ իրավաբան է, սակայն հանդես է գալիս որպես դաշնակահար:
Հետաքրքրվեցինք, գուցե մի օր իրեն տեսնենք միջազգայնագետի կարգավիճակո՞ւմ: Ի պատասխան՝ Էմանուելն ասաց. «Բրեյք-դանս պարողի ստեղծագործական ուղին տասնամյակներ չի կարող ձգվել, բայց այս պահին զբաղվածությունս թույլ չի տալիս մտածել այդ մասին…»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019


















































